Բնության փոքր նախարարը հայելու առջեւ կանգնած ուղղեց փողկապը, դեմքին տվեց լուրջ արտահայտություն ու սկսեց վատ սերտած դասի տեմպով արտասանել. «Ուրանը բնության մեջ ռադիոակտիվ չէ եւ միայն մի թեթեւ կարող է ճառագայթել անմիջապես իր հետ շփվողներին: Այն մեծ օգուտ կարող է բերել հանրապետությանը, ստեղծել աշխատատեղեր, ավելացնել բյուջեի մուտքերը եւ…»: Նախարարի մտքի թելը կտրվեց, մի տեսակ համոզիչ չէր ստացվում: 10 րոպե հետո բրիֆինգը կսկսի, իսկ իր խոսքը համոզիչ չի դառնում: Պետք է ավելի լավ հիմնավորում գտնել մի ամբողջ մարզ ռադիոակտիվ դարձնելու համար: Հետո նա մի պահ բարկացավ, «բայց խի պիտի ես հնարեմ էդ պատճառաբանությունը, ուրիշ նախարարներ կան դրա համար` տնտեսական, ընդերքի, իրանք իրանց համար թվեր են ասում, իսկ ես փոխանակ արգելեմ ու տուգանքներ նշանակեմ, իրանց գործն եմ անում»:

Հանկարծ դեմքին ժպիտ երեւաց, գտավ` էվրիկա: Կձեւակերպի այսպես. «Ուրանի հանքերի առկայությունն ու դրանց շահագործումը հավելյալ խթան կհանդիսանան տարածաշրջանում ձկնաբուծության զարգացման համար: Հայտնի է, որ պարզ կենդանիները, հատկապես ձկները, ռադիոակտիվության ֆոնը դրական են ընկալում եւ հասնում են անոմալ մեծ չափսերի: Օրինակ, այն ձկնատեսակները, որոնք այս մասում վերանում էին, այժմ ռադիոակտիվ ազդակներ ստանալով` կսկսեն արագ բազմանալ ու մեծանալ: Կողակի միջին քաշը գետերում կլինի 10-15 կիլոգրամ, ծիածանափայլ իշխանը` մինչեւ 30, տարածաշրջանի բնակչությունը կլինի երկու գլուխ ավելի բարձրահասակ եւ թիկնեղ, այսինքն մենք սրանով լուծում ենք նաեւ մարտունակության ու անվտանգության խնդիրը: Այս տարածաշրջանից զորակոչված ամեն զինվոր տասնապատիկ ավելի մեծ արժեք կներկայացնի իրենից, քան սովորական զինվորը. Մեծ է, ուժեղ է, դիմանում է ռադիոակտիվությանը, այսինքն մտածելու կարիք չունի»:

Բնության փոքր նախարարն արդեն պատկերացնում էր, թե ինչպես բրիֆինգից հետո իրեն կզանգահարի հին նախագահն ու գովեստի խոսքեր կշռայլի իրավիճակից այսքան փայլուն դուրս գալու համար: Եթե ինքը չզանգի, կհանձնարարի, որ մեծ նախարարը զանգի, հետո իրեն կհրավիրեն Ռուսաստան եւ ժողովուրդների բարեկամության շքանշան կտան ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու համար:

Մտքի թելը կտրեց օգնականը. «Պարոն նախարար, Մեծ անտառի հանքում շատ մեծ քարի են դեմ առել: Լիխտենշտեյնից զանգել` քարը պայթեցնելու թույլտվություն են խնդրում»: «Անմիջապես թույլատրել», մի պահ կորցնելով իրեն, հրահանգեց նախարարը: «Բայց եթե պայթեցնեն, դիմացի գյուղը գետնի տակ կանցնի»: Քիչ էր մնում ասեր` թող անցնի, միեւնույն է, մի քանի տարուց այդտեղ մարդ չի մնալու, բայց զսպեց իրեն: «Թող առանց ցնցումների պայթեցնեն, ասում են այդպիսի տեխնոլոգիա հիմա կա», ասաց նախարարը, սրբեց դեմքի սառը քրտինքը եւ գնաց բրիֆինգի` մտածելով` «Համ էլ լրագրողներին կասեմ, որ մենք գյուղը փրկեցինք»:
10:22:43 - 04/05/2008 http://lragir.am