User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

    Քանի որ հեքիաթս շատ երկար է, ու նախատեսում եմ մաս–մաս տեղադրել, որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի առանձին թեմա բացել, որպեսզի եթե ընթացքում «Հեքիաթներ մեծահասակների համար» թեմայում ուրիշ հեքիաթներ դրվեն, չխառնվի դրանց հետ։ Եթե մինչև վերջին մասի տեղադրումը այն թեմայում ոչ ոք ստեղծագործություն տեղադրած չլինի, կտեղափոխեմ այնտեղ։

    ԱՆՀԱՅՏ ԴԵՊՔԵՐ ՀԱՅՏՆԻ ՀԵՔԻԱԹԱՍՏՂԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
    (հեքիաթ)

    * * *
    Բոլորիս էլ, անշուշտ, քաջ ծանոթ են Կարմիր Գլխարկը, Մոխրոտիկը, Անխելք մարդը, Գնդլիկ բոքոնիկը և այլ հեքիաթաստղեր։ Մենք գիտենք նրանց կյանքից որոշ դրվագներ, կարելի է ասել ամենակարևորներն ու ճակատագրականները, բայց, ինչպես բոլոր անձանց, այնպես էլ վերոնշյալ աստղերի կյանքում, բացի մեզ հայտնի իրադարձություններից, եղել են նաև մեզ բոլորովին անհայտ, որոշ դեպքերում՝ նունիսկ անհավատալի, բայց բնավ ոչ պակաս էական մի շարք դեպքեր ու անցքեր, որոնք էլ հաճախ նշանակալից դեր են ունեցել մեզ արդեն հայտնի դեպքերի զարգացման հարցում... Ինչևէ, սկսենք մեր պատմությունը...



    Մոխրոտը հինգ տարեկան էր, երբ մայրը մահացավ։ Հայրը պաշտում էր կնոջը, և նրա մահից հետո ոչ մի կերպ չէր կարողանում ուշքի գալ... Մինուճար դուստրն էլ թարսի պես ապշեցուցիչ կերպով նման էր մորը. նրա պես շեկ, ալիքաձև վարսեր ուներ, կապույտ, խորունկ աչքեր ու ձյունասպիտակ մաշկ։ Եվ դստերը նայելիս հայրն ակամա կնոջն էր տեսնում նրա մեջ ու ամեն անգամ, գիտակցելով, որ նա այլևս չկա, սաստիկ տառապում էր։ Եվ քանի որ կինը մահացել էր դժբախտ պատահարից, դստերը երբեք դուրս չէր թողնում՝ փորձելով նրան հեռու պահել դաժան ու վտանգներով լի աշխարհից...

    Տարիներն անցնում էին, իսկ Մոխրոտն իրենց տանից դուրս ոտք դրած չկար, երկար ժամանակ իսկի պատկերացում էլ չուներ, որ իրենց տան ցանկապատից այն կողմ էլ աշխարհ կա։ Նրա համար աշխարհը սահմանափակվում էր իր հորով, շարունակ իրար հաջորդող աղախիններով, որոնցից և ոչ մեկը մի ամսից ավել չէր մնում, քանի որ խղճալով ուրախ մանկությունից զրկված ու տանը փակված աղջնակին՝ հակառակ նրա հոր սահմանած խստագույն արգելքներին՝ նրանք ամեն կերպ փորձում էին Մոխրոտին հաղորդակից դարձնել արտաքին աշխարհին։ Իսկ հայրը, տեղեկանալով դրա մասին՝ տեղնուտեղը վռնդում էր իր դստերը վտանգի ենթարկած հանդուգն սպասուհուն։

    Օրերից մի օր էլ Հայաստանի կորած–մոլորած գյուղերից մեկից Վաղո անունով մի երիտասարդ եկավ նրանց կողմերը՝ խոպան։ Հայաստանում ինչքան էլ աշխատում էր, քափ ու քրտինք էր թափում, ստացածը հազիվ ցամաք հացին էր բավարարում, և նա արդեն քանի տարի էր՝ մտածում էր Գերմանիա մեկնելու մասին։ Ինչո՞ւ հենց Գերմանիա։ Որովհետև լեգենդներ էր լսել գերմանական ճշտապահության ու պարտաճանաչության մասին, ու համոզված էր, որ իր նման աշխատավոր մարդն այնտեղ հաստատ սոված չի մնա։ Սակայն անկողնային հիվանդ մայր ուներ, որին ոչ կարող էր հետը Գերմանիա տանել, ոչ էլ մենակ թողնել–գնալ։ Եվ խեղճ կինն այդպես էլ կարգին բուժում չստանալով՝ մահացել էր լիակատար թշվառության մեջ։
    Վերջինս՝ որպես հայրենասեր ու ավանդապաշտ հայուհի, հոգին Աստծուն ավանդելուց առաջ հասցրել էր որդուց խոստում պոկել, որ ուր էլ գնա, ինչ երկրում էլ բախտ որոնելիս լինի, օտարազգի աղջիկ հարս չի առնի։ «Իմացի՛, Վաղո՛, հորդ գերեզմանը վկա, դագաղիս մեջ շուռ կգամ, թե նման բան էն աշխարհում ականջիս հասնի...»։ Այս խոսքերն ասելով էլ հավերժ փակել էր հիվանդությունից նվաղած աչքերը...

    Վաղոն թակեց առաջին պատահած տան դուռը, որպեսզի իր ծառայություններն առաջարկի տանտիրոջը։ Իսկ առաջին պատահած դուռը ոչ էս կողմ, ոչ էն կողմ՝ հենց Մոխրոտենցն էր։ Ընդհանրապես հարևաններն ու ծանոթները, իմանալով Մոխրոտի հոր բզիկների մասին, գրեթե երբեք չէին այցելում նրանց, այնպես որ նրանց դուռը ծեծողը կամ սպասուհին պիտի լիներ, կամ մոտերքով անցնող ինչ–որ վաճառական, կամ էլ որևէ անտեղյակ օտարական։ Վաղոն, բնականաբար, հենց վերջիններից էր...

    Մոխրոտի հոր անբարյացակամ ու կասկածամիտ հայացքին բախվելով՝ սկզբում Վաղոյի լեզուն կապ ընկավ, կարծես մոռացավ ասելիքը, բայց Մոխրոտի հայրը նրա դեմքի ազնիվ արտահայտությունից անմիջապես հասկացավ, որ այս մարդուց վտանգ սպասել չարժե, և համապատասխանաբար փոխելով դեմքի արտահայտությունը՝ արդեն բավական բարեհամբույր տոնով հարցրեց, թե ինչ է ուզում օտարականը։ Վաղոն էլ իրեն հավաքեց ու իրար հետևից թվարկեց այն բոլոր աշխատանքները, որոնց ինքը տիրապետում էր, նույնիսկ գրպանից հանեց ծալած–պահած ռեզյումեն ու ներկայացրեց Մոխրոտի հորը։ Աշխատանքային փորձը բավական պատկառելի էր. վեց տարվա քաղհանության փորձ, տասը տարվա չոբանության փորձ, ընդ որում՝ երկպրոֆիլ՝ կովարածության ու գառնարածության, հինգ տարվա փայտահատության փորձ և, վերջապես, խոտադիզության ութ տարվա փորձ։ Մոխրոտի հայրը խորապես տպավորված ու միաժամանակ զարմացած էր երիտասարդի բազմատաղանդությունից։ Դեռ չէր հանդիպել այսքան բազմակողմանի զարգացած աշխատավորի. իրենց մոտ մարդիկ սովորաբար մի ուղղությամբ էին մասնագիտանում, ու թեև, ասենք, գառնարածն իսկապես արհեստավարժ գառնարած էր լինում, բայց, օրինակ, կովարածությունից բացարձակապես գլուխ չէր հանի, և դա միանգամայն բնական ու հասկանալի էր նեղ մասնագիտացման հակված նրանց հասարակությունում։ Հետևաբար պարզ էր, որ անհայտ երկրից ու է՛լ ավելի անհայտ գյուղից ժամանած այս բազմաշնորհ երիտասարդը պետք է որ իսկապես անգնահատելի գտածո լիներ պարոնի համար։

    Այսպես Վաղոն հենց նույն օրն էլ աշխատանքի անցավ Մոխրոտենց մոտ։ Աշխատավարձը գոհացուցիչ էր. մի քանի տարի աշխատելուց հետո կարող էր հանգիստ խղճով հայրենիք վերադառնալ, կուտակած փողով սեփական գործ սկսել, տուն–տեղ դնել, ամուսնանալ ու երջանիկ ապրել։ Ահա սա էր Վաղոյի վաղեմի երազանքը, որի իրականացման հիմքը կարծես թե արդեն դրվել էր։

    Վաղոն ամեն օր քրտնաջան աշխատում էր գոմում, ցախանոցում, այգում՝ գործի դնելով իր բազում տաղանդները, և միայն ուշ երեկոյան, երբ բոլորն արդեն քնած էին լինում, մտնում էր տուն, հոգնած–ջարդված մի կերպ նետվում իրեն հատկացված սենյակը ու քնում մինչև արևածագ։ Ծեգին տնից դուրս էր գալիս՝ իր հետ տանելով հացն ու ջուրը, որպեսզի դրանք բերելու վրա իզուր ժամանակ չծախսի։ Երևի կարիք չկա ասելու, որ նրա՝ տանից դուրս գալու ժամանակ դեռ բոլորը քնած էին լինում։

    Հերթական սպասուհին արդեն երեք ամիս էր, ինչ աշխատում էր. այս մեկն աննախադեպ երկար էր դիմացել իր «պատշոնում» այն պարզ պատճառով, որ ոչ մի անգամ չէր փորձել Մոխրոտին որևէ արգելված բանի մեջ ներքաշել և սուսուփուս միայն իր գործն էր արել։ Իսկ Մոխրոտն արդեն տասնհինգ տարեկան էր...

    Մի անգամ էլ Վաղոն չգիտես ոնց էր հաշվարկել, որ օրվա կեսին ջուրը վերջացել էր... Ինքն էլ առանց երկար–բարակ մտածելու մտավ տուն, որ խոհանոցից ջուր վերցնի։ Սպասուհին գլուխը կախ իր գործն էր անում, Մոխրոտն էլ, նրանից ոչ հեռու նստած, ասեղնագործում էր։ Մեկ էլ Վաղոն առանց դուռը ծեծելու հայավարի ներս ընկավ՝ քրտնած, շնչակտուր... Մոխրոտն, օտար տղամարդ տեսնելով, վախից վեր թռավ, աչքերը լայն բացեց ու ասեղը ձեռքից գցեց... Մինչ այդ կյանքում ընդամենը մի տղամարդ էր տեսել՝ իր հորը, որը բարձրահասակ էր, նիհար, սպիտակ, թեթևակի կարմրավուն երանգի մաշկով, կարճ կտրած շեկ մազերով, որոնցից մի տեսակ խստության հոտ էր գալիս, խորը նստած մանր կապույտ աչքերով, որոնք ճշգրտությամբ կարծես սկան էին անում իրենց առջև հայտնված բացարձակապես ամեն ինչ։ Բարակ ու սեղմված շուրթերն իրենց հերթին կարծես զգուշացնում ու հիշեցնում էին, որ նրա հետ գործ բռնելիս սխալվել չի կարելի։

    Վաղոն նրա հակապատկերն էր. թխամաշկ էր, գրեթե ցածրահասակ, գեր չէր, բայց նիհար լինելուց էլ կարգին հեռու է։ Խոշոր, թախծոտ սև աչքերը, թեև այդ պահին հոգնածություն էին արտահայտում, բայց միաժամանակ հուշում էին, որ պետք եղած դեպքում իրենք կարող են վառվել բուռն կրքով։ Սև մազերըն ու թավ բեղերի տակից երևացող հաստ ու լիքը շուրթերը հաջողությամբ ներդաշնակում էին հայացքի հետ։

    Վաղոն էլ իր հերթին զարմանքից քար կտրեց՝ տեսնելով Մոխրոտին... Մինչ այդ գաղափար անգամ չուներ իր գործատուի ընտանեկան կազմի մասին, առավել ևս՝ մտքով չէր անցնում, որ նրա պես չոր ու ցամաք մարդը կարող է այսքան նրբագեղ ու քնքուշ դուստր ունենալ։

    Այդ օրը Վաղոն սովորականից ավելի վատ աշխատեց. չքնաղ աղջնակի պատկերը չէր հեռանում մտքից... Անընդհատ փորձում էր վանել «սխալ» մտքերը, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում։ Նույնիսկ գիշերը գրեթե աչք չկպցրեց։
    Մոխրոտին էլ էր ինչ–որ տարօրինակ զգացողություն համակել, որից ինքն էլ գլուխ չէր հանում... Մի տեսակ անծանոթ խուտուտ էր մտել սիրտը։ «Երևի հիվանդանում եմ»,– ինքն իրեն որոշեց նա։ Դե, մի ձևով պիտի բացատրե՞ր իր այդ անսովոր հոգեվիճակը, թե՞ ոչ։ Անորոշություն չէր սիրում։

    Հաջորդ օրը երկուսն էլանցան իրենց բնականոն կյանքին, համենայնդեպս, փորձեցին։ Մոխրոտն անընդհատ ջանում էր իր միօրինակ ու մինչև վերջին մանրուքը կանոնակարգված կյանքում տեղավորել չգիտես որտեղից հայտնված այս օտարականին։ Նրա նեղլիկ կյանքում ամեն ինչ տեղավորված էր իր դարակի մեջ, իսկ Վաղոն դարակներից ոչ մեկում չէր տեղավորվում, քանի որ դատարկ դարակ պարզապես չկար...

    Իսկ Վաղոյի գլխում երեք հոգի էին պտտվում. մի կողմից գերմանուհի օրիորդն էր՝ իր ողջ նրբագեղությամբ, մյուս կողմից՝ նրա խստաբարո հայրը, և, վերջապես իր հանգուցյալ մայրը՝ իր չարաբաստիկ վերջին պատգամով...
    «Ոչինչ,– մտածեց Վաղոն,– ամիսը կլրանա, փողս կստանամ ու կգնամ էստեղից... Ինչպես ասում են՝ շառից, փորձանքից հեռու...»,– ու խաչակնքվեց։ «Բայց ախր ես օրավարձով եմ աշխատում... կարող եմ հենց վաղն էլ հեռանալ։ Չէ... էդպես պարոնը մի բան կկասկածի, ինչու՞ իզուր առիթ տամ, որ չեղած տեղից ինչ–որ բան կասկածի։ Կասեմ, որ մի ուրիշ տեղ ավելի շահավետ գործ եմ գտել, ամիսը լրանալուն պես գնում եմ։ Վերջացավ–գնաց։ Բայց մի րոպե... Բա որ առաջակի աշխատավարձս բարձրացնե՞լ... Ի՞նչ պիտի ասեմ էդ դեպքում... Չէ, ախպեր, չկպավ... Բանս բուրդ է... Ավելի լավ է՝ ամեն ինչ թողնեմ էնպես, ինչպես կա։ Ինչ լինելու է՝ կլինի...»։ Եվ իր այս որոշումից ուրախացած ու թեթևացած՝ Վաղոն անցավ գործի։ Այդ օրը սովորականից ավելի տքնաջան աշխատեց, բայց ինչ–որ ներքին անբացատրելի մղումով սովորականից ավելի շուտ գնաց քնելու։ Տուն մտնելուն պես տեսավ, թե ինչպես է Մոխրոտն աստիճաններով բարձրանում երկրորդ հարկ։ Մոխրոտն էլ, քանի որ չգիտեր, որ տղամարդկանցից հարկավոր է ամաչել, միաժամանակ անտարբեր ձևանալ ու իրեն թանկացնել (դե, որտեղի՞ց իմանար խեղճը), զարմացած հայացքը Վաղոյին հառած՝ դանդաղ քայլերով բարձրանում էր... Հետո Վաղոն տեսավ, թե նա ինչպես բացեց ձախ թևի վրա գտնվող դուռը և կորավ դրա հետևում...

    Այնուհետև երիտասարդը հանկարծակի սթափվեց ու մտավ առաջին հարկում գտնվող իր սենյակը։ Ամբողջ գիշեր երազում տեսավ վերևի հարկի այն դուռը և այնտեղից նազանքով դուրս եկող Մոխրոտին։ Առավոտյան հաստատ որոշում կայացրեց հեռանալու։ Բայց երբ եկավ պարոնի հետ խոսելու ժամանակը, ինքն էլ չնկատեց, թե ոնց խոսակցությունը լրիվ ուրիշ ուղղությամբ տարավ ու էդպես էլ ոչինչ չասաց։ Իսկ ուշ երեկոյան, երբ արդեն պետք է գնար քնելու, համանման ձևով չնկատեց, թե ինչպես իր սենյակի դուռը բացելու փոխարեն բացեց Մոխրոտի սենյակի դուռը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.04.2013), Արեն (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Կաթիլ (15.12.2009), Ֆոտոն (01.12.2009)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Առավոտյան աչքերը բացեց ու իրեն գտնելով Մոխրոտի անկողնում՝ քիչ մնաց կաթվածահար լիներ։ Մոխրոտը դեռ մուշիկ–մուշիկ քնած էր։ «Աստվա՜ծ իմ, իսկական խելագար եմ »,– հանկարծակի վեր թռչելով՝ ինքնիրեն ասաց Վաղոն ու արագ–արագ հագնվելով՝ դուրս թռավ սենյակից։
    Ոչ մի կերպ չէր կարողանում ուշքի գալ իր արածից։ Նույնիսկ աշխատանքը չէր փրկում։ Այդ օրը, իր գործած մեղքի գոնե մի մասը քավելու համար, սովորականից երեք անգամ շատ աշխատեց։ Իսկ Մոխրոտն այդ օրը սենյակից դուրս չեկավ՝ պատճառաբանելով, որ լավ չի զգում իրեն և նախընտրում է պառկած մնալ։

    Մի շաբաթ Վաղոն ամեն երեկո գնում էր Մոխրոտի մոտ, կրքոտ ու սիրառատ գիշեր անցկացնում, իսկ առավոտյան մեղքի կեղեքիչ զգացումներով համակված՝ հեռանում՝ դարդերն աշխատանքի մեջ թաղելու։ Մի կողմից խելագարվում էր Մոխրոտի համար ու ամբողջ սրտով ցանկանում էր մեկընդմիշտ կյանքը կապել նրա հետ, մյուս կողմից հիշում էր օղորմածիկ մորն ու նրան տված խոստումը՝ չամուսնանալ օտարազգի աղջկա հետ։ Իսկ Մոխրոտից հրաժարվելու միտքը սարսափելի էր ոչ միայն նրան կորցնելու տեսակետից, այլև նրա խստաբարո հոր առաջ իր միակ ու սիրելի աղջկան պատվազրկելու համար պատասխան տալու առումով։ «Խեղճ մարդ,– մտածում էր Վաղոն,– կարծում է, թե աղջկան տանը մեկուսացրած պահելով՝ նրան հեռու է պահում փորձանքներից...»։

    Մի գիշեր էլ, երբ նոր էին մտել անկողին, հանկարծ դռան ձայն լսվեց։ Վաղոն ու Մոխրոտը սարսափից քարացան տեղներում։ Դուռը բացվեց, ու ներս մտավ սպասուհին՝ ռոմանտիկ գիշերազգեստով։ Տեսածից աչքերը կլորացան, ձեռքի մոմակալն էլ շրխկաց հատակին...
    – Ներեցեք... Դուռն էի խառնել... Հազար ներողություն, օրիորդ... Ինձ ձեր անձնական կյանքը չի վերաբերում... Եվս մեկ անգամ ներեցեք, խնդրում եմ...,– և հատակից հավաքելով մոմի կտորտանքները՝ ակնթարթորեն դուրս թռավ սենյակից։

    – Խայտառակությու՛ն,– հառաչեց Վաղոն և դեմքն ափերով ծածկելով՝ նստած տեղից թրմփաց բարձին։
    – Ոչ մի խայտառակություն էլ չկա։ Ի՞նչ է, չլսեցի՞ր։ Նա ասաց, որ իմ անձնական կյանքն իրեն չի վերաբերում։
    - Ի՜նչ միամիտն ես, անուշի՛կս,– ասաց Վաղոն՝ գրկելով ու կրծքին սեղմելով Մոխրոտին,– սպասավորներին չի վերաբերում իրենց տերերի անձնական կյանքը, քանի դեռ չի առնչվում իրենց կյանքի հետ...
    – Այսի՞նքն,– Մոխրոտը նստեց անկողնում,– ի՞նչ նկատի ունես,– հարցրեց մտահոգված։
    – Ոչինչ, հուսանք, որ դու և սպասուհիդ երբևէ կիսելու բան չեք ունենա...
    – Բայց մի բան չհասկացա,– մտածկոտ ասաց Մոխրոտը,– ինչպե՞ս կարող էր Գրետան խառնել սենյակները։ Ախր նրա սենյակն առաջին հարկում է՝ քո սենյակի կողքին, իսկ երկրորդ հարկում միայն իմ ու հայրիկիս սենյակներն են։ Ուրիշ բան, եթե իր սենյակը քոնի հետ շփոթեր...
    – Հըմ... Գուցե ճիշտ այնպես, ինչպես որ ես եմ ամեն օր իմ սենյակը «շփոթում» քոնի հետ։ Վաղոն, խորամանկ ժպտալով, աչքով արեց։
    - Ուզում ես ասել, որ Գրետան ու հայրիկը... Չէ, չի կարող պատահել... Դա ուղղակի անհնար է...
    – Համոզված եմ, որ հայրիկդ էլ նույնն է մտածում իմ ու քո մասին։
    – Միևնույն է, չեմ հավատում։ Լավ, առավոտյան կպարզենք։

    Առավոտյան Վաղոն ու Մոխրոտը սովորականից երկու ժամ շուտ վեր կացան։ Վաղոն, ինչպես միշտ, գնաց աշխատելու, իսկ Մոխրոտը քիչ ավելի ուշ դուրս եկավ իր սենյակից և ուզում էր աստիճաններով իջնել ներքև, երբ հայրիկի սենյակի դուռը զգուշությամբ, գրեթե անձայն բացվեց՝ երևան հանելով սպասուհի Գրետային... Վերջինս, ոտնաթաթերի վրա զգուշորեն քայլելով, շտապ գալիս էր դեպի աստիճանները, երբ հանկարծ տեսավ Մոխրոտին։ Նախորդ օրվա պես վեր թռավ։ Եթե ձեռքին մոմ լիներ, ամենայն հավանականությամբ էլի կշրխկար հատակին։
    – Բարի լույս, օրիորդ, Դուք ինձ վախեցրիք,– ձեռքը սրտին դնելով՝ շնչակտուր արտաբերեց Գրետան և շտապեց իջնել աստիճաններով։
    – Բարի լույս, Գրետա, մի րոպե սպասիր։ Երեկ դու ասացիր, որ շփոթել ես սենյակները...
    – Այո, օրիորդ, քունը գլխիս էր... չնկատեցի, որ դա իմ սենյակը չի...,– գունատվելով պատասխանեց սպասուհին։
    – Մի րոպե, բայց չէ՞ որ քո սենյակն առաջին հարկում է, ինչպե՞ս կարող էիր շփոթել։
    – Ներեցեք, օրիորդ,– հերթապահ ժպիտը վերականգնելով՝ ասաց Գրետան,– բայց եկեք փոխադարձաբար հարգենք միմյանց։ Չէ՞ որ ես էլ Ձեզ երեկ չհարցրի, թե ինչ գործ ուներ այդ... Վաղոն Ձեր անկողնում,– Գրետան նույն ժպիտը պահպանելով՝ հոնքերը բարձրացրեց վերև, ապա «Ներեցեք» ասելով՝ կայծակնային արագությամբ սլացավ ներքև։ Մոխրոտը մնաց տեղում քարացած...

    Շարունակելի
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.04.2013), Արեն (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  5. #3
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Ինչ ասեմ , շատ հետաքրքիր է կարդացվում : Ընթացքում անընդհատ հիշում էի «Նահանջ առանց երգի» վեպը , որտեղ հայրենիքն ու սիրային հետաքրքրությունները տարբերը բևեռներում են , ես շատ նմանություններ տեսա : Մեկ էլ կարծես թե մի քիչ շատ արագ ամեն ինչ ստացվեց , չնայած սա հատկանշական է հիմնականում բոլոր ժամանակակից ստեղծագործություններին : Այնուամենայնիվ , կա մի կետ , որին չեմ կարող չհամաձայնվել : Այն սուսիկ-փուսիկ , եղբոր , հոր , ընտանիքի գերխստության տակ մեծացածները , ինչպես Մոխրոտիկը այս ստեղծագործությունում , չտես լինելով, հիմարի պես են իրենց պահում ու չմտածված քայլեր անում : Այնպես որ այս ամենից ևս մեկ անգամ պետք է հասկանալ , որ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՓԱԿԻ ՏԱԿ ՊԱՀԵԼ `պաշտպանելով այն աշխարհից,որը միակն է ու մեզ պարտադրված է,մենք այլ ընտրություն չունենք , ուստի պետք է պատրաստ լինենք դրան ու հարմարվենք:
    Հ .Գ . Մի բան էլ . ի՞նչ կապ ունի մեր իմացած լավ ու առաքինի Մոխրոտը այս հեքիաթի հերոսուհու հետ : Նրանք ուղղակի անվանակիցնե՞ր են :

  6. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Մեջբերում Hripsimee-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ .Գ . Մի բան էլ . ի՞նչ կապ ունի մեր իմացած լավ ու առաքինի Մոխրոտը այս հեքիաթի հերոսուհու հետ: Նրանք ուղղակի անվանակիցնե՞ր են :
    Վերնագիրը պիտի որ հուշեր, որ սա մեզ հայտնի հեքիաթի Մոխրոտի կյանքից մի շրջան է, որը, կարելի է ասել, ընկնում է հեքիաթի մեջ նկարագրվող շրջանից առաջ ու հայտնի հեքիաթից մեզ հայտնի չէ... Այսինքն՝ մեզ հայտնի իրադարձություններն այստեղ նկարագրվածից հետո են տեղի ունենում։
    Շարունակությունը կարդալիս ամեն ինչ պարզ կլինի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Մի հատ էլ էստեղ գրեմ կարծիքս: Քանի որ ես արդեն ամբողջը գիտեմ, ինձ մի քիչ դժվար է միայն այսքանի մասին քոմենտ անել: Էնպես որ ամբողջի մասին կասեմ:
    Կարող եք ինձ նախանձել, ես արդեն ամբողջը կարդացել եմ: Հոյակապ հեքիաթ է, միայն Ուլուանայի երևակայությունը կարող էր մի քանի հեքիաթներ իրար այսպես միացնել՝ դեռ հետն էլ ավելացնելով մեզ անհայտ փաստեր: Սկսվում է մի քիչ լուրջ, բայց թե ինչեր են լինում ընթացքում, ուղղակի աննկարագրելի է...
    Ան, շատ զավեշտալի ու սրամիտ ես գրել, կրեատիվությունն էլ ուղղակի ապշեցնող է: Մի շնչով եմ կարդացել ու մեծագույն հաճույք ստացել:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.05.2008, 01:13:

  8. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Առաջին մասը միայն կարդալով, չգիտեմ, գուցե չարժե շտապել կարծիք հայտնել, բայց ընթացքում առաջացած տպավորությունները գրեմ

    Հեքիաթդ, Ան, ճիշտն ասած, ստանդարտ ու, շարադրանքի առումով մի քիչ հնաոճ սկիզբ ուներ, ու, էդքան էլ նման չէր հեքիաթի /սկիզբը համենայնդեպս/, այսինքն նկատվում էր, որ տեղ-տեղ ջանացված էր հեքիաթի շտրիխներ ցայտեցնել, բայց մի ձև էն չէր նստում /ասենք`ներկա հերոսին ֆրակ կամ կեղծամ հագցնես /:
    Լավ, էդ առումով մի բան էլ քննադատեմ. Ան, նախադասությունները մի քիչ շատ էին պատճառահետևանքային ծավալած /հնացած գրաձև ա/ , որն, իմ կարծիքով մի քիչ ջանջալացրել էր տեքստը, ու ազդել սպասվելիք թեթև-քաշային /որպես հեքիաթի/ պարամետրի վրա:

    Բայց դե, հեղինակի մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ կարգավորված ա, ու դա էլ հաստատ կարգի էր գալու, ինչը երկար սպասեցնել չտվեց…

    Մի քանի պարբերությունից հետո նշածս այսպես ասած թերությունները, իրադարձությունների ծավալման սահունությանը համաքայլ, ծածկվեցին գունեղ նկարագրականությամբ ու դեպքերի արագ ծավալմամբ /երկրորդ ենթամասն էլ, լավ էր, հուսախաբ չարեց :
    Հեքիաթի ոճին հատուկ հումորն ու թեթև հեգնանքը կամաց-կամաց սկսեցին ի հայտ գալ, ու որ գնալով հետաքրքրանալու ա, կարելի ա չկասկածել:

    Հեղինակը փաստորեն կազմել ա այնպես, որ հայտնի հեքիաթների բովանդակությունը մազաչափ չպիտի ազդվի այս նոր, անհայտ “փաստերի” երևան գալով: Տեսնենք…
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 08.05.2008, 08:59:

  9. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    առայժմ անվերնագիր

    «Անհայտ դեպքեր հայտնի հեքիաթաստղերի կյանքից» խորագրի տակ նոր հեքիաթ եմ գրել, որը, սակայն, կապ չունի նախորդ հեքիաթի հետ, պարզապես սկզբունքն է ընդհանուր։ Ընդհանրապես վերնագիր դնելն ինձ համար միշտ էլ խնդիր է եղել, դրա համար էլ բազմաթիվ տարբերակներ գցել–բռնելուց հետո, ի վերջո, որոշեցի էս անգամ էդ հարցը թողնել ընթերցողին։ Մի խոսքով՝ ակնկալում եմ առաջարկներ, բայց՝ ամբողջ հեքիաթը կարդալուց հետո։ Իհարկե, չեմ խոստանում, որ պարտադիր դրանցից մեկը կընտրեմ, քանի որ հնարավոր է, որ էդ ընթացքում ինքս էլ հաջող մտահղացումներ ունենամ, բայց ամեն դեպքում շնորհակալ կլինեմ, եթե առաջարկեք վերնագրի ձեր տարբերակները.

    Հեքիաթը կտեղադրեմ մաս–մաս։
    ..................................................


    Ձյունանուշը հեռուստացույցի առջև նստած՝ տաղտկահարված հայացքով դիտում էր նախորդ տարիների ամանորյա տոնակատարությունների տեսագրությունները։
    – Անու՜շ,– հանկարծ կանչեց պապը՝ գլուխը հանելով իր գրասենյակից,– ի՞նչ գործի ես։
    – Պարապում եմ, պապ,– ձանձրացած հառաչելով՝ պատասխանեց Ձյունանուշը։
    – Լավ, դե պարապի, որ վերջացնես, մի հատ արի իմ սենյակ, օգնի, էս նամակների հարցերը լուծենք, տեսակավորենք, մենակ գլուխ չեմ հանում, ծերացել եմ, ծերացել...
    – Պա՞պ,– ծիծաղեց Ձյունանուշը,– ինչի՞ դու ջահել է՞լ ես եղել։
    – Հա, բա ի՞նչ։ Բա էն բանաստեղծությունը չե՞ս հիշում՝ ինձ ձոնված.

    Ձմեռ պապին էլ մանուկ է եղել,
    Մեզ նման պստիկ, ժիր ու սիրունիկ...


    – Է՜, պապ, աչքիս՝ իրոք ծերացել ես... Ախր դա Լենինին է ձոնված, ոչ թե քեզ։
    – Վայ... Հա, էլի...,– մի տեսակ խեղճացած ասաց Ձմեռ պապը,– որ ասում եմ՝ ծերացել եմ, ասում ես՝ չէ։
    – Դե լավ, էլ մի՛, դու էլ գիտես, որ անմահները չեն ծերանում , համենայնդեպս, ոչ էնքան, որ դրանից մահանան։ Իսկ Լենին պապին կերազեր, որ իր պատվին էնքան երգեր ու բանաստեղծություններ ձոնվեին, որքան քո մասին։ Համ էլ ինքը մերժված, հնացած հերոս է, իսկ դու՝ դասական ու միշտ սպասված,— հաղթական տոնով ասաց Ձյունանուշը և սիրով պոնչիկ արեց իրեն ջերմագին ժպտացող Ձմեռ պապի մշտակարմիր թշերը։

    – Դե լավ, ես գնամ մի քիչ գործ անեմ։ Ի դեպ, գիտես, չէ՞, որ Նոր տարվա երգերն էլ դեռ պիտի կրկնես։ Հիշու՞մ ես՝ անցյալ տարի բառերը մոռացել էիր, քիչ մնաց՝ խայտառակ լինեինք...
    – Օ՜ֆ, էլի սկսվե՜ց... ,– համարյա լացակումած ասաց Ձյունանուշը,– ամե՛ն անգամ նու՛յն երգերը, նու՛յն ոտանավորները, ամեն ինչ նույնը... Ախր ինչքա՞ն կարելի ա։ Էս տեսագրությունները նայելուց մարդ տաղտուկից մեռնում ա։ Զզվել եմ արդեն։ Նորություն եմ ուզում։ Էն «Տոնածառ ջան, տոնածառ» երգից որ արդեն վրաս դուրս ա տալիս։ Էս տարի էդ երգը չենք երգելու, վե՛րջ, հերի՛ք եղավ։
    – Վայ, ինչի՞, Անուշ ջան, ախր շատ ջերմ, ուրախ երգ է։
    – Ինձ չի հետաքրքրում։ Չեմ ուզում և վե՛րջ։ Ամեն ինչ ինքդ ես որոշում միշտ, ես ձայն չունեմ էս տանը,– այս ասելով՝ բորբոքված վեր կացավ բազմոցից ու նյարդային շարժումով անջատեց հեռուստացույցը։

    Ձմեռ պապն իր թոռնիկին առաջին անգամ էր այսպիսի վիճակում տեսնում։ Զարմացած ու վախվորած նայում էր ու չգիտեր՝ ինչ ասեր, ինչ աներ։
    – Դու ես որոշում, թե ես ինչ պիտի անեմ՝ ինչ հագնեմ, ինչ ասեմ, ինչ երգեմ, երբ ու ոնց ժպտամ,– հիստերիկ ձայնով շարունակեց Ձյունանուշը,– հոգնել եմ իմ ամանորյա դարավոր մուշտակից, անընդհատ կրկնվող հերթապահ խոսքերից, նախնադարյան երգերից ու վերջապես իմ անիմաստ ամանորյա ժպիտից։ Չե՛մ ուզում ոչ մի Նոր տարի։ Թող գրողի ծոցը գնա էդ ապուշ տոնն իր ամեն ինչով...

    Ձյունանուշը դուրս եկավ սենյակից՝ իր հետևից ուժգին շրխկացնելով դուռը, իսկ Ձմեռ պապն ընկավ խոր մտածմունքի մեջ։ Իր թոռնուհին միշտ աչքի էր ընկել բացառիկ բարյացակամությամբ, համբերատարությամբ ու մեղմությամբ։ Իսկ վերջերս կարծես լրիվ ուրիշ մարդ դարձած լիներ. մանրուքներից հանկարծակի բռնկվում էր, անհամբեր, կտրուկ ու անհանդուրժող էր դարձել։

    Որոշ ժամանակ ապարդյուն մտորումներից հետո պապն իջավ նկուղ, որի բանալին, ի դեպ, միայն ինքն ուներ. թոռնուհին դեռ ոտք դրած չկար այնտեղ։ Հանեց պատին կպցրած նկարը, որի վրա ինքն ու թոռնուհին էին պատկերված, և պատի վրա մի դռնակ երևաց... Բանալիով բացեց դռնակն ու այնտեղից դուրս բերեց մաշված կազմով հաստափոր մի գիրք, որի էջերը հնությունից դեղնած ու քրքրված էին։ Միայն աստված գիտե, թե քանի դար կլիներ, որ չէր բացել այն։

    Նկուղը լի էր հսկայական արկղերով։ Նստեց դրանցից մեկի վրա, որի պատին գրված էր. «Նամակներ Ձմեռ պապիկին. 19–րդ դար»։ Բացեց գրքի բովանդակության էջը, գտավ «Մաս երրորդ. Ձյունանուշ» վերնագիրը, բացեց համապատասխան էջը և սկսեց կարդալ։ Տվյալ մասում տարբեր գլուխների ներքո նկարագրված էին Ձյունանուշի ֆունկցիաներն ու պարտականությունները, դաստիարակությունը, կրթությունը։ Դրանք և էլի որոշ գլուխներ պապը վաղուց կարդացել էր ու անգիր գիտեր, բայց, այ, օրինակ, «Տարիքային տարաբաժանումները», «Մանկությունը», «Պատանեկությունը» և մի քանի այլ գլուխներ, չգիտես ինչու, ժամանակին վրիպել էին աչքից։ Եվ հիմա սկսեց համակ ուշադրությամբ կարդալ.

    Տարիքային տարաբաժանումներ

    «Թեև նախասահմանված ուղով գնալու դեպքում Ձյունանուշին ի ծնե տրված է անմահություն, ինչպես նաև որոշակի տարիքում նախատեսված է արտաքին տարիքային կանգ, այնուամենայնիվ, նա անցնելու է մարդ արարածին բնորոշ բոլոր տարիքային փոփոխությունների միջով, բացառությամբ արտաքինի։ Միայն թե այն փոփոխությունները, որոնք հասարակ մահկանացուների հետ տեղի են ունենում տարիների կտրվածքով, Ձյունանուշի դեպքում լինելու են դարերի կտրվածքով։ Մասնավորապես նրա մանկության շրջանն ընկնում է 20–րդ դարի վերջերին, իսկ պատանեկությունը կամ դեռահասությունն սկսվում է 21–րդ դարի սկզբից։


    – Հըմ... Փաստորեն, համարյա 10 տարի է՝ թոռնիկիս դեռահասությունն սկսվել է...,– մտածկոտ գլուխը տմբտմբացրեց պապը։ Ապա սկսեց կարդալ «Մանկություն» գլուխը.

    Նախանշված ուղով զարգանալու, այսինքն՝ իր տեսակի համար սահմանված ճիշտ դաստիարակություն ստանալու դեպքում Ձյունանուշի մանկությունն անցնում է բավական խաղաղ ու առանց նկատելի բարդությունների։ Հանգիստ, կենսուրախ ու հարմարվող բնավորությամբ բալիկ է լինում։ Հաճույքով ու հեշտությամբ յուրացնում է իր կոչմանն անհրաժեշտ ինֆորմացիան։ Ի սկզբանե բնազդաբար գիտակցում է իր դերն ու դրա կարևորությունը մարդկանց կյանքում և բավական վաղ տարիքից իր իսկ կամքով ու նախաձեռնությամբ անցնում է իր բուն պարտականությունների կատարմանը։

    Այս հատվածը կարդալիս պապը գոհունակությամբ ժպտաց՝ վերհիշելով իր սիրելի թոռնիկի քաղցր մանկությունը։ Այնուհետև անցավ «Պատանեկություն» գլխին, որը, սակայն, պակաս լավատեսական էր.

    Դեռահասության շրջանում Ձյունանուշի մեջ ի հայտ են գալիս որոշակի խռովություններ, կոնֆլիկտային հոգեվիճակներ, պոռթկումներ, անհանդուրժողականություն, սեփական անձի և կյանքում ունեցած իր դերի վերագնահատում, բուռն բողոքներ դարերով կատարած իր որոշ պարտականությունների դեմ, ինչպես նաև սեփական իրավունքների ավելացման որոշակի պահանջներ։ Այս ամենն ուղեկցվում է տրամադրության հաճախակի անկումներով և դրանցից բխող բազմապիսի հետևանքներով։

    Այս շրջանում նրա մեջ առաջանում են որոշակի սևեռուն հարցեր, որոնց պատասխանները բարեհաջող գտնելու դեպքում նրա հետագա կյանքն ընթանում է ճիշտ հունով, իսկ պատասխանները չգտնելու կամ ոչ բարենպաստ հանգամանքներում պարզելու և/կամ դրանց նկատմամբ ոչ ադեկվատ արձագանք ունենալու դեպքում հետևանքներն անկանխատեսելի են. պետք է պատրաստ լինել վատագույնին...


    Պապը ցնցվեց ու կտրուկ փակեց գիրքը, ապա, սթափվելով, բացեց, որ կարդա շարունակությունը, բայց այդ գլուխն այդքանով ավարտվում էր։

    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.12.2009, 23:11:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.12.2009), Chuk (16.12.2009), cold skin (16.12.2009), Ingrid (31.03.2013), Jarre (15.12.2009), Yeghoyan (15.12.2009), Աբելյան (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Ռուֆուս (16.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  11. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթ)

    Կներեք, տեղադրելիս սկզբում մոռացել էի նշել, որ սա առաջին մասն է միայն։ Վերջում արդեն ավելացրի «Շարունակելի» բառը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (15.12.2009)

  13. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

    Չեմ ուզում մինչև ավարտվելը կարծիք հայտնել, բայց կարծում եմ, որ հաջորդ պահանջս կհուշի գրվածի նկատմամբ վերաբերմունքս.

    Պահանջու՛մ եմ շարունակությունը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (16.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Չհեքիաթային հեքիաթներ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.11.2015, 12:15
  2. Հեքիաթներ ոչ երեխաների համար
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 280
    Վերջինը: 03.12.2012, 23:06
  3. Հեքիաթներ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 01.06.2010, 02:35
  4. Անհայտ նամակ
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 30.12.2006, 14:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •