"ԱՐՄԵՆՏԵԼ"-Ն ԸՆԴԴԵՄ "ՕՐԱՆԺ"-Ի. Ո՞Վ Է ԱՌԱՎԵԼ
![]()
"ԱրմենՏել" ընկերության գլխավոր տնօրենը բջջային 3-րդ օպերատոր "Օրանժ"-ից ոչ ակնկալիք ուներ, ոչ էլ վախ, որ այն իր պայմաններով ու ծառայություններով կգերազանցի իրենց: Նա երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամեն կերպ փորձեց "սեւացնել" մրցակցին` ընդգծելով իր առավելությունները:
2 օր առաջ իր մեկնարկն ազդարարած "Օրանժ"-ը իր գերազանցությունը հատկապես պետք է ցույց տա ինտերնետ ծառայության բնագավառում` առաջարկելով ցածր գներով որակյալ կապ: Սակայն կատարելով իր անձնական վերլուծությունները, պարոն Կլիմկոն եկել էր այն եզրակացության, որ ոչ մի "նարնջագույն հեղափոխություն էլ տեղի չունեցավ" ու ոչ մի անպատկերացնելի առաջարկ էլ չներմուծվեց շուկա: "Ոչ մի նորություն էլ չտեսանք: Մեր մրցակցի առաջարկած սակագները մեզ համար այնքան էլ լուրջ վտանգ չեն ներկայացնում",- ընդգծեց նա` ավելացնելով, որ մրցակցի առաջարկած տարիֆներն ընդամենը "կոռեկտ քայլեր էին շուկայում արդեն գոյություն ունեցող օպերատորների նկատմամբ":
Դրա համար նա կոչ արեց բոլորին շարունակել օգտվել "ԱրմենՏել"-ի ծառայություններից, որոնք, նրա վստահեցմամբ` ամենամոդայիկն են այսօր: "Միգուցե դուք չեք նկատել, բայց արդեն մի քանի ամիս է` բջջային կապի նորաձեւության օրենսդիրը դարձել է "ԱրմենՏել"-ը,- ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց նա:
Ընկերության գլխավոր տնօրենի պարծանքն են հանդիսանում մասնավորապես նոր սակագնային փաթեթները, որոնք, նրա կարծիքով` առաջարկում են հեղափոխական տարիֆներ, ավելի շահավետ ու հետաքրքիր առաջարկներ հաճախորդներին: Պարզվում է` ընկերությունն իր ձեռքբերումները փորձում է կառուցել հիմնականում իր սակագնային փաթեթների վրա, իսկ փաթեթներից չօգտվող բաժանորդները, փաստորեն, մնում են "օդից կախվածի" կարգավիճակում:
Կլիմկոն բոլորին հավաստիացնում էր, որ "ԱրմենՏել"-ի մոդեմներն ու տարիֆները շուկայում ամենամրցունակն են: Իսկ ինչ վերաբերում է ինտերնետային սակագներին, ապա դրանք եւս, ըստ նրա` ամենալավն են: Դրա համար էլ ընկերությունը չի պատրաստվում մոտ ապագայում դրանք իջեցնել, մանավանդ վերջերս ինտերնետի մեծածախ վաճառքով զբաղվող պրովայդերների համար գներն իջեցվել են: Թե ինչու վերջնական սպառողը, այսինքն` հասարակ քաղաքացին գնային տարբերություններն իր գրպանին չի զգում, դա Կլիմկոյի ասելով` իրենից կախված չէ: "Շատ բան կախված է հենց այն պրովայդերներից, որոնք վերջնական սպառողին մատակարարում են ինտերնետ: Եթե նրանք գերշահույթ են ստանում, դա արդեն իմ խնդիրը չէ",- նկատեց նա:
Ի դեպ, երեկ բացվեցին "ԱրմենՏել"-ի միանգամից 10 նոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ, որոնցից 5-ը Երեւանում, իսկ մյուս մասը` մարզերում: Մինչեւ տարվա վերջ կբացվեն եւս 10 նոր գրասենյակներ: Դրանք, ըստ "ԱրմենՏել" ընկերության գլխավոր տնօրենի` միտված են բարելավել ընկերության կողմից հաճախորդներին մատուցվող սպասարկման որակը:
Իսկ "France Telecom"-ի` "Orange"-ի մասին, պարզվում է` հայ հասարակությունն այնքան էլ բավարար տեղեկատվություն չունի, որպեսզի մարդիկ կարողանային անձնական համեմատություններով ճշտել օպերատորների առավելություններն ու թերությունները: Բնակչության մի մասն այդ պատճառով "Orange-ի գրասենյակներ է այցելում ոչ թե ծառայություններից օգտվելու, այլ տեղեկատվություն ստանալու համար: Ի դեպ, "Orange"-ի ինտերնետային կայքում ես սակագների մասին ստույգ տեղեկատվություն չկան: Նշենք, որ "Orange"-ը երրորդ օպերատորն է Եվրոպայում, թվով երրորդը նաեւ Հայաստանում, որը հավակնություն ունի դառնալ առաջատարը: Վերջինս մեր երկրում մատուցելու է բջջային կապի եւ ինտերնետի ծառայություններ: Ինտերնետը մատուցվելու է 2 փաթեթների միջոցով, որոնց ամսական սակագները լինելու են 9000 եւ 16000 դրամ: Ընկերությունն արդեն 90 մլն դոլար ներդրում է արել, եւ դեռ 2 տարի ներդրումները կշարունակվեն: Այս պահին ընկերությունը ծածկում է ՀՀ տարածքի մոտ 83 տոկոսը` 500 գյուղեր եւ քաղաքներ:
Նարինե Գաբրիելյան
taregir.am
Ցավում եմ ուղակի, որ հեղինակը չհասկանալով թե սակագնային փաթեթ ասվածը ինչ է նման հայտարարություններ է անում։




Մեջբերել

Էջանիշներ