Գրել է Արտակ Մովսիսյան
26-11-2007
Արարատ երկրանունն Աստվածանչում հիշատակվում է հինգ անգամ: Նախ այն հանդես է գալիս Ծննդոց գրքում (Ը, 4)՝ կապված համաշխարհային ջրհեղեղի պատմության հետ: Թագավորաց Դ (ԺԹ, 37), Տովբիթի (Ա, 24) գրքերում և Եսայու մարգարեությունում (ԼԷ, 38) Արարատ երկիրը հիշվում է որպես Ասորեստանի Սենեքերիմ (Սինախերիբ) արքայի հայրասպան որդիների ապաստանատեղի, իսկ Երեմիայի մարգարեությունում (ԾԱ, 27) նշվում անիրավ Բաբելոնի դեմ պատերազմի կոչվող թագավորությունների շարքում: Աստվածաշնչի թարգմանություններում ու վաղ շրջանի մեկնություններում այն հաճախ փոխարինվում է «Արմենիայով» և «Հայքով», ուստի անկասկած է Արարատ - Հայաստան նույնությունը:
Ջրհեղեղի պատմությունից առաջ Ծննդոց գիրքը (Բ, 8-15) Հայկական լեռնաշխարհում է հիշատակում Եդեմ --Դրախտը (որից ելնող չորս գետերից երկուսը Տիգրիսն ու Եփրատն էին): Այնտեղ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին եբրայեցիների աշխարհածնության պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրև սրբազան վայր, որում արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որում կնքվել է Աստծո ու մարդկության հավիտենական ուխտը:
Դեռևս անցյալ դարում սկզբնավորված սեպագիր աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հին Կտակարանի բազմաթիվ (այդ թվում՝ դրախտի, ջրհեղեղի և այլ) սյուժեները ծագում են հինառաջավորասիական սկզբնաղբյուրներից, ուստի և անսպասելի չէ Արարատ երկրանվան կամ նրա որևէ համարժեքի հիշատակությունը հնագույն սեպագիր արձանագրություններում:
Շումերական սեպագիր աղբյուրներում տեղեկություն- ներ են պահպանվել Ք.ա. III հազարամյակում գոյություն ունեցած Արատտա երկրի մասին: Առաջին իսկ հայացքից գայթակղիչ է նմանությունը Արատտա և Արարատ անունների, մանավանդ, որ Արատտան շումերական աղբյուրներում հայտնի է «սուրբ օրինաց երկիր» պատվանուն-մակդիրով, ինչը համադրելի է հինեբրայական պատկերացումներում Արարատ-Հայաստանի կերպարին: Սակայն անունների նմանությունը որքան էլ գայթակղիչ, կարող է պատահական լինել, ուստի հնարավոր վրիպումներից խուսափելու համար նախ քննության առնենք Արատտա երկրի տեղորոշմանը վերաբերող տվյալները:
«Էնմերքարը և Էնսուխքեշդաննան» վիպերգի համաձայն՝ Արատտայից Շումեր ռազմական արշավանք է իրականացվել «Ուրուկի գետով», որը, բնականաբար, պետք է լիներ Եփրատը: Սկզբնաղբյուրներից հայտնի է Արատտայի բարձր լեռնային երկիր լինելը, իսկ Ուրուկից մինչև Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս / Մասիոն լեռները ձգվող տարածքում ամենաբարձր կետը չի անցնում 1000 մետրից: Հետևաբար Արատտան պետք է փնտրել նշված լեռների և ավելի հյուսիս ընկած լեռնային տարածքում, Եփրատի վերին հոսանքի շրջանում:
Շումերական «Լուգալբանդան լեռների խավարում» և «Լուգալբանդա» վիպերգերում Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվում է Զամուա երկիրը, ինչը ենթադրում է Արատտայի՝ Շումեր - Զամուա գծի շարունակության վրա գտնված լինելը: Զամուա երկիրը գտնվել է Զագրոսի հյուսիսային շրջանում, Ուրմիո լճից հարավ: Այսինքն՝ Արատտան պետք է փնտրել Ուրմիո լճի ավազանում և / կամ հարակից շրջաններում:
Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվում է մի վայր ևս՝ hur-ru-um-kur-ra, որը սկզբնապես վերծանվում էր որպես Խուռում (իմա՝ խուռիների) երկիր, իսկ Ք. Վիլքեն առաջարկեց այն ընթերցել որպես հասարակ անուն՝ «լեռան քարայր» իմաստով: Առաջին մեկնաբանության դեպքում, ելնելով այն հանագամանքից, որ Ք. ա. երրորդ հազարամյակի առաջին կեսին խուռիները պետք է բնակվեին Միջագետքի հյուսիսում և դրանից արևելք ընկած շրջաններում, հավանական է Արատտայի տեղադրությունը Միջագետքից հյուսիս տարածվող լեռնային շրջանում: Բայց քանի որ հնարավոր է hur-ru-um-kur-ra -ի այլ մեկնաբանություն, այս փաստը չենք օգտագործի խնդրի լուծման նպատակով:
Շումերական դյուցազնավեպի «Գիլգամեշն ու անմահության երկիրը» վիպերգում (որը դարձել է «Գիլգամեշ» էպոսի գաղափարասյուժետային սկզբնաղբյուրը) անմահության գաղտնիքին հասնելու համար Արև (շումեր. Ութու) աստվածը Գիլգամեշին շնորհում է «դեպի Արատտա ճանապարհն իմացող» յոթ մոգական էակներ: «Գիլգամեշ» էպոսի խեթական տարբերակում անմահության հասնելու համար Գիլգամեշն իր ընկեր Էնկիդուի հետ գնում է Եփրատի հոսանքն ի վեր, իսկ աքադական (բաբելոնյան) տարբերակում հաղթահարում է Մաշու լեռները, որոնք վաղուց նույնացվել են Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս / Մասիոն լեռների հետ: Ուշագրավ է, որ ինչպես «Գիլգամեշ» էպոսի «անմահության ծաղիկն» է համադրվում Ծննդոց գրքի «կենաց ծառին», այնպես էլ երկու սկզբնաղբյուրներում նույնանում է դրանց գտնվելու վայրը՝ Հայկական լեռնաշխարհ:
Արատտայի հյուսիսային տեղորոշման օգտին է խոսում նաև երկրանվան գրությունը Շ/Սուբուր (Շ/Սուբարտու, Շուբրիա) երկիրը ցույց տվող գաղափարանշանով, որից կարելի է եզրահանգել Արատտա-Սուբուր նույնությանն՝ գոնե տարածքային ընդգրկման առումով, կրկին գալով Արատտայի՝ Հայկական լեռնաշխարհի առնվազն հարավում գտնված լինելու տեսակետին: Նշված փաստարկներից զատ կա անուշադրության մատնված չափազանց կարևոր մի տեղեկություն, որը գալիս է վերջնականապես հաստատելու թե՛ Արատտայի՝ Հայկական լեռնաշխարհում գտնվելը, թե՛ Արատտա-Արարատ նույնականությունը՝ կապվելով համաշխարհային ջրհեղեղի պատմության հետ: Դեռևս 19-րդ դարում վերծանված ջրհեղեղի մասին աքադական բնագիրը («Գիլգամեշ» էպոսի 11-րդ պնակիտ) իր բոլոր մանրամասներով զուգադրվում է Ծննդոց գրքի տեղեկություններին: Ջրհեղեղից փրկված նավը, աքադական ավանդության համաձայն, կանգ է առել Նիմուշ (հին ընթերցմամբ՝ Նիսիր) լեռան վրա, որը գտնվել է Հայաստանի հարավում (ըստ Ծննդոց գրքի,
տապանն իջել է Արարատի լեռներին):
Մեր դարասկզբին գտնվեց նաև վերջինիս սկզբնաղբյուրնախօրինակը հանդիսացող շումերական ջրհեղեղի պատմությունը, որում, թերևս վնասվելու պատճառով, չկար տապանի հանգրավանի անունը: Ջրհեղեղի մասին գրի առնված հնագույն բնագրի այդ բացը լրացնելու է գալիս «Էնմերքարը և Արատտայի տիրակալը» վիպերգում Արատտայի ժողովրդին տրված հետևյալ բնորոշումը. «Նրանք, որ կանգնեցին ջրհեղեղի մեջ, այն ժամանակ, երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան»...
Այս հատվածը լրացնում է ջրհեղեղի մասին շումերական պատմության մեզ չհասած մասը և ամբողջացնում Արատտա երկրի վերաբերյալ մեր պատկերացումը:
Ի մի բերելով տեղեկությունների ամբողջությունը, տեսնում ենք, որ շումերական աղբյուրներում հիշատակված Ք. ա. երրորդ հազարամյակի Արատտան և Աստվածաշնչի Արարատը միևնույն երկրի՝ Հայաստանի հնագույն անվանումներն են շումերական և հին եբրայական աղբյուրներում: Այդ նույնությունը հաստատվում է նաև համաշխարհային ջրհեղեղի մասին միևնույն սկզբնաղբյուրից ծագող շումերական և հին եբրայական ավանդություններում որպես ջրհեղեղից փրկվելու վայր, համապատասխանաբար, Արատտայի և Արարատի հանդես գալը:
Ավելորդ չենք համարում նշելը, որ Արատտա-Արարատ-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան վաղ պատկերացումներում: Երկու տեղում էլ Հայաստանը սրբազան, աստվածաընտրյալ տարածք է, դրախտ, ուր արարվում են մարդկության առաջնեկները, երկուսում էլ աշխարհակործան ջրհեղեղից հետո Հայաստանը դառնում է մարդկության վերածննդի երկիրը, որտեղ կնքվում է Աստծո ու մարդկանց հավիտենական ուխտը, երկուսում էլ Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խորհուրդը (կենաց ծառ և անմահության ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ի դեպ, երկուսում էլ մարդկությունը կորցնում է անմահ լինելու հնարավորությունը օձի միջամտության հետևանքով:
Հետաքրքրական է նաև, որ հնագույն միջագետքյան պատկերացումները անմահության մասին՝ կապված Գիլգամեշի հետ, պահպանվել են Առաջավոր Ասիայում երկար ժամանակ. անմահության որոնման սյուժեում Գիլգամեշին փոխարինում է Ալեքսանդր Մակեդոնացին: Գիլգամեշին «անմահության երկիր» հասնելու համար տրվում են «դեպի Արատտա ճանապարհը ցույց տվող» ուղեցույցներ և նա Եփրատի հոսանքն ի վեր բարձրանալով՝ անցնում է Մաշու լեռներն ու հասնում «անմահության երկիր»: Նույն նպատակին հասնելու համար Ալեքսանդր Մակեդոնացին, ըստ հունական վեպի (գրի առնված Ք. ա. 240թ.), բռնում է «ճանապարհը դեպի Հայոց երկիր», ուր «ակունքներն են Եփրատի ու Տիգրիսի»: Իսկ Ալեքսանդրի մասին սիրիական վեպում նրա ճանապարհին հիշվում է Մասիս անունով լեռնաշղթան: Փաստորեն, հին արևելյան և հելլենիստական վիպական ավանդույթներում Գիլգամեշի ու Ալեքսանդր Մակեդոնացու անմահության որոնումներում «դեպի Արատտա ճանապարհը» փոխարինվում է «դեպի Հայոց երկիր ճանապարհով», Մաշու լեռները՝ Մասիս լեռնաշղթայով, երկու դեպքում էլ հերոսները գնում են դեպի Եփրատի ակունքները: Փաստերն այնքան պերճախոս են, որ մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են:
Վերջում նշենք, որ Արատտա-Արարատ-Հայաստան նույնության ապացույցները այսքանով չեն սպառվում, սակայն ասվածն էլ բավարար է այն հիմանավորելու համար: Այլ փաստերի կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:
Աստվածաշնչի տեղեկությունները Հայաստանի մասին բաժանելի են երկու խմբի՝ նախապատմական (դրախտ, ջրհեղեղ) և պատմական: Այս խմբերին միավորում են Արատտա-Արարատի մասին տեղեկությունները, որոնք կամրջում են Ք. ա. երրորդ հազարամյակի և 6-րդ դարի պատմական իրադարձությունները:
Արտակ Մովսիսյան
ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու
Էջանիշներ