User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

    Քանի որ հեքիաթս շատ երկար է, ու նախատեսում եմ մաս–մաս տեղադրել, որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի առանձին թեմա բացել, որպեսզի եթե ընթացքում «Հեքիաթներ մեծահասակների համար» թեմայում ուրիշ հեքիաթներ դրվեն, չխառնվի դրանց հետ։ Եթե մինչև վերջին մասի տեղադրումը այն թեմայում ոչ ոք ստեղծագործություն տեղադրած չլինի, կտեղափոխեմ այնտեղ։

    ԱՆՀԱՅՏ ԴԵՊՔԵՐ ՀԱՅՏՆԻ ՀԵՔԻԱԹԱՍՏՂԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
    (հեքիաթ)

    * * *
    Բոլորիս էլ, անշուշտ, քաջ ծանոթ են Կարմիր Գլխարկը, Մոխրոտիկը, Անխելք մարդը, Գնդլիկ բոքոնիկը և այլ հեքիաթաստղեր։ Մենք գիտենք նրանց կյանքից որոշ դրվագներ, կարելի է ասել ամենակարևորներն ու ճակատագրականները, բայց, ինչպես բոլոր անձանց, այնպես էլ վերոնշյալ աստղերի կյանքում, բացի մեզ հայտնի իրադարձություններից, եղել են նաև մեզ բոլորովին անհայտ, որոշ դեպքերում՝ նունիսկ անհավատալի, բայց բնավ ոչ պակաս էական մի շարք դեպքեր ու անցքեր, որոնք էլ հաճախ նշանակալից դեր են ունեցել մեզ արդեն հայտնի դեպքերի զարգացման հարցում... Ինչևէ, սկսենք մեր պատմությունը...



    Մոխրոտը հինգ տարեկան էր, երբ մայրը մահացավ։ Հայրը պաշտում էր կնոջը, և նրա մահից հետո ոչ մի կերպ չէր կարողանում ուշքի գալ... Մինուճար դուստրն էլ թարսի պես ապշեցուցիչ կերպով նման էր մորը. նրա պես շեկ, ալիքաձև վարսեր ուներ, կապույտ, խորունկ աչքեր ու ձյունասպիտակ մաշկ։ Եվ դստերը նայելիս հայրն ակամա կնոջն էր տեսնում նրա մեջ ու ամեն անգամ, գիտակցելով, որ նա այլևս չկա, սաստիկ տառապում էր։ Եվ քանի որ կինը մահացել էր դժբախտ պատահարից, դստերը երբեք դուրս չէր թողնում՝ փորձելով նրան հեռու պահել դաժան ու վտանգներով լի աշխարհից...

    Տարիներն անցնում էին, իսկ Մոխրոտն իրենց տանից դուրս ոտք դրած չկար, երկար ժամանակ իսկի պատկերացում էլ չուներ, որ իրենց տան ցանկապատից այն կողմ էլ աշխարհ կա։ Նրա համար աշխարհը սահմանափակվում էր իր հորով, շարունակ իրար հաջորդող աղախիններով, որոնցից և ոչ մեկը մի ամսից ավել չէր մնում, քանի որ խղճալով ուրախ մանկությունից զրկված ու տանը փակված աղջնակին՝ հակառակ նրա հոր սահմանած խստագույն արգելքներին՝ նրանք ամեն կերպ փորձում էին Մոխրոտին հաղորդակից դարձնել արտաքին աշխարհին։ Իսկ հայրը, տեղեկանալով դրա մասին՝ տեղնուտեղը վռնդում էր իր դստերը վտանգի ենթարկած հանդուգն սպասուհուն։

    Օրերից մի օր էլ Հայաստանի կորած–մոլորած գյուղերից մեկից Վաղո անունով մի երիտասարդ եկավ նրանց կողմերը՝ խոպան։ Հայաստանում ինչքան էլ աշխատում էր, քափ ու քրտինք էր թափում, ստացածը հազիվ ցամաք հացին էր բավարարում, և նա արդեն քանի տարի էր՝ մտածում էր Գերմանիա մեկնելու մասին։ Ինչո՞ւ հենց Գերմանիա։ Որովհետև լեգենդներ էր լսել գերմանական ճշտապահության ու պարտաճանաչության մասին, ու համոզված էր, որ իր նման աշխատավոր մարդն այնտեղ հաստատ սոված չի մնա։ Սակայն անկողնային հիվանդ մայր ուներ, որին ոչ կարող էր հետը Գերմանիա տանել, ոչ էլ մենակ թողնել–գնալ։ Եվ խեղճ կինն այդպես էլ կարգին բուժում չստանալով՝ մահացել էր լիակատար թշվառության մեջ։
    Վերջինս՝ որպես հայրենասեր ու ավանդապաշտ հայուհի, հոգին Աստծուն ավանդելուց առաջ հասցրել էր որդուց խոստում պոկել, որ ուր էլ գնա, ինչ երկրում էլ բախտ որոնելիս լինի, օտարազգի աղջիկ հարս չի առնի։ «Իմացի՛, Վաղո՛, հորդ գերեզմանը վկա, դագաղիս մեջ շուռ կգամ, թե նման բան էն աշխարհում ականջիս հասնի...»։ Այս խոսքերն ասելով էլ հավերժ փակել էր հիվանդությունից նվաղած աչքերը...

    Վաղոն թակեց առաջին պատահած տան դուռը, որպեսզի իր ծառայություններն առաջարկի տանտիրոջը։ Իսկ առաջին պատահած դուռը ոչ էս կողմ, ոչ էն կողմ՝ հենց Մոխրոտենցն էր։ Ընդհանրապես հարևաններն ու ծանոթները, իմանալով Մոխրոտի հոր բզիկների մասին, գրեթե երբեք չէին այցելում նրանց, այնպես որ նրանց դուռը ծեծողը կամ սպասուհին պիտի լիներ, կամ մոտերքով անցնող ինչ–որ վաճառական, կամ էլ որևէ անտեղյակ օտարական։ Վաղոն, բնականաբար, հենց վերջիններից էր...

    Մոխրոտի հոր անբարյացակամ ու կասկածամիտ հայացքին բախվելով՝ սկզբում Վաղոյի լեզուն կապ ընկավ, կարծես մոռացավ ասելիքը, բայց Մոխրոտի հայրը նրա դեմքի ազնիվ արտահայտությունից անմիջապես հասկացավ, որ այս մարդուց վտանգ սպասել չարժե, և համապատասխանաբար փոխելով դեմքի արտահայտությունը՝ արդեն բավական բարեհամբույր տոնով հարցրեց, թե ինչ է ուզում օտարականը։ Վաղոն էլ իրեն հավաքեց ու իրար հետևից թվարկեց այն բոլոր աշխատանքները, որոնց ինքը տիրապետում էր, նույնիսկ գրպանից հանեց ծալած–պահած ռեզյումեն ու ներկայացրեց Մոխրոտի հորը։ Աշխատանքային փորձը բավական պատկառելի էր. վեց տարվա քաղհանության փորձ, տասը տարվա չոբանության փորձ, ընդ որում՝ երկպրոֆիլ՝ կովարածության ու գառնարածության, հինգ տարվա փայտահատության փորձ և, վերջապես, խոտադիզության ութ տարվա փորձ։ Մոխրոտի հայրը խորապես տպավորված ու միաժամանակ զարմացած էր երիտասարդի բազմատաղանդությունից։ Դեռ չէր հանդիպել այսքան բազմակողմանի զարգացած աշխատավորի. իրենց մոտ մարդիկ սովորաբար մի ուղղությամբ էին մասնագիտանում, ու թեև, ասենք, գառնարածն իսկապես արհեստավարժ գառնարած էր լինում, բայց, օրինակ, կովարածությունից բացարձակապես գլուխ չէր հանի, և դա միանգամայն բնական ու հասկանալի էր նեղ մասնագիտացման հակված նրանց հասարակությունում։ Հետևաբար պարզ էր, որ անհայտ երկրից ու է՛լ ավելի անհայտ գյուղից ժամանած այս բազմաշնորհ երիտասարդը պետք է որ իսկապես անգնահատելի գտածո լիներ պարոնի համար։

    Այսպես Վաղոն հենց նույն օրն էլ աշխատանքի անցավ Մոխրոտենց մոտ։ Աշխատավարձը գոհացուցիչ էր. մի քանի տարի աշխատելուց հետո կարող էր հանգիստ խղճով հայրենիք վերադառնալ, կուտակած փողով սեփական գործ սկսել, տուն–տեղ դնել, ամուսնանալ ու երջանիկ ապրել։ Ահա սա էր Վաղոյի վաղեմի երազանքը, որի իրականացման հիմքը կարծես թե արդեն դրվել էր։

    Վաղոն ամեն օր քրտնաջան աշխատում էր գոմում, ցախանոցում, այգում՝ գործի դնելով իր բազում տաղանդները, և միայն ուշ երեկոյան, երբ բոլորն արդեն քնած էին լինում, մտնում էր տուն, հոգնած–ջարդված մի կերպ նետվում իրեն հատկացված սենյակը ու քնում մինչև արևածագ։ Ծեգին տնից դուրս էր գալիս՝ իր հետ տանելով հացն ու ջուրը, որպեսզի դրանք բերելու վրա իզուր ժամանակ չծախսի։ Երևի կարիք չկա ասելու, որ նրա՝ տանից դուրս գալու ժամանակ դեռ բոլորը քնած էին լինում։

    Հերթական սպասուհին արդեն երեք ամիս էր, ինչ աշխատում էր. այս մեկն աննախադեպ երկար էր դիմացել իր «պատշոնում» այն պարզ պատճառով, որ ոչ մի անգամ չէր փորձել Մոխրոտին որևէ արգելված բանի մեջ ներքաշել և սուսուփուս միայն իր գործն էր արել։ Իսկ Մոխրոտն արդեն տասնհինգ տարեկան էր...

    Մի անգամ էլ Վաղոն չգիտես ոնց էր հաշվարկել, որ օրվա կեսին ջուրը վերջացել էր... Ինքն էլ առանց երկար–բարակ մտածելու մտավ տուն, որ խոհանոցից ջուր վերցնի։ Սպասուհին գլուխը կախ իր գործն էր անում, Մոխրոտն էլ, նրանից ոչ հեռու նստած, ասեղնագործում էր։ Մեկ էլ Վաղոն առանց դուռը ծեծելու հայավարի ներս ընկավ՝ քրտնած, շնչակտուր... Մոխրոտն, օտար տղամարդ տեսնելով, վախից վեր թռավ, աչքերը լայն բացեց ու ասեղը ձեռքից գցեց... Մինչ այդ կյանքում ընդամենը մի տղամարդ էր տեսել՝ իր հորը, որը բարձրահասակ էր, նիհար, սպիտակ, թեթևակի կարմրավուն երանգի մաշկով, կարճ կտրած շեկ մազերով, որոնցից մի տեսակ խստության հոտ էր գալիս, խորը նստած մանր կապույտ աչքերով, որոնք ճշգրտությամբ կարծես սկան էին անում իրենց առջև հայտնված բացարձակապես ամեն ինչ։ Բարակ ու սեղմված շուրթերն իրենց հերթին կարծես զգուշացնում ու հիշեցնում էին, որ նրա հետ գործ բռնելիս սխալվել չի կարելի։

    Վաղոն նրա հակապատկերն էր. թխամաշկ էր, գրեթե ցածրահասակ, գեր չէր, բայց նիհար լինելուց էլ կարգին հեռու է։ Խոշոր, թախծոտ սև աչքերը, թեև այդ պահին հոգնածություն էին արտահայտում, բայց միաժամանակ հուշում էին, որ պետք եղած դեպքում իրենք կարող են վառվել բուռն կրքով։ Սև մազերըն ու թավ բեղերի տակից երևացող հաստ ու լիքը շուրթերը հաջողությամբ ներդաշնակում էին հայացքի հետ։

    Վաղոն էլ իր հերթին զարմանքից քար կտրեց՝ տեսնելով Մոխրոտին... Մինչ այդ գաղափար անգամ չուներ իր գործատուի ընտանեկան կազմի մասին, առավել ևս՝ մտքով չէր անցնում, որ նրա պես չոր ու ցամաք մարդը կարող է այսքան նրբագեղ ու քնքուշ դուստր ունենալ։

    Այդ օրը Վաղոն սովորականից ավելի վատ աշխատեց. չքնաղ աղջնակի պատկերը չէր հեռանում մտքից... Անընդհատ փորձում էր վանել «սխալ» մտքերը, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում։ Նույնիսկ գիշերը գրեթե աչք չկպցրեց։
    Մոխրոտին էլ էր ինչ–որ տարօրինակ զգացողություն համակել, որից ինքն էլ գլուխ չէր հանում... Մի տեսակ անծանոթ խուտուտ էր մտել սիրտը։ «Երևի հիվանդանում եմ»,– ինքն իրեն որոշեց նա։ Դե, մի ձևով պիտի բացատրե՞ր իր այդ անսովոր հոգեվիճակը, թե՞ ոչ։ Անորոշություն չէր սիրում։

    Հաջորդ օրը երկուսն էլանցան իրենց բնականոն կյանքին, համենայնդեպս, փորձեցին։ Մոխրոտն անընդհատ ջանում էր իր միօրինակ ու մինչև վերջին մանրուքը կանոնակարգված կյանքում տեղավորել չգիտես որտեղից հայտնված այս օտարականին։ Նրա նեղլիկ կյանքում ամեն ինչ տեղավորված էր իր դարակի մեջ, իսկ Վաղոն դարակներից ոչ մեկում չէր տեղավորվում, քանի որ դատարկ դարակ պարզապես չկար...

    Իսկ Վաղոյի գլխում երեք հոգի էին պտտվում. մի կողմից գերմանուհի օրիորդն էր՝ իր ողջ նրբագեղությամբ, մյուս կողմից՝ նրա խստաբարո հայրը, և, վերջապես իր հանգուցյալ մայրը՝ իր չարաբաստիկ վերջին պատգամով...
    «Ոչինչ,– մտածեց Վաղոն,– ամիսը կլրանա, փողս կստանամ ու կգնամ էստեղից... Ինչպես ասում են՝ շառից, փորձանքից հեռու...»,– ու խաչակնքվեց։ «Բայց ախր ես օրավարձով եմ աշխատում... կարող եմ հենց վաղն էլ հեռանալ։ Չէ... էդպես պարոնը մի բան կկասկածի, ինչու՞ իզուր առիթ տամ, որ չեղած տեղից ինչ–որ բան կասկածի։ Կասեմ, որ մի ուրիշ տեղ ավելի շահավետ գործ եմ գտել, ամիսը լրանալուն պես գնում եմ։ Վերջացավ–գնաց։ Բայց մի րոպե... Բա որ առաջակի աշխատավարձս բարձրացնե՞լ... Ի՞նչ պիտի ասեմ էդ դեպքում... Չէ, ախպեր, չկպավ... Բանս բուրդ է... Ավելի լավ է՝ ամեն ինչ թողնեմ էնպես, ինչպես կա։ Ինչ լինելու է՝ կլինի...»։ Եվ իր այս որոշումից ուրախացած ու թեթևացած՝ Վաղոն անցավ գործի։ Այդ օրը սովորականից ավելի տքնաջան աշխատեց, բայց ինչ–որ ներքին անբացատրելի մղումով սովորականից ավելի շուտ գնաց քնելու։ Տուն մտնելուն պես տեսավ, թե ինչպես է Մոխրոտն աստիճաններով բարձրանում երկրորդ հարկ։ Մոխրոտն էլ, քանի որ չգիտեր, որ տղամարդկանցից հարկավոր է ամաչել, միաժամանակ անտարբեր ձևանալ ու իրեն թանկացնել (դե, որտեղի՞ց իմանար խեղճը), զարմացած հայացքը Վաղոյին հառած՝ դանդաղ քայլերով բարձրանում էր... Հետո Վաղոն տեսավ, թե նա ինչպես բացեց ձախ թևի վրա գտնվող դուռը և կորավ դրա հետևում...

    Այնուհետև երիտասարդը հանկարծակի սթափվեց ու մտավ առաջին հարկում գտնվող իր սենյակը։ Ամբողջ գիշեր երազում տեսավ վերևի հարկի այն դուռը և այնտեղից նազանքով դուրս եկող Մոխրոտին։ Առավոտյան հաստատ որոշում կայացրեց հեռանալու։ Բայց երբ եկավ պարոնի հետ խոսելու ժամանակը, ինքն էլ չնկատեց, թե ոնց խոսակցությունը լրիվ ուրիշ ուղղությամբ տարավ ու էդպես էլ ոչինչ չասաց։ Իսկ ուշ երեկոյան, երբ արդեն պետք է գնար քնելու, համանման ձևով չնկատեց, թե ինչպես իր սենյակի դուռը բացելու փոխարեն բացեց Մոխրոտի սենյակի դուռը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.04.2013), Արեն (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Կաթիլ (15.12.2009), Ֆոտոն (01.12.2009)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Առավոտյան աչքերը բացեց ու իրեն գտնելով Մոխրոտի անկողնում՝ քիչ մնաց կաթվածահար լիներ։ Մոխրոտը դեռ մուշիկ–մուշիկ քնած էր։ «Աստվա՜ծ իմ, իսկական խելագար եմ »,– հանկարծակի վեր թռչելով՝ ինքնիրեն ասաց Վաղոն ու արագ–արագ հագնվելով՝ դուրս թռավ սենյակից։
    Ոչ մի կերպ չէր կարողանում ուշքի գալ իր արածից։ Նույնիսկ աշխատանքը չէր փրկում։ Այդ օրը, իր գործած մեղքի գոնե մի մասը քավելու համար, սովորականից երեք անգամ շատ աշխատեց։ Իսկ Մոխրոտն այդ օրը սենյակից դուրս չեկավ՝ պատճառաբանելով, որ լավ չի զգում իրեն և նախընտրում է պառկած մնալ։

    Մի շաբաթ Վաղոն ամեն երեկո գնում էր Մոխրոտի մոտ, կրքոտ ու սիրառատ գիշեր անցկացնում, իսկ առավոտյան մեղքի կեղեքիչ զգացումներով համակված՝ հեռանում՝ դարդերն աշխատանքի մեջ թաղելու։ Մի կողմից խելագարվում էր Մոխրոտի համար ու ամբողջ սրտով ցանկանում էր մեկընդմիշտ կյանքը կապել նրա հետ, մյուս կողմից հիշում էր օղորմածիկ մորն ու նրան տված խոստումը՝ չամուսնանալ օտարազգի աղջկա հետ։ Իսկ Մոխրոտից հրաժարվելու միտքը սարսափելի էր ոչ միայն նրան կորցնելու տեսակետից, այլև նրա խստաբարո հոր առաջ իր միակ ու սիրելի աղջկան պատվազրկելու համար պատասխան տալու առումով։ «Խեղճ մարդ,– մտածում էր Վաղոն,– կարծում է, թե աղջկան տանը մեկուսացրած պահելով՝ նրան հեռու է պահում փորձանքներից...»։

    Մի գիշեր էլ, երբ նոր էին մտել անկողին, հանկարծ դռան ձայն լսվեց։ Վաղոն ու Մոխրոտը սարսափից քարացան տեղներում։ Դուռը բացվեց, ու ներս մտավ սպասուհին՝ ռոմանտիկ գիշերազգեստով։ Տեսածից աչքերը կլորացան, ձեռքի մոմակալն էլ շրխկաց հատակին...
    – Ներեցեք... Դուռն էի խառնել... Հազար ներողություն, օրիորդ... Ինձ ձեր անձնական կյանքը չի վերաբերում... Եվս մեկ անգամ ներեցեք, խնդրում եմ...,– և հատակից հավաքելով մոմի կտորտանքները՝ ակնթարթորեն դուրս թռավ սենյակից։

    – Խայտառակությու՛ն,– հառաչեց Վաղոն և դեմքն ափերով ծածկելով՝ նստած տեղից թրմփաց բարձին։
    – Ոչ մի խայտառակություն էլ չկա։ Ի՞նչ է, չլսեցի՞ր։ Նա ասաց, որ իմ անձնական կյանքն իրեն չի վերաբերում։
    - Ի՜նչ միամիտն ես, անուշի՛կս,– ասաց Վաղոն՝ գրկելով ու կրծքին սեղմելով Մոխրոտին,– սպասավորներին չի վերաբերում իրենց տերերի անձնական կյանքը, քանի դեռ չի առնչվում իրենց կյանքի հետ...
    – Այսի՞նքն,– Մոխրոտը նստեց անկողնում,– ի՞նչ նկատի ունես,– հարցրեց մտահոգված։
    – Ոչինչ, հուսանք, որ դու և սպասուհիդ երբևէ կիսելու բան չեք ունենա...
    – Բայց մի բան չհասկացա,– մտածկոտ ասաց Մոխրոտը,– ինչպե՞ս կարող էր Գրետան խառնել սենյակները։ Ախր նրա սենյակն առաջին հարկում է՝ քո սենյակի կողքին, իսկ երկրորդ հարկում միայն իմ ու հայրիկիս սենյակներն են։ Ուրիշ բան, եթե իր սենյակը քոնի հետ շփոթեր...
    – Հըմ... Գուցե ճիշտ այնպես, ինչպես որ ես եմ ամեն օր իմ սենյակը «շփոթում» քոնի հետ։ Վաղոն, խորամանկ ժպտալով, աչքով արեց։
    - Ուզում ես ասել, որ Գրետան ու հայրիկը... Չէ, չի կարող պատահել... Դա ուղղակի անհնար է...
    – Համոզված եմ, որ հայրիկդ էլ նույնն է մտածում իմ ու քո մասին։
    – Միևնույն է, չեմ հավատում։ Լավ, առավոտյան կպարզենք։

    Առավոտյան Վաղոն ու Մոխրոտը սովորականից երկու ժամ շուտ վեր կացան։ Վաղոն, ինչպես միշտ, գնաց աշխատելու, իսկ Մոխրոտը քիչ ավելի ուշ դուրս եկավ իր սենյակից և ուզում էր աստիճաններով իջնել ներքև, երբ հայրիկի սենյակի դուռը զգուշությամբ, գրեթե անձայն բացվեց՝ երևան հանելով սպասուհի Գրետային... Վերջինս, ոտնաթաթերի վրա զգուշորեն քայլելով, շտապ գալիս էր դեպի աստիճանները, երբ հանկարծ տեսավ Մոխրոտին։ Նախորդ օրվա պես վեր թռավ։ Եթե ձեռքին մոմ լիներ, ամենայն հավանականությամբ էլի կշրխկար հատակին։
    – Բարի լույս, օրիորդ, Դուք ինձ վախեցրիք,– ձեռքը սրտին դնելով՝ շնչակտուր արտաբերեց Գրետան և շտապեց իջնել աստիճաններով։
    – Բարի լույս, Գրետա, մի րոպե սպասիր։ Երեկ դու ասացիր, որ շփոթել ես սենյակները...
    – Այո, օրիորդ, քունը գլխիս էր... չնկատեցի, որ դա իմ սենյակը չի...,– գունատվելով պատասխանեց սպասուհին։
    – Մի րոպե, բայց չէ՞ որ քո սենյակն առաջին հարկում է, ինչպե՞ս կարող էիր շփոթել։
    – Ներեցեք, օրիորդ,– հերթապահ ժպիտը վերականգնելով՝ ասաց Գրետան,– բայց եկեք փոխադարձաբար հարգենք միմյանց։ Չէ՞ որ ես էլ Ձեզ երեկ չհարցրի, թե ինչ գործ ուներ այդ... Վաղոն Ձեր անկողնում,– Գրետան նույն ժպիտը պահպանելով՝ հոնքերը բարձրացրեց վերև, ապա «Ներեցեք» ասելով՝ կայծակնային արագությամբ սլացավ ներքև։ Մոխրոտը մնաց տեղում քարացած...

    Շարունակելի
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.04.2013), Արեն (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  5. #3
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Ինչ ասեմ , շատ հետաքրքիր է կարդացվում : Ընթացքում անընդհատ հիշում էի «Նահանջ առանց երգի» վեպը , որտեղ հայրենիքն ու սիրային հետաքրքրությունները տարբերը բևեռներում են , ես շատ նմանություններ տեսա : Մեկ էլ կարծես թե մի քիչ շատ արագ ամեն ինչ ստացվեց , չնայած սա հատկանշական է հիմնականում բոլոր ժամանակակից ստեղծագործություններին : Այնուամենայնիվ , կա մի կետ , որին չեմ կարող չհամաձայնվել : Այն սուսիկ-փուսիկ , եղբոր , հոր , ընտանիքի գերխստության տակ մեծացածները , ինչպես Մոխրոտիկը այս ստեղծագործությունում , չտես լինելով, հիմարի պես են իրենց պահում ու չմտածված քայլեր անում : Այնպես որ այս ամենից ևս մեկ անգամ պետք է հասկանալ , որ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՓԱԿԻ ՏԱԿ ՊԱՀԵԼ `պաշտպանելով այն աշխարհից,որը միակն է ու մեզ պարտադրված է,մենք այլ ընտրություն չունենք , ուստի պետք է պատրաստ լինենք դրան ու հարմարվենք:
    Հ .Գ . Մի բան էլ . ի՞նչ կապ ունի մեր իմացած լավ ու առաքինի Մոխրոտը այս հեքիաթի հերոսուհու հետ : Նրանք ուղղակի անվանակիցնե՞ր են :

  6. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Մեջբերում Hripsimee-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ .Գ . Մի բան էլ . ի՞նչ կապ ունի մեր իմացած լավ ու առաքինի Մոխրոտը այս հեքիաթի հերոսուհու հետ: Նրանք ուղղակի անվանակիցնե՞ր են :
    Վերնագիրը պիտի որ հուշեր, որ սա մեզ հայտնի հեքիաթի Մոխրոտի կյանքից մի շրջան է, որը, կարելի է ասել, ընկնում է հեքիաթի մեջ նկարագրվող շրջանից առաջ ու հայտնի հեքիաթից մեզ հայտնի չէ... Այսինքն՝ մեզ հայտնի իրադարձություններն այստեղ նկարագրվածից հետո են տեղի ունենում։
    Շարունակությունը կարդալիս ամեն ինչ պարզ կլինի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Մի հատ էլ էստեղ գրեմ կարծիքս: Քանի որ ես արդեն ամբողջը գիտեմ, ինձ մի քիչ դժվար է միայն այսքանի մասին քոմենտ անել: Էնպես որ ամբողջի մասին կասեմ:
    Կարող եք ինձ նախանձել, ես արդեն ամբողջը կարդացել եմ: Հոյակապ հեքիաթ է, միայն Ուլուանայի երևակայությունը կարող էր մի քանի հեքիաթներ իրար այսպես միացնել՝ դեռ հետն էլ ավելացնելով մեզ անհայտ փաստեր: Սկսվում է մի քիչ լուրջ, բայց թե ինչեր են լինում ընթացքում, ուղղակի աննկարագրելի է...
    Ան, շատ զավեշտալի ու սրամիտ ես գրել, կրեատիվությունն էլ ուղղակի ապշեցնող է: Մի շնչով եմ կարդացել ու մեծագույն հաճույք ստացել:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.05.2008, 01:13:

  8. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Առաջին մասը միայն կարդալով, չգիտեմ, գուցե չարժե շտապել կարծիք հայտնել, բայց ընթացքում առաջացած տպավորությունները գրեմ

    Հեքիաթդ, Ան, ճիշտն ասած, ստանդարտ ու, շարադրանքի առումով մի քիչ հնաոճ սկիզբ ուներ, ու, էդքան էլ նման չէր հեքիաթի /սկիզբը համենայնդեպս/, այսինքն նկատվում էր, որ տեղ-տեղ ջանացված էր հեքիաթի շտրիխներ ցայտեցնել, բայց մի ձև էն չէր նստում /ասենք`ներկա հերոսին ֆրակ կամ կեղծամ հագցնես /:
    Լավ, էդ առումով մի բան էլ քննադատեմ. Ան, նախադասությունները մի քիչ շատ էին պատճառահետևանքային ծավալած /հնացած գրաձև ա/ , որն, իմ կարծիքով մի քիչ ջանջալացրել էր տեքստը, ու ազդել սպասվելիք թեթև-քաշային /որպես հեքիաթի/ պարամետրի վրա:

    Բայց դե, հեղինակի մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ կարգավորված ա, ու դա էլ հաստատ կարգի էր գալու, ինչը երկար սպասեցնել չտվեց…

    Մի քանի պարբերությունից հետո նշածս այսպես ասած թերությունները, իրադարձությունների ծավալման սահունությանը համաքայլ, ծածկվեցին գունեղ նկարագրականությամբ ու դեպքերի արագ ծավալմամբ /երկրորդ ենթամասն էլ, լավ էր, հուսախաբ չարեց :
    Հեքիաթի ոճին հատուկ հումորն ու թեթև հեգնանքը կամաց-կամաց սկսեցին ի հայտ գալ, ու որ գնալով հետաքրքրանալու ա, կարելի ա չկասկածել:

    Հեղինակը փաստորեն կազմել ա այնպես, որ հայտնի հեքիաթների բովանդակությունը մազաչափ չպիտի ազդվի այս նոր, անհայտ “փաստերի” երևան գալով: Տեսնենք…
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 08.05.2008, 08:59:

  9. #7
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Լավն էր դուրս եկավ մենակ խնդրում եմ Մոխրոտի "տոտոնները" չմեծացնես էլի

  10. #8
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    ես ել իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնեմ ինձ թվում ա ընդհանուր միտքը հաջող է, բայց ահավոր ձգձված այս ֆորմատի պատմության համար, մի քիչ մեքսիկական սերիալների սցենարի փոփոխության արագությանն է հիշացնում բայց դա միևնույն է չի խանգարում եթե մարդ սովոր է թռնելով ու արագ կարդալ..
    ...

  11. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին մասը միայն կարդալով, չգիտեմ, գուցե չարժե շտապել կարծիք հայտնել, բայց ընթացքում առաջացած տպավորությունները գրեմ
    Ոչինչ, Ան ջան, ես ամեն մի հատվածի համար առանձին կարծիք եմ ակնկալում , գոնե քեզնից։
    Հեքիաթդ, Ան, ճիշտն ասած, ստանդարտ ու, շարադրանքի առումով մի քիչ հնաոճ սկիզբ ուներ, ու, էդքան էլ նման չէր հեքիաթի /սկիզբը համենայնդեպս/, այսինքն նկատվում էր, որ տեղ-տեղ ջանացված էր հեքիաթի շտրիխներ ցայտեցնել, բայց մի ձև էն չէր նստում /ասենք`ներկա հերոսին ֆրակ կամ կեղծամ հագցնես /:
    Լավ, էդ առումով մի բան էլ քննադատեմ. Ան, նախադասությունները մի քիչ շատ էին պատճառահետևանքային ծավալած /հնացած գրաձև ա/ , որն, իմ կարծիքով մի քիչ ջանջալացրել էր տեքստը, ու ազդել սպասվելիք թեթև-քաշային /որպես հեքիաթի/ պարամետրի վրա:

    Բայց դե, հեղինակի մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ կարգավորված ա, ու դա էլ հաստատ կարգի էր գալու, ինչը երկար սպասեցնել չտվեց…

    Մի քանի պարբերությունից հետո նշածս այսպես ասած թերությունները, իրադարձությունների ծավալման սահունությանը համաքայլ, ծածկվեցին գունեղ նկարագրականությամբ ու դեպքերի արագ ծավալմամբ /երկրորդ ենթամասն էլ, լավ էր, հուսախաբ չարեց :
    Հեքիաթի ոճին հատուկ հումորն ու թեթև հեգնանքը կամաց-կամաց սկսեցին ի հայտ գալ, ու որ գնալով հետաքրքրանալու ա, կարելի ա չկասկածել:

    Հեղինակը փաստորեն կազմել ա այնպես, որ հայտնի հեքիաթների բովանդակությունը մազաչափ չպիտի ազդվի այս նոր, անհայտ “փաստերի” երևան գալով: Տեսնենք…
    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ել իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնեմ ինձ թվում ա ընդհանուր միտքը հաջող է, բայց ահավոր ձգձված այս ֆորմատի պատմության համար, մի քիչ մեքսիկական սերիալների սցենարի փոփոխության արագությանն է հիշացնում բայց դա միևնույն է չի խանգարում եթե մարդ սովոր է թռնելով ու արագ կարդալ..
    Բարեկամ և Grieg, երկուսիդ դիտողություններն էլ լրիվ ընդունում եմ։ Սկզբի մասերն իրոք ձգձգված են ու հեքիաթի ֆորմատին անհամապատասխան։ Ես դա դեռ գրելու ընթացքում էի զգացել, բայց դե հիմա էդպես ստացվեց։ Դիմացեք, դեռ մի քիչ էլ է այդպես լինելու... ։


    ........................................

    Երեկոյան Մոխրոտը Վաղոյին պատմեց իր և սպասուհու միջև տեղի ունեցած երկխոսության մասին։ Որոշ ժամանակ երկուսն էլ լուռ էին, երբ Մոխրոտը խախտեց լռությունը.
    – Դու կամուսնանաս ինձ հետ, չէ՞...
    Վաղոն ցնցվեց, ապա ծանր հառաչեց...
    – Ինչու՞ ես լռում, չե՞ս ամուսնանա...
    – Դա շատ բարդ է...,– մռայլված պատասխանեց Վաղոն՝միաժամանակ իրեն ամենավերջին սրիկայի պես զգալով։
    – Ինչո՞վ է բարդ։
    – Դու հարուստի աղջիկ ես, իսկ ես՝ աղքատ ու թշվառ մի օտարական... Հայրդ ոչ մի դեպքում չի համաձայնի քեզ՝ իր միակ դստերը, որին տարիներով փայփայել է, ամուսնացնել ինձ նման մեկի հետ։
    – Հայրս ինձ շատ է սիրում, և իմ երջանկությունը նրա համար առաջնային է։ Համոզված եմ, որ կհամաձայնի։ Գուցե ուրի՞շ պատճառ կա, որ չես ասում, հը՞...
    – Հըմ... Բացի դրանից, մայրս դեմ էր, որ ես ամուսնանամ այլազգի աղջկա հետ։
    – Բայց չէ՞ որ մայրդ մահացել է,– զարմացավ Մոխրոտը։
    – Այո, և այդ հանգամանքն ավելի մեծ պատասխանատվություն է դնում ինձ վրա։
    – Ի՞նչ պատասխանատվություն։
    – Նա մահից առաջ ինձնից խոստում է առել, որ ոչ մի դեպքում այլազգի կին չեմ առնի։
    – Աստվա՜ծ իմ, ինչպիսի՜ հիմարություն...
    – Չհամարձակվես մորս հիմար անվանել. նա շատ իմաստուն ու պատվավոր կին էր։
    – Ներիր... Բայց ես ի վիճակի չեմ հասկանալու մորդ ասածի իմաստնությունը... Դա ախր ավելի շուտ անեծքի է նման... Չգիտեմ, երևի իմ գերմանական ուղեղին հասու չէ հայկական պատվախնդրությունը...
    - Մեզ՝ հայերիս համար ծնողները սրբություն են, և նրանց խոսքը չհարգելը սրբապղծություն է...
    – Իսկ մարդուն օգտագործելն ու դեն նետե՞լն ինչ է ձեր՝ հայերիդ համար, հը՞։
    – Ներիր... Ես իսկապես մեղավոր եմ քո առաջ...
    – Երբ առաջին անգամ ներխուժեցիր իմ սենյակ, ի՞նչ է, չգիտեի՞ր, որ ես հայ չեմ։ Թե՞ այդ պահին մորդ տված խոստումը գլխիցդ թռել էր։
    – Այո, էդ պահին ես թույլ էի գտնվել... Ինքս էլ չգիտեի, թե ինչ էի անում։ Ինձ չէի կարողանում վերահսկել։ Այդպիսի բան ինձ հետ դեռ չէր եղել...
    – Այդ դեպքում ի՞նչն է քեզ խանգարում մեկ անգամ ևս թուլանալ և ամուսնանալ ինձ հետ։
    – Չե՛մ կարող...,– նյարդայնացած մռնչաց Վաղոն։
    – Ուրեմն հենց հիմա հեռացի՛ր ու էլ երբեք չվերադառնա՛ս,– հուսահատ գոռաց Մոխրոտը,– չքվի՛ր իմ սենյակից ու իմ կյանքից,– և գլուխը թաղելով բարձի մեջ՝ սկսեց անզուսպ հեկեկալ։
    – Ներիր ինձ... Ես գիտեմ, որ տականք եմ, և որ իմ արածը ներում չունի։ Ես քեզ սիրում եմ, բայց քեզ հետ ամուսնանալ չեմ կարող... Մնաս բարով...

    Ամբողջ գիշեր Մոխրոտն իր սենյակում լալիս էր, Վաղոն էլ իր սենյակում էր իրեն ուտում։ Մոխրոտն ու իր հանգուցյալ մայրը կարծես մրցակիցներ դարձած տանջում էին նրան ողջ գիշեր... Մեկ աչքի առաջ էր հայտնվում Մոխրոտի չքնաղ կերպարանքը, մեկ էլ մայրն էր հայտնվում, Մոխրոտին կոպտորեն մի կողմ հրում ու մատը վեր ցցած՝ սպառնագին կանչում. «Իմացի՛ր, հա՜, դագաղիս մեջ շուռ կգամ...»։ Երբ մղձավանջային գիշերն ավարտվեց, Վաղոն խոսեց Մոխրոտի հոր հետ, ասաց, որ իր հայրենիքում դեպք է պատահել, և ինքը շտապ պիտի մեկնի։ Պարոնը, բնականաբար, անակնկալի էր եկել և շատ էր ափսոսում Վաղոյի նման բարեխիղճ աշխատողի կորցնելու համար, բայց դե ի՞նչ կարող էր անել։

    Վաղոյի հեռանալուց մեկ շաբաթ անց Մոխրոտի հայրը դստերը ներկայացրեց իր ապագա կնոջը՝ սպասուհի Գրետային, որից ևս մեկ շաբաթ անց նրանք ամուսնացան, և Գրետան իր հետ բերեց իր երկու դուստրերին, որոնք իրենց մոր հետ դեռ շատ երկար պիտի թունավորեին խեղճ Մոխրոտի կյանքը։ Հենց սկզբից խորթ մայրը Մոխրոտին զգուշացրեց, որ այսուհետև ինքն է տան տիրուհին, և սպառնաց իրեն չհնազանդվելու դեպքում պատմել ամուսնուն Վաղոյի մասին. «Նա քեզ երբեք չի ների, կարող ես համոզված լինել,– ասում էր նա,– դու դավաճանել ես նրա վստահությունը»։ Եվ Մոխրոտի համար սկսվեցին սև օրերը... Մի կողմից Վաղոյի հանդեպ սերն ու նրա պատճառած ցավն էր կեղեքում հոգին, մյուս կողմից՝ դաժան խորթ մայրն ու նրա աղջիկներն էին կյանքը դժոխքի վերածում... Բայց այդ ամենի մասին համապատասխան գրքերում էլ է գրված, և բոլորդ էլ գիտեք, իսկ ես միայն անհայտ դեպքերն եմ պատմում։

    Վաղոն դարդոտված ճամփա ընկավ... Ինքն էլ չգիտեր, թե ուր է գնում։ Ճանապարհին էլ մտավ մի գարեջրատուն, կարգին կոնծեց, որ դարդերը մոռանա։ Այդպես մի շաբաթում խմելով մսխեց մի քանի ամսվա ընթացքում կուտակած ամբողջ գումարը և քոռ ու փոշման վերադարձավ հայրենիք...
    Այստեղ էլ սկսեց գրոշների դիմաց բեռնակրություն անել, որ մի կերպ գլուխը պահի... Մի քանի տարի ամբողջ օրը քրտնաջան աշխատելով՝ հասկացավ, որ իր կյանքը կյանք չի, հարկավոր է մի բան ձեռնարկել։
    – Չէ, սենց չի լինի,– մի օր ինքն իրեն ասաց Վաղոն,– առավոտից իրիկուն աշխատում եմ, բայց ստացածս գրոշներ են։ Կյանքս անցնում է, էդպես էլ աղքատությունից դուրս չեմ գալիս։ Երկիրը երկիր չի, ում էլ դիմեմ, բանի տեղ դնող չի լինելու, ավելի լավ է քյասար գնամ Աստծո մոտ, տեսնեմ՝ ինչ ճար է անում։

    Եվ վեր կացավ, գնաց Աստծուն որոնելու։ Շատ գնաց, թե քիչ, Աստված գիտի, մեկ էլ դիմացը դուրս եկավ մի գայլ.
    –Բարլուս, Մա՛րդ ախպեր։ Էս ու՞ր։
    – Բարի օր, Գե՛լ ախպեր։ Էհ, գնում եմ Աստծուն գտնեմ, դարդս պատմեմ, տեսնեմ՝ ինչ կասի,– ու պատմում է Գայլին իր չարքաշ կյանքի մասին։
    – Հըմ... Լավ չի,– մտածկոտ ասաց Գայլը,– բայց դե ես էլ մի երևելի վիճակում չեմ, մեղմ ասած։ Դու գոնե աշխատում ես, թեկուզ քիչ, բայց էլի մի բան գցում ես բերանդ, բա ե՞ս ինչ ասեմ, որ հաճախ օրերով սոված եմ մնում... Որ Աստծուն գտնես, մի հատ էլ ինձ համար բարեխոսի, էլի։
    – Լավ, աչքիս վրա,– ասաց Վաղոն ու շարունակեց ճանապարհը։

    Մի անգամ ճանապարհին ծարավեց, որոշեց ծեծել մոտակա տներից մեկի դուռը և ջուր խնդրել։ Միաժամանակ հիշեց, թե ինչպես էր Մոխրոտենց տանը ջուր խմելու համար առաջին անգամ օրը ցերեկով մտել նրանց տուն, և թե ինչ ճակատագրական էր եղել դա իր և ոչ միայն իր համար... Մոխրոտին այդ մի քանի տարում հազիվ էր մոռացել, ինքն էլ մի քիչ սնահավատ էր, ու կարևոր գործի վրա նոր փորձանքներ չէր ուզում, ուստի հանկարծ մտածեց, որ քանի դեռ դուռը չեն բացել, հարկավոր է արագ ծլկել այդտեղից. ոչինչ, մի կերպ կդիմանա մինչև մոտակա աղբյուրը։ Բայց արդեն ուշ էր։ Դուռը բացեց մի գեղեցիկ աղջիկ և բարեհամբույր ժպտալով հարցրեց, թե ինչ է ուզում։ Վաղոն Մոխրոտից հետո դեռ չէր հանդիպել նրա պես չքնաղ էակի, և տեսնելով աղջկան՝ սկզբում հիացմունքից սկսեց կմկմալ, վերջը մի կերպ հասկացրեց, որ ծարավ է, ջուր է ուզում։ Աղջիկը ջուրը բերեց, և մինչ Վաղոն ագահորեն դատարկում էր ջրով լի սափորը, աղջիկն աչքի տակով զննում էր նրան ու խունջիկ–մունջիկ գալիս... Ըստ երևույթին՝ Վաղոն նրան շատ էր դուր եկել։ Երբ ջուրը խմեց, վերջացրեց, աղջիկը հետաքրքրվեց, թե ուր է գնում։ Սա էլ արագ պատմեց իր դարդը և արդեն ուզում էր հեռանալ, երբ աղջիկն ասաց.
    – Սպասիր, մի երկու խոսք էլ իմ կողմից կփոխանցես Աստծուն։ Կասես, որ մի աղջիկ կա՝ ջահել, սիրուն, հարուստ, բայց անբախտ... Ի՞նչ անի, որ բախտավորվի։
    «Էնպես է սեթևեթելով նայում, կարծես ե՛ս պիտի իրեն բախտավորեմ »,- բարկացած մտածեց Վաղոն, իսկ բարձրաձայն ասաց.
    – Լավ, կասեմ։
    – Ի դեպ, իմ անունը Փառանձեմ է՝ հանգուցյալ տատիկիս անունից,– ժպտալով ձեռքը մեկնելով՝ ասաց աղջիկը։
    «Իմ չսիրած անունը »,– մտածեց Վաղոն, իսկ բարձրաձայն ասաց.
    – Իմն էլ՝ Վաղո։ Շնորհակալ եմ ջրի համար, առայժմ,– և անմիջապես շրջվեց, որ գնա։
    – Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ, շատ հաճելի էր ծանոթանալը,– աչքերը ճպճպացնելով ասաց աղջիկը,– անհամբեր կսպասեմ Ձեր վերադարձին։

    Վաղոն ճանապարհին գետափի մոտով անցնելիս մի ծառի հանդիպեց, որը, թեև աճած էր ջրափին, բայց ամբողջությամբ չորացած էր։ Սա էլ իր հերթին դարդերը պատմեց, խնդրեց հարցնել Աստծուն, թե ինչու ինքը չի կանաչում, և թե երբ է վերջապես կանաչելու։ Վաղոն խոստացավ նրա խնդիրն էլ փոխանցել Աստծուն։ «Մի բուռ ազգ ենք, բա պիտի իրար օգնենք, բա ի՞նչ»։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.04.2013), Արեն (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Կաթիլ (15.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  13. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Վերջապես հասավ Աստծուն, բոլորի խնդիրները պատմեց, Աստված ասաց.
    – Քո բախտը տվել եմ, գնա՛, վայելի՛ր։ Չնայած մինչև էդ էլ էի տվել, ձեռքիցդ բաց թողեցիր։ Գոնե էս անգամ ավելի ուշադիր կլինես, էլի բաց չթողնես։ Սա քո երկրորդ շանսն է։
    – Տեսնես ե՞րբ եմ բաց թողել, որ չեմ նկատել... ,– մտածկոտ ծոծրակը քորելով՝ քթի տակ ասաց Վաղոն, բայց էդպես էլ տեղը չբերեց։
    – Իսկ մնացածների համար կասեմ հետևյալը. էդ Գայլը պիտի մի անխելք մարդ գտնի, որ ուտի, կշտանա, ուրիշ ճար չունի։
    «Այ քո տունը շինվի, էս դարում անխելք մարդ որտեղի՞ց ճարի էդ խեղճը,– մտքի մեջ ծիծաղեց Վաղոն,– հիմա բոլորը խելոք են, մեկը մեկից խորամանկ»։
    «Դու քո մասին մտածիր, ինքը կգտնի »,– նրա մտքերը կարդալով՝ ի պատասխան մտածեց Աստված ու քմծիծաղեց։
    – Էդ ծառի տակ,– շարունակեց Աստված,– ահագին ոսկի կա, դրա պատճառով արմատները չեն հասնում ջրին, հենց դրանից էլ կլոր տարին չոր է, չի կանաչում։ Էդ ոսկին պետք է անհապաղ հանել, որ կանաչի։ Ի դեպ, կյանքումդ ոսկի տեսած կա՞ս։
    – Չէ մի,– պատասխանեց Վաղոն, ես ու՜ր, ոսկին՝ ու՜ր։ Դուք էլ նենց հարցեր կտաք, ու՞ր էր ինձ տենց բախտ։ Որ էդքան բախտ ունենայի, էլ էստեղ ի՞նչ գործ ունեի։
    – Դե, տես, արդեն տվել եմ բախտդ, նայի՝ ինչ ես անում։ Հա, էն սիրուն աղջկան էլ կասես, որ իրեն կյանքի ընկեր է պետք, որ բախտավորվի։ Ի դեպ, ի՞նչ կարծիքի ես նրա մասին ,– աչքով անելով հետաքրքրվեց Աստված,– վատիկը չի, չէ՞։
    – Դե հա,– մի քիչ շփոթված ժպտալով պատասխանեց Վաղոն,– վատը չէր, մեր մեջ ասած, բայց դե ի՞նձ ինչ, նրա ապագա կյանքի ընկերոջ աչքը լույս։
    «Անխե՜լք, անխե՛լք եմ ասել, է՜,– հիասթափված մտածեց Աստված,– չլսված ու չտեսնված անխելք։ »։

    Էսպես մեր Վաղոն Աստծու մոտից ուրախ–ուրախ ճամփա ընկավ, ճանապարհին հանդիպեց ծառին, ու քանի որ շատ էր շտապում իր բախտի հետևից, արագ–արագ ասաց նրա չորության պատճառը, որ շուտ առաջ անցնի–գնա, բայց ծառն ասաց.
    – Դե հանի ոսկիները, համ ես կկանաչեմ, հա դու կհարստանաս, էլի։ Մի զարկով երկու նապաստակ կխփես։
    – Չէ, ի՞նչ ես ասում, մեկ ուրիշին ճարի դրա համար, ես էդքան ժամանակ չունեմ, բախտիս հետևից պիտի գնամ, քանի էլի բաց չեմ թողել ձեռից։ Էս անգամ արդեն չեմ շեղվելու էս կողմ–էն կողմ, որոշել եմ,– և ծառին այդպես թողնելով՝ հեռացավ գետափից։

    Շոտով տեսավ՝ Փառանձեմն իրենց դռան մոտ նստած՝ անհամբեր իրեն է սպասում։ Հենց որ Վաղոյին տեսավ, անմիջապես առաջ նետվեց.
    – Հը՞, ի՞նչ նորություն ես բերել,– հույսով լի հայացքը Վաղոյին ուղղելով՝ ասաց աղջիկը։
    – Դե, Աստված ասեց, որ դու պիտի կյանքի ընկեր գտնես քեզ համար, որ երջանկանաս, էնպես որ գործի անցիր, ես էլ գնամ իմ բախտի հետևից,– այս ասելով՝ շրջվեց, որ գնա։
    – Մի րոպե,– նրա ձեռքը բռնելով՝ ասաց աղջիկը,– իսկ գուցե ներս գաս, միասին սուրճ խմենք, հը՞, ի՞նչ կասես։ Երկար ճամփա ես կտրել, հոգնած կլինես...
    – Չէ, ժամանակ չունեմ, քույրիկ ջան։ Բախտս ինձ է սպասում, ներող կլինես, բայց ես պետք է գնամ։
    Աղջիկը հուսահատ հառաչեց.
    – Լավ, որ չես ուզում, ի՞նչ կարող եմ անել...
    Իսկ մտքի մեջ ասաց. «Ինձանից լավի՞ն ես ճարելու, ա՛յ անխելք »:


    – Բարև Ձեզ։
    – Բարև։ Ինչ հավես կլորիկ ես։ Կներկայանա՞ս։
    – Գնդլիկ Բոքոնիկն եմ՝ համանուն հեքիաթից։ Մտերիմների համար՝ պարզապես Բոքոն, ոմանց նույնիսկ թույլ եմ տալիս ինձ Գնդըլ անվանել։ Իսկ դու՞ ով ես։
    – Ե՞ս... Դե, ես էլ Անխելք Մարդն եմ, ամոթ չլինի ասելը, էլի համանուն հեքիաթից։ Մտերիմների համար՝ Վաղո։
    – Հըմ...,– ասաց Բոքոնը,– պետք է որ բավական տպավորիչ անցյալ ունեցած լինես՝ դատելով անունիցդ։ Բա ու՞ր ես գնում էդպիսի նպատակասլաց դեմքով։
    – Հեչ, բախտիս հետևից։ Էհ, մեռա ման գալով. անտերը չկա ու չկա...
    – Էհ, բախտդ բերել է, որ դու ես փնտրում, իսկ ինձ միշտ ուրիշներն են փնտրում... Ստիպված փախած եմ ման գալիս, սենց տնից–տեղից կտրված՝ ընկել եմ չոլերը... Դու գոնե գիտես, որ քեզ վտանգ չի սպառնում։ Իսկ ինձ ով տեսնում է, ուզում է ուտել։ Ոչ մեկի մտքով չի անցնում իմ մեջ անհատականություն տեսնել. մենակ բկների մասին են մտածում...
    – Վայ, բայց լուրջ, ինչ ախորժելի տեսք ունես, նոր նկատեցի...,– աչքով անելով՝ ծիծաղեց Անխելք մարդը,– վատ միտք չի, գիտե՞ս։
    Բոքոնը սարսափից սփրթնեց...
    – Բայց չէ, մի վախեցի, ես լուրջ նպատակ ունեմ, տենց դատարկ բաների ժամանակ չունեմ, բախտս ինձ է սպասում։ Գնամ, գտնեմ... Համ էլ, ճիշտն ասած, խմորեղենի հետ դեռ փոքրուց սեր չեմ ունեցել, էնպես որ, Բոքոն ախպեր, ինձնից քեզ վտանգ հաստատ չի սպառնում։

    Բոքոնը թեթևացած շունչ քաշեց ու ախորժելի գույնը տեղն ընկավ։
    – Լավ, բայց մի րոպե, հատկապես մարմնիս ո՞ր մասից եևաց, թե «ախպեր» եմ։ Իմ սեռը դեռևս անհայտ է գիտությանը, իսկի ինձ թխող տատին չգիտի, թե ես ինչ սեռի եմ, դու ինչի՞ց որոշեցիր, թե տղա եմ։
    – Եսիմ, Բոքոն ջան, ուղղակի դեռ ոչ մի անգամ քաչալ աղջիկ չեմ տեսել... Համ էլ, դե ո՞նց ասեմ, զգում եմ, էլի։
    – Ա՜,– հանկարծ սարսափահար ճչաց Բոքոնը,– Գա՜յլը։ Ուր գնում եմ, էդ սովածը դեմս ա դուրս գալիս։ Թռա՛նք, քանի չի հասել...
    – Ի՞նչ եղավ, ի՞նչ թռնել... Էդ մեր Գել ախպերն ա, մենք իրար ճանաչում ենք։ Ես որ վախենալու բան չունեմ։ Ուզու՞մ ես՝ դու թռի, այսինքն՝ գլորվի–փախի, ես Գայլին կզբաղեցնեմ։
    – Լավ, Անխելք ջան, շատ շնորհակալ եմ, քեզ քո բախտային որոնումներում հաջողություն, մնաս բարով, ես թռա։
    – Քեզ էլ հաջող գլորվածք, Բոքոն ջան։

    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.05.2008, 18:23:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.04.2013), Արեն (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Կաթիլ (15.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  15. #11
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Ուլուանա ջան, լավն ա
    Քեզ հաջողվեց հեքիաթներին չհավատացող ֆիդայուն ներքաշել "սիրային եռանկյունու" մեջ: Չեմ համբերում, վերջն եմ ուզում, վերջը...
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  16. #12
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Որ երկարությունը տեսա, ինքս ինձ ասացի, որ չէ, հաստատ հիմա այսքան չեմ կարդա, լրիվ կտեղադրի-կպրծնի, հենց ազատվեմ, միանգամից ամբողջը կկարդամ:
    Էն էլ չնկատեցի էլ, թե ոնց սկսեցի կարդալ, տեսա` կամաց-կամաց հետաքրքրանում է, ու չկարողացա կանգնել:
    Արված դիտողությունների հետ էլ հիմնականում համաձայն եմ, բայց միևնույնն է` շատ հավես միքս է ստացվել, լավ կարդացվում է: Հատկապես Աստծո կերպարն էր լավը:
    Սպասում եմ շարունակությանը:

  17. #13
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ երկարությունը տեսա, ինքս ինձ ասացի, որ չէ, հաստատ հիմա այսքան չեմ կարդա, լրիվ կտեղադրի-կպրծնի, հենց ազատվեմ, միանգամից ամբողջը կկարդամ:
    Էն էլ չնկատեցի էլ, թե ոնց սկսեցի կարդալ, տեսա` կամաց-կամաց հետաքրքրանում է, ու չկարողացա կանգնել:
    Իմ հետ էլ նույնը եղավ Մտածում էի բոլորը տեղադրելուց հետո մի շնչով սզբից մինչև վերջ կկարդամ, էն էլ չհամբերեցի, բայց հիմա փոշմանել եմ, որ չսպասեցի, որովհետև շարունակությունն եմ ուզում
    Սկզբի մասի երկարաձգվելու հետ համաձայն եմ, բայց հետո դեպքերը արագորեն շատ հետաքրքիր ու կլանող են դառնում, այնպես որ սկզբի ձգձգման պահը շատ չի ազդում հեքիաթի էֆեկտիվության վրա: Լավն է, Ան ջան, սպասում եմ շարունակությանը
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  18. #14
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Ոչինչ, Ան ջան, ես ամեն մի հատվածի համար առանձին կարծիք եմ ակնկալում
    ok

    Ան, երկրորդ մասը տպել, ճանապարհին էի կարդում` ծիծաղելով. երևի տարօրինակի տպավորություն էի թողնում

    Տեքստդ լավն ա, հղկված, լրիվ ներկվել ա գնդիկ բոքոնիկի պես ախորժելի գույնով, երկխոսություններումդ խոսակցականն ու գրագիտությունը շատ հմուտ ես համադրել, որի հետևանքում գործդ կուռ ու ամբողջական ա ընկալվում:
    Հետաքրքիր ա իհարկե, բայց ամբողջը միանգամից չեմ ուզի, էս կարգի հեքիաթները պետք ա սենց չափաբաժիններով մզմզան…

  19. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    * * *

    – Մարդ ախպեր, բարի օր։
    – Աստծու բարին, Գել ախպեր։
    – Ո՞նց ես, ի՞նչ կա–չկա, դե պատմի։
    – Էհ, պիտի որ լավ լինեմ, տեսնենք, հույս են տվել, համենայնդեպս։ Դու՞ ոնց ես, էս ընթացքում մի բան կերե՞լ ես գոնե։
    – Տո չէ–հա, այ մարդ, ոչ մի բան։ Բախտ չունեմ, էլի, հո զոռով չի։ Երեկ, օրինակ, էս մասով մի կառք էր անցնում, մեջից մի սիրուն աղջիկ դուրս թռավ, վազելով գնաց։ Մեկ էլ ի՞նչ տեսնեմ. էս կառքը հանկարծ դդում դառավ, պատկերացնու՞մ ես։ Մի հատ մե՜ծ դդում։ Կյանքումս տենց բան չէի տեսել... Մտածեցի՝ լավ ա, գոնե դրանից մի քիչ կուտեմ, էլի փորս մի բան կընկնի, թե չէ սենց սովամահ եղա... Էն էլ մինչև մոտեցա, էն անտեր ծտերն ու նապաստակները վրա տվին, լրիվ տարան, մենակ պոչն էին թողել... էն Բոքոնն էլ էնտեղ հա խաբեց, վրայիցս թռավ... Տենց էլ մնացի սոված։ Ես ընդհանրապես խմորեղեն առանձնապես չեմ սիրում, բայց դե շատ սոված էի, դրա համար արդեն չէի նայում՝ ով ա, ինչ ա, ինչ նյութից ա, քարից փափուկ ինչ տեսնում՝ ուտում էի... Բայց դե մի կողմից էլ էդ գնդլոն ախր շատ դեմք երեխա ա է, մի տեսակ սիմպատիաս բռնել ա, էլ չեմ ուզում ուտել դրան։ Թող հանգիստ ապրի իր համար։
    – Հա, ինձ էլ դուր եկավ, ճիշտն ասած...
    – Դե լավ, Բոքոնը հեչ, արի վերադառնանք մեր հեքիաթին, դու գործից խոսի։ Աստծու կողմերից ի՞նչ խաբար–մաբար ես բերել։ Պատմի։
    – Հա, լավ հիշեցրիր։ Սպասի սկզբից պատմեմ...
    Ու Գայլին պատմեց և՛ Աստծու ասածները բոլորի մասին, և՛ իր վերադարձի ճամփին ունեցած հանդիպումները ծառի ու աղջկա հետ։
    Գայլը գնալով մռայլվում էր... Իսկ երբ լսեց, թե Աստված ինչ է ասել իր համար, այլևս չդիմացավ։
    – Արա, դու լրիվ էշ ես, լուրջ եմ ասում։ Քեզ նման անխելք, որ ամբողջ աշխարհն էլ ոտի տակ տամ, չեմ գտնի... Քեզ նմաններին թանգարանում ա պետք պահել՝ որպես անխելքության եզակի նմուշ։ Արա՛, դու Աստծո ասածներն ընդհանրապես տեղը չես բերել, արա՛... Բայց ես հո լավ եմ տեղը բերում, ես իմ բախտը գտել եմ ու ձեռիցս բաց չեմ թողնի։ Ներող, ախպեր, բայց...
    Եվ Գայլն անմիջապես կուլ տվեց Անխելք մարդուն...


    Բայց մեր Գայլը մի հետաքրքիր առանձնահատկություն ուներ, որով և տարբերվում էր սովորական գայլերից. բանն այն է, որ ամեն անգամ մեկին ուտելուց հետո խղճի խայթի անտանելի նոպա էր ունենում... Առանձնանում էր անտառում մի տեղ, ծանր սրտով ու համապատասխան ծանր ստամոքսով, լացակումած դիմում էր Աստծուն, մեղա գալիս, աղաչում, որ այսուհետև իրեն հեռու պահի նման մեղքերից... Այս անգամ էլ բացառություն չեղավ.
    – Աստված իմ, ո՞նց անեմ... Ախր ամեն անգամ բթամիտ, տհաս ու անխելք արարածների հանդիպելիս ախորժակս աննկարագրելի ձևով բացվում է, ու էլ չեմ կարողանում ինձ տիրապետել։ Ո՞նց ազատվեմ էս փորձանքից...

    Մեկ էլ հանկարծ հիշեց, թե Աստված ինչ էր ասել իր համար։ Ուրեմն անխելքներին ուտել կարելի է... Դե, երևի Աստված մի բան գիտի, էլի, ոնց էլ չլինի, Աստված է, եթե ինձ էդպիսի բան է ասել, ուրեմն անխելքներին ուտելը երևի մեղք չի...

    Անցավ մի շաբաթ։ Գայլն այդ ընթացքում սնվում էր այստեղից–այնտեղից պոկած խոտերով, տերևներով, մրգերով ու բանջարեղենով։ Ճիշտ է, նորմալ չէր կշտանում, բայց դե գոյատևում էր, էլի։ Սակայն մի շաբաթ հետո արդեն կարգին խժռելու պահանջ ուներ։

    Այսպես սոված–սոված ման էր գալիս անտառում, երբ տեսավ դիմացից եկող մի աղջկա... Ձեռքին մի տոպրակ կար, գլխին՝ կարմիր գլխարկ։
    – Բարև, Կարմրիկ,– ասաց Գայլը՝ կտրելով աղջկա ճամփան։
    – Բարև, քեռի,– ժպտալով պատասխանեց Կարմրիկը։
    – Սենց մենակ–մենակ ու՞ր ես գնում մութ անտառով։ Գիտե՞ս ինչքան ինձ նման գազաններ են վխտում էս անտառում։ Բա որ բռնեն ու ուտեն։ Չե՞ս վախենում։
    Կարմիր Գլխարկը ծիծաղեց։
    – Չէ, չեմ վախենում։ Մամաս դանակ է տվել, որ մոտս պահեմ ու դրանով պաշտպանվեմ, եթե պետք լինի։
    – Մի հատ կարելի՞ ա նայեմ դանակդ։
    – Հա, իհարկե, մի րոպե,– և Կարմրիկը պայուսակից հանեց դանակն ու մեկնեց գայլին։
    – Հըմ, վատ դանակ չի,– դանակը տնտղելով՝ ասաց Գայլը,– ես էլ կուզենայի սրանից, կնվիրե՞ս։
    – Հա, վերցրեք, տանը շատ ունենք դրանից։
    «Արա, էսի լրիվ տհաս ա... »,- մտածեց Գայլն ու դանակը խցկեց գոտու մեջ։

    – Համ էլ էս ճանապարհն ապահով է,– ասաց Կարմրիկը,– իսկ ուրիշ ճանապարհներով չեմ գնում. մամաս չի թողնում, ասում է, որ էնտեղ լիքը գազաններ կան, հատկապես գայլերն են վախենալու։
    – Լավ, էդ սաղ հեչ, իսկ քո կարծիքով, ես ո՞վ եմ։
    – Դու՞ք... Ըմմմ..., չգիտեմ... Բայց տարօրինակ տեսք ունեք. մինչև հիմա Ձեզ նման մարդու չեմ հանդիպել, ճիշտն ասած։
    – Վա՜յ, ինչպիսի՜ հետաքրքիր զուգադիպություն, ախր ես էլ մինչև հիմա քե՛զ նման մարդ չէի տեսել ,– ասաց Գայլը և միաժամանակ մտածեց. «Նույնիսկ էն օղորմածիկ Անխելք Մարդը քո համեմատ փառք էր... Աստված Անխելք հոգին լուսավորի...»։
    – Լավ, բալես, բա որ մամադ ասել ա, որ գայլեր կան, ու որ շատ վախենալու են, իսկ չի՞ ասել, թե էդ անտեր գայլերն ինչպիսին են, որ դու էլ իմանաս, զգուշանաս։ Թե՞ ասել ա՝ դու քո համար արխային գնա, հենց մեկը քեզ կերավ, ուրեմն գայլ ա ,– ծիծաղեց գայլը։
    Կարմրիկը նույնպես ծիծաղեց։
    «Ա՛յ տհաս, ես քեզ վրա եմ ծիծաղում, հետաքրքիր ա՝ դու՞ ում վրա...»։
    – Լավ, քեզ ինչ հիշում եմ, միշտ էս նույն ճանապարհով ես գնում–գալիս։ Նույնիսկ ծառերն ու խոտերն են երևի արդեն ձանձրացել քեզնից, դու հեչ չե՞ս ձանձրացել միշտ նույն ճանապարհով գնալուց։
    – Բայց լուրջ, ծառերը բողոքե՞լ են ,– անհանգստացավ Կարմրիկը։
    – Չէ, ծառերը տենց բողոքելու սովորություն չունեն։ Մենակ մեկն էր մի անգամ բողոքել, էն էլ քեզ հետ կապ չուներ, ուղղակի տակը ոսկի կար, չէր կարողանում կարգին աճել, հանել էր պետք, բայց դե էդ արդեն լրիվ ուրիշ հեքիաթից ա, արի օֆֆտոպով չզբաղվենք։ Իսկ այ խոտերը, չնայած էլի չեն բողոքել, բայց որ նայում եմ իրենց տրորված ու բազմաչարչար տեսքին, զգում եմ, թե ինչքան են տանջվել քո գոնդոլ կոշիկների հաճախակի ճնշումներից։ Հեչ չե՞ս մտածել բազմազանության համար մեկ–մեկ էլ ուրիշ ճանապարհով գնալ տատիդ տուն։
    – Չէ...,– մտածկոտ պատասխանեց Կարմիր Գլխարկը։
    – Ուրեմն ճիշտ ժամանակն ա տաղտուկ կյանքիդ մեջ առանցքային փոփոխություններ մտցնելու։ Թե չէ էս տխուր ճանապարհով մարդ մի քանի օր անցնի, դեպրեսիայի մեջ կընկնի, թե դու ոնց ես էսքան տարի դիմացել, չգիտեմ...
    – Եսիմ...,– էլի մտածկոտ ասաց Կարմրիկը։
    – Լավ, շատ խոսեցինք, տատդ երևի մեռավ քեզ սպասելով։ Արի քեզ մի հատ ուրիշ ճանապարհ ցույց տամ, դու դրանով գնա, ես էլ քո սիրած ճանապարհով գնամ, տեսնենք՝ ով շուտ կհասնի, հա՞։
    – Լավ,– ուրախացած համաձայնեց Կարմրիկը։
    Գայլը նրան ցույց տվեց ճանապարհը, և աղջիկն անմիջապես թռվռալով ճամփա ընկավ։
    – Մդա... ,– ասաց Գայլը,– շատ տխմարներ էի տեսել կյանքումս, բայց դե ճիշտ են ասում, որ տխմարից տխմարն էլ է լինում։ Էհ, ինչպես ասում են՝ Աստված էլ բեթարից ազատի... Աչքիս Կարմրիկի մաման ու պապան համապատասխան գիշերը շատ են կոնծել՝ իրենց ապագա մինուճար դստեր մտավոր ունակությունների հերն անիծելով։ Այ–այ–այ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.04.2013), Արեն (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Չհեքիաթային հեքիաթներ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.11.2015, 12:15
  2. Հեքիաթներ ոչ երեխաների համար
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 280
    Վերջինը: 03.12.2012, 23:06
  3. Հեքիաթներ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 01.06.2010, 02:35
  4. Անհայտ նամակ
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 30.12.2006, 14:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •