France Telecom-ում ինքնասպանությունների ալիք է բարձրացել
Ֆրանսիական France Telecom ընկերության մոտ 150 աշխատակից բողոքի ցույց է անցկացրել Տրուա քաղաքում՝ այդ կերպ արտահայտելով իրենց վրդովմունքը ընկերության ներսում ծայր առած ինքնասպանությունների ալիքի առնչությամբ:

Արհմիության ղեկավարների կարծիքով՝ ընկերության աշխատակիցների շրջանում ինքնասպանությունների թվի աճը բացատրվում է նրանով, որ ընկերության ղեկավարությունը չի օգնում իր աշխատակիցներին հաղթահարել ընկերության վերակառուցման պատճառով առաջացած սթրեսը:

Ակցիայի անցկացման համար առիթ էր հանդիսացել տեղեկությունը, որ սեպտեմբերի 9-ին Տրուայում ինքնասպանության փորձ է արել France Telecom-ի 49-ամյա ծառայողը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տղամարդն իմացել է, որ իր պաշտոնն իջեցրել են: Ներկայում նա հիվանդանոցում է, որտեղ բուժման կուրս է անցնում:

Արհմիության տվյալով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում ինքնասպանություն է գործել ընկերության 22 աշխատակից:

Օրինակ՝ վերջերս ընկերության Մարսելի մասնաճյուղի 51-ամյա աշխատակիցը սեփական կյանքը վերջ տալուց առաջ գրություն էր թողել, որում ասվում է. «Ես որոշել եմ վերջ տալ կյանքիս France Telecom-ում իմ աշխատանքի պատճառով: Դա միակ պատճառն է»:

Վերջին 15 տարիներին France Telecom-ն աստիճանաբար անցել է կառավարման ամերիկյան ոճին՝ կրճատելով անձնակազմը: Դա ընկերության աշխատակիցներին սթրեսի է հասցնում, որը նրանք չեն կարողանում հաղթահարել:

France Telecom-ի կադրերի բաժինը նույնիսկ ուսուցման ծրագիր է սկսել, որն ընկերության 20 հազար մենեջերին սովորեցնելու է ճանաչել պոտենցիալ մարդասպաններին:
www.tert.am
բա՞