Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք1>>-ից
<<... առաջնորդվելով <<Համադրման մեթոդ>>-ով` կարելի է պարզել նաև, թե ով է եղել թշնամիների առաջնորդը` Մովսես Խորենացու հիշատակած <<Բել>>-ը: Այսպես, ինչպես երևում է միջագետքյան սեպագրերի ուսումնասիրություններից, Միջագետքի քաղաք-պետությունների միջև մոտ 200 տարի տևած հյուծիչ պատերազմները մ.թ.ա. մոտ 2500 թ-ին այնքան թուլացրին դրանք, որ համաձայն <<Նիպպուրյան արքայական ցանկ>> անունով պահպանված արձանագրության, այդ ժամանակ. <<Ուրը հաղթվեց և գահը տեղափոխվեց Ավան (Էլամի մայրաքաղաքը – Մ.Հ.)>>: Դրանից հետո որոշ ժամանակ Միջագետքում (առնվազն Քիշում, Լագաշում, Ադաբում և Ումմայում) գերիշխեց Էլամը, որի արքան այդ ժամանակ, համաձայն Լագաշում և Ադաբում գտնված մի քանի իրերի վրա արված մակագրությունների, Մեսիլիմն էր, և որը կրում էր նաև Քիշ քաղաքի լուգալի (այդ ժամանակաշրջանում` քաղաքի ավագանու կողմից ընտրվող կառավարիչ-զորավար) տիտղոսը: Պարզ է դառնում, որ հենց միջագետքյան քաղաքների այս երկարատև և ավերիչ պատերազմների արձագանքներն են, որ պահպանվել են Խորենացու (Գիրք 1, գլուխ 10) մոտ (<<… այն ժամանակ ամեն մի մարդ խելագարված սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու>>), և դրան հաջորդած պատմության մեջ հայտնի Միջագետքյան քաղաքների քիչ թե շատ կայուն առաջին միավորումն իրականացրած Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմի գործունեությունն է, որ Մովսես Խորենացու կողմից ընկալվել է որպես. <<… և Բելին պատահմամբ հաջողվում է բռնանալ և բոլոր երկրները գրավել>>: Այս սխեմայում լիովին տեղավորվում են նաև Հայկ Նահապետի գործողությունները, որը չհամակերպվեց այս ամենի հետ, և նոր արքայի <<աշխարհանվաճ>> նկրտումները, որը ցանկացավ հնազանդեցնել նաև Հայկին ու նվաճել նրա երկիրը: Ինչ վերաբերվում է հիշատակվող Բաբելոն քաղաքին, որն արձանագրություններում առաջին անգամ հիշատակվում է այս դեպքերից միայն մոտ 200 տարի հետո, այն էլ որպես միայն երկրորդական մի քաղաք, ապա դա ամենայն հավանականությամբ կարելի է բացատրել նրանով, որ նախ այն հիշատակված է Աստվածաշնչում և բացի այդ հետագա հազարամյակներում այն Միջագետքի ամենահայտնի քաղաքն էր և պատմիչների կարծիքով ցանկացած Միջագետքյան տիրակալ բնականաբար հենց այն պետք է ունենար որպես իր մայրաքաղաք: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ <<Բել>>-ը իրականում Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմն (մ.թ.ա. մոտ 2500 - ուղ. 2492) է, իսկ նրա` ըստ Խորենացու հետևակ (քանի որ այդ ժամանակ ձին դեռևս չէր օգտագործվում մարտական նպատկներով) բանակը` Էլամի և Միջագետքի քաղաք պետությունների միացյալ բանակը, որը հենց այդ պատճառով էլ իր ժամանակի համար աննախադեպ էր իր մեծությամբ>>:
Էջանիշներ