«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՄՏԱԴԻՐ Է ԻՋԵՑՆԵԼ GPRS-Ի ԵՎ WAP-Ի ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը մտադիր է նվազեցնել GPRS և wap ծառայությունների սակագները: Այսօրվա ասուլիսում հայտարարեց ընկերության Վաճառքի տնօրեն Գենադի Կալգաշկինը: «Մենք նախատեսում ենք այս ծառայությունները դարձնել առավել հասանելի ու հարմարավետ, և մեր բաժանորդներին հնարավորություն տալ առավել ակտիվորեն օգտվել ինտերնետից` բջջային կապի միջոցով»,-ասաց նա:


Նա հայտնեց, որ այսօրվա դրությամբ, արդեն 18 շրջաններում հնարավորություն է ստեղծված ինտերնետին միանալ ADSL-ի միջոցով: Վաճառքի տնօրենի խոսքերով, այսօր հենց շրջաններում է գրանցվում միացումների մեծ թիվ:

500 ՀԱԶԱՐԵՐՈՐԴԸ ՍՏԱՑԱՎ ՄՐՑԱՆԱԿ

«ԱրմենՏել» ընկերությունն այսօր տոնեց 500.000-րդ տեսազանգի կատարումը Beeline բջջային ցանցում` 3G ցանցի (UMTS/HSPA տեխնոլոգիա) գործարկման սկզբից: Հոբելյանական տեսազանգ կատարած բաժանորդը Երևանի բնակիչ 37-ամյա Արմեն Գրիգորյանն է:

«Այս օրը նշանակալից է մեր ընկերության համար. մեր բջջային ցանցում կատարվել է 500.000-րդ տեսազանգը, և մենք ցանկանում ենք մեր ուրախությունը կիսել ձեզ` մեր բարեկամների հետ, և ձեր միջոցով նաև մեր սիրելի բաժանորդների հետ»,-հայտարարեց «ԱրմենՏել»-ի Վաճառքի տնօրեն Գենադի Կալգաշկինը` հանձնելով Արմեն Գրիգորյանին Nokia N82 բջջային հեռախոս:

Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը նշեց, որ թեպետ 3G հնարավորությամբ հեռախոսներից օգտվողների թիվը այդքան էլ մեծ չէ, 3G տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն են առաջացնում: «Այն պահից, երբ մենք գործարկեցինք Beeline 3G ցանցը, մեր կենտրոնը ստացել է բազմաթիվ զանգեր 3G-ի վերաբերյալ: Նոր ծառայություններով հատկապես շատ է հետաքրքրվում երիտասարդությունը», - ասաց նա:

Երրորդ սերնդի (3G) բջջային ցանցը Հայաստանում առաջին անգամ գործարկվել է 2008 թ. հունիսի 18-ին «ԱրմենՏել» ընկերության կողմից: Ցանցը կոմերցիոն շահագործման է հանձնվել նույն թվականի սեպտեմբերին: Այս ընթացքում ցանցում կատարվել է ավելի քան 2 միլիոն հեռախոսազանգ, այդ թվում` 500.000 տեսազանգ: Ընկերությունը մտադիր է ընդլայնել այս ծառայության աշխարհագրությունը:

«3G» եզրը միավորում է մի քանի շարժական կապի ստանդարտներ, որոնք ունեն որոշակի յուրահատկություններ: Դրանցից ամենահիմնականը տվյալների փոխանցման բարձր արագությունն է:


Աղբյուր` Panorama.am