Շնորհակալության կարիք չկա, հարգելի Կուկ, միշտ սիրով ուրախ կլինեմ օգտակար լինել կարեցածիս չափով
Անշուշտ իրավունք ունեք սեփական մոտեցումն ունենալու, բայց հաշվի առնենք, որ քառասունքը նույնպես հուղարակավորության պես «ընդամենը արարողություն է»: Եվ հետո հաշվի առնենք նաև, որ տվյալ պարագայում հանգրվանային բոլոր օրերի (կլինի յոթնօրեք, քառասունօրեք կամ տարելից) հենքը հենց այդ «ընդամենը արարողություններն են»: Եթե մի կողմ դնենք այդ հենքը, ապա դրանք կբովանդակազրկվեն ու կդառնան պարզապես սովորույթներ:
Քառասունքի արարողության պարագայում խիստ դժվար է նման ընդհանրականություն հաղորդել: Արարողությունը մասնավոր բնույթ է կրում և յուրաքանչյուր հանգուցյալի համար կատարվում է առանձին, ինչպես արդեն նշեցի, այն գերեզմանի առջև, ուր թաղված է հանգուցյալը: Արարողությունը կատարելու համար անհրաժեշտ է հարազատներ հոժարությունը և հոգևորականի դիմելը (հարազատների բացակայության դեպքում միայն նախաձեռնության իրավունքը վերապահվում է հոգևորականին): Եվ ամենակարևոր նախադրյալը. եթե հանգուցյալը մկրտված չեղավ, բացարձակապես հնարավոր չէ արարողություն կատարել` սկսած հենց թաղման կարգից: Մկրտությունը համար մեկ նախապայմանն է քրիստոնյայի համար` մյուս խորհուրդներին ու արարողություններին հաղորդակից լինելու:
Այլ է պարագան հոգեհանգստի: Բոլորովին նշանակություն չունի` հանգուցյալն արդեն թաղվել է, թե չէ, մկրտված է, թե չէ, որևէ ծիսակարգ կատարվել է, թե չէ? Այն բարեխոսական արարողություն է, որով հավատացյալներն իրենց աղոթքն են բարձրացնում առ Աստված, որ Տերը ողորմի հանգուցյալների հոգիներին: Այս արարողությունն արդեն լիովին կարող է համընդհանուր բնույթ կրել, և Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես արդեն նշել եմ, համազգային ողբերգության նման ցավալի պարագաներում հանգրվանային որևէ օրվա մոտակա կիրակի հռչակում է համազգային վշտի ու աղոթքի օր, և Սուրբ Պատարագից հետո կատարվում է հոգեհանգստյան արարողություն:
Տվյալ պարագայում հենց այդպիսի օր էր ապրիլի 6-ը: Սակայն բազում մարդիկ, հանիրավի մեղադրանքների և թյուրըմբռնումների հետևանքով հնարավորություն չունեցան այդ օրն իրենց աղոթքը միացնել համընդհանուր աղոթքի արարողությանը:
Էջանիշներ