ivy
Ինչո՞ւ Բյուրակնը դարձավ StrangeLittleGirl :
StrangeLittleGirl
Ինձ համար տխուր է անունիցս հրաժարվել, բայց այդ ժամանակ ստիպված էի: Ուղղակի անունս շատ հազվագյուտ է. ով տեսնում է, անմիջապես իմանում է, թե ով եմ, հետո էլ ծնողներիս չգիտեմ ինչեր է հաղորդում: Մականունս փոխելն ինչ-որ տեղ տաքնվելու համար էր, որ առաջին հայացքից ինձ չմատնեմ:
ivy
Իսկ ինչո՞ւ հենց StrangeLittleGirl: Դու իրականում տարօրինակ, փոքրիկ աղջի՞կ ես:
StrangeLittleGirl
Դա իմ ամենահին նիկն է: Առաջին անգամ 6 տարի առաջ այդ անունով եմ մի ֆորումում գրանցվել: Տորի Ամոսն այն անունով երգ ունի: Հա, տարօրինակ, փոքրիկ աղջիկ եմ:
ivy
Կարո՞ղ ես ասել, որ ճանաչում ես ինքդ քեզ:
StrangeLittleGirl
Չէ, անընդհատ նոր բաներ եմ հայտնաբերում: Մի բան հաստատ կարող եմ ասել՝ ինձ ավելի լավ գիտեմ, քան բոլոր մարդիկ:
ivy
Վերջերս նոր բաներ հայտնաբերե՞լ ես քո մասին:
StrangeLittleGirl
Հա, շաաաաաատ: Վերջերս ավելի շատ եմ հայտնաբերել, քան մնացած տարիների ընթացքում:
ivy
Ինչե՞ր ես հայտնաբերել:
StrangeLittleGirl
Հայտնաբերել եմ, որ երբ որևէ բան իմ շահերից է բխում, կարող եմ անչափ համառ լինել: Ես ինձ մինչև հիմա չափից դուրս ծույլ էի համարում, բայց հայտնաբերել եմ, որ բավականին աշխատասեր եմ, երբ ինձ հետաքրքրող գործով եմ զբաղվում: Նկատել եմ նաև, որ կարողանում եմ հեշտությամբ «ոչ» ասել: Էլի շատ ու շատ ուրիշ բաներ եմ հայտնաբերել:
ivy
Ասացիր՝ ուրիշները քեզ այնքան էլ լավ չգիտեն, այսինքն՝ դու այն չե՞ս, ինչ թվում ես:
StrangeLittleGirl
Չէ, հարցը դա չէ: Ուղղակի հաճախ մարդիկ ինձ ուզում են ընկալել ոչ թե այնպիսին, ինչպիսին կամ, այլ այնպիսին, ինչպիսին իրենք են պատկերացնում, ինչպիսին իրենք են ուզում: Դրա համար էլ չեն կարողանում լավ ընկալել: Բայց կան նաև այնպիսիք, որ փորձում են հենց իսկական Բյուրին տեսնել, և դա նրանց ինչ-որ չափով հաջողվում է:
ivy
Իսկ ինչպիսի՞ն է իսկական Բյուրը:
StrangeLittleGirl
Չեմ ուզում այս հարցին կոնկրետ պատասխան տալ: Մարդու իսկական ես-ը, ով էլ լինի, չես կարող մի քանի բառով նկարագրել: Իսկ ես հիմա ինչ էլ ասեմ, նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն ուզում իսկական Բյուրին տեսնել, չեն հավատալու: Իսկ նրանց համար, ովքեր ուզում են տեսնել, կարիք չկա ասելու. առանց այդ էլ տեսնում են:
ivy
Կարո՞ղ ես քեզ տեսնել ուրիշի աչքերով, այսինքն՝ լա՞վ գիտես, թե ով ինչ կարծիքի է քո մասին:
StrangeLittleGirl
Հա, եթե հանգիստ ու սառն եմ, շատ լավ տեսնում եմ ինձ ուրիշի աչքերով: Բայց այդ ուրիշներն էլ կարող են տարբեր լինել: Բոլոր ուրիշների աչքերով տեսնելը, իհարկե, հնարավոր չէ: Երբեմն մարդու դեմքի մի արտահայտությունը բավական է լինում, որ հասկանամ, թե նա իրականում ինչ կարծիք ունի իմ մասին, և հետո պարզվում է, որ չեմ սխալվում: Բայց երբեմն էլ այնքան սխալ պատկերացումներ եմ կազմում, որ հետո ամաչում եմ: Ամեն դեպքում, դժվարանում եմ ասել, երբ մարդը լռում է, բայց երբ ինչ-որ կարծիք է հայտնում, շատ լավ տարբերում եմ կեղծիքն իսկականից:
ivy
Կուզենայի՞ր մարդիկ քեզ այնպես վերաբերվեին, ինպես դու ես նրանց վերաբերվում:
StrangeLittleGirl
Ես մազոխիստ չեմ:
ivy
Քեզ համար հե՞շտ է ընդունել սեփական սխալներդ:
StrangeLittleGirl
Հա: Քանի որ ես շատ դյուրաբորբոք եմ, տաքացած որոշումներ շատ եմ ընդունում, որոնցից շատերը սխալ են լինում: Եթե հասկանում եմ, որ դա սխալ է, հեշտությամբ ընդունում եմ, բայց երբ ուրիշներն են փորձում ինձ համոզել, թե սխալ եմ թույլ տվել, անկախ նրանից, համաձայն եմ, թե չէ՝ երբևէ չեմ ընդունի:
ivy
Իսկ սխալներդ ընդունելուց հետո ինչ-որ բան անո՞ւմ ես դրանք շտկելու համար:
StrangeLittleGirl
Սխալները՝ դրանք թույլ տալուց հետո, շտկելն անհնար է. փորձում եմ հնարավորինս շտկել հետևանքները:
ivy
Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում ուրիշների սխալներին, ներողամի՞տ ես:
StrangeLittleGirl
Շաաաաատ ներողամիտ եմ. մարդկանց շատ շուտ եմ ներում: Մեկ-մեկ լինում է, երբ ես ներում եմ, իսկ նրանք չեն տեսնում, չեն հասկանում իրենց սխալները:
ivy
Ինքդ քեզ հետ կռիվներ անո՞ւմ ես:
StrangeLittleGirl
Ահավոր շատ:
ivy
Կպատմե՞ս վերջին կռիվներից մեկը:
StrangeLittleGirl
Արդյունքի հասած կռիվները սովորաբար ստեղծագործություններ են դառնում, իսկ մյուսները մոռացվում-գնում են: Չեմ ուզում պատմել վերջին կռիվս, որովհետև այն դեռևս կիսատ ստեղծագործություն է:
ivy
Ստեղծագործություններումդ որքանո՞վ է բացահայտվում քո ես-ը:
StrangeLittleGirl
Որքանով ընդհանրապես հնարավոր է բացահայտել որևէ մեկի ես-ը:
ivy
Ի՞նչ ապրումներ ես ունենում ստեղծագործելիս:
StrangeLittleGirl
Թեթևանում եմ: Օրինակ՝ անցյալ գիշեր ընդհանրապես չէի կարողանում քնել: Հենց վեր կացա, մի քանի տող գրեցի, քնեցի:
ivy
Իսկ քո կարծիքով ի՞նչ ապրումներ է ունենում ընթերցողը քո գործերը կարդալիս:
StrangeLittleGirl
Դա կախված է նրանից, թե որքան է ինձ ճանաչում: Եթե լրիվ անծանոթ է, ապա ապրումներ ենթադրաբար կունենա միայն այն դեպքում, երբ որևէ հարազատ բան գտնի: Իսկ եթե ինձ ծանոթ մարդիկ են, հատկապես՝ մտերիմներ, ապա կփորձեն ամեն կերպ հասկանալ, թե ով ով է: Հետո էլ, երևակայականը իսկականից չտարբերելով, կընկնեն դեպրեսիայի մեջ:
ivy
Ինչո՞ւ հենց դեպրեսիայի մեջ:
StrangeLittleGirl
Ուղղակի ես կոնկրետ դեպք հիշեցի: Ընկերուհիս, որը խրոնիկական դեպրեսիա ունի, և ծանր ապրումները նրան հակացուցված են, կարդացել էր իմ պատմվածքներից մեկը, որի արդյունքում գրեթե բուժված դեպրեսիան նորից սրացել էր:
ivy
Ո՞րն է քեզ մոտ ամենահաճախ առաջացող զգացմունքը:
StrangeLittleGirl
Նայած, թե երբ: Այս վերջին ամիսներին՝ սեր, սեր, սեր: Դրա կողքին երբեմն՝ զայրույթ, զայրույթ, զայրույթ:
ivy
Ի՞նչ կամ ո՞ւմ ես սիրում, և ինչի՞ց ես զայրանում:
StrangeLittleGirl
Լավ հարց էր: Ես էլ եմ այդ հարցն ինձ հաճախ տալիս: Կոնկրետ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին չեմ սիրում: Ուղղակի համընդհանուր սեր է՝ ինձ շրջապատող միկրոաշխարհի նկատմամբ: Զայրանում եմ, երբ ինչ-որ բան խոչընդոտում է այդ սիրելուն:
ivy
Իսկ միկրոշխարհը փոխադարձ զգացմունքնե՞ր ունի քո հանդեպ:
StrangeLittleGirl
Հաաաաաաաա:
ivy
Ինչո՞ւ ես այդպես համոզված:
StrangeLittleGirl
Գիտե՞ս ոնց է: Դա սկսվեց փետրվարից: Ես սկսեցի սիրել շատ փոքր բան, հետո այդ փոքրը մի քիչ պատասխանեց, հետո ես դրա վրա ավելացրեցի, հետո նա՝ միկրոաշխարհը, մի փոքր էլ ավելացրեց, ու այդպես իրար վրա դնելով՝ մեծացնոմ ենք այդ սերը: Որպեսզի պարզ լինի, բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ «միկրոաշխարհ» ասելով: Դա իմ տունն է, ընտանիքը, ընկերներս, դասերս, համալսարանը:
ivy
Կա՞ մի բան, ինչը շատ պակասում է քո կյանքում:
StrangeLittleGirl
Չէ, շատ պակասող բաներ չկան: Ավելի շուտ, մանր-մունր բաներ են, առանց որոնց էլ ամեն ինչ շատ լավ է... Հա հիշեցի՝ ժամանակը:
ivy
Իսկ ո՞րն է այն լավը, որ կա քո կյանքում:
StrangeLittleGirl
Շատ-շատ է: Գուցե ինչ-որ տեղ ես նախանձելի մարդ եմ, որովհետև շատ բան ունեմ: Օրինակ՝ հրաշալի ընտանիք ունեմ, որի ամեն մի անդամը յուրահատուկ դեմք է, իր ոլորտում՝ վարպետ: Ի տարբերություն շատերի՝ գիտեմ, թե ինչ մասնագետ եմ ուզում դառնալ, ու գժի պես սիրում եմ մասնագիտությունս: Լավ է և այն, որ ունակություններս միջինից բարձր են:
ivy
Անցյալի հանդեպ կարոտ ունենո՞ւմ ես:
StrangeLittleGirl
Առաջ ունենում էի, հիմա ընդհանրապես չեմ ունենում: Ուզում եմ վայելել ներկայիս ամեն մի վայրկյանը:
ivy
Սիրո՞ւմ ես այսօրվա Բյուրակնին:
StrangeLittleGirl
Հա. կատարյալ չէ, հենց դրա համար էլ սիրում եմ:
ivy
Իսկ Բյուրակնը սիրո՞ւմ է այսօրվա իր կյանքը:
StrangeLittleGirl
Հաաաաաաաա:
ivy
Եթե քո մասին ֆիլմ նկարվեր, ծանոթներիցդ ո՞վ կարող էր խաղալ «Բյուրակն»-ի դերում:
StrangeLittleGirl
Դու: Որովհետև դու փորձում ես տեսնել իսկական Բյուրակնին:
ivy
Իսկ եթե գիրք գրվեր քո մասին, ի՞նչ կլիներ վերնագիրը:
StrangeLittleGirl
«Տարօրինակ փոքրիկ աղջիկ»
Էջանիշներ