2008 թվականի երկրորդ եռամսյակում «ԱրմենՏել» բջջային կապի բաժանորդների թիվն ավելացել է 26 տոկոսով
13:13 • 30.08.08

2008 թվականի երկրորդ եռամսյակում «ԱրմենՏել» բջջային կապի բաժանորդների թիվն ավելացել է 26 տոկոսով։ Համաձայն "Վիմպելկոմ” ԲԲԸ կողմից հրապարակված տվյալների 2008թ. 2-րդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ընկերության գործունեությունից զուտ գործառնական եկամուտը կազմել է 64.7 միլիոն դոլար, ինչը 10.8 տոկոսով ավել է 2007թ. 2-րդ եռամսյակից և 9.5 տոկոսով ավել ս.թ. 1-ին եռամսյակից։ Հայաստանում բջջային կապի բաժանորդների քանակը կազմել է 655 հազար մարդ՝ ի տարբերություն 2008 թվականի առաջին եռամսյակի 520 հազարի և 2007 թվականի երկրորդ կիսամյակի 471 հազարի։ Հայաստանի բջջային հեռախոսակապի շուկայում «ԱրմենՏել»-ի բաժինը կազմել է 30.5 տոկոս` ի տարբերություն առաջին եռամսյակի 26.9 տոկոսի և 2007 թվականի երկրորդ եռամսյակի 33.5 տոկսի։

OIBDA (գործառնական շահույթ մինչև մաշվածության և ամորտիզացիայի նվազեցում) ցուցանիշը կազմել է 30.3 միլիոն դոլար, որից 10.3 միլիոն դոլարը բաժին է ընկնում բջջային կապին, իսկ 20 միլիոն դոլարը` ֆիքսված հեռախոսակապին։ Այս ցուցանիշը 2008թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ ավելացել է 4.1 տոկոսով։

MOU (մեկ բաժանորդին բաժին ընկնող միջին րոպեների քանակ) ս.թ 1-ին եռամսյակի համեմատությամբ ավելացել 3.8 տոկոսով հասնելով 164.9 րոպեի։ ARPU (մեկ բաժանորդին բաժին ընկնող միջին եկամուտ) ցուցանիշը կազմել է 15.3 դոլար՝ ի տարբերություն 2008 թվականի առաջին եռամսյակի 16.1դոլարի և 2007 թվականի երկրորդ եռամսյակի 17.3 դոլարի։

2008 թ-ի 1-ին կիսամյակում "ԱրմենՏել" ՓԲԸ կողմից կատարված կապիտալ ծախսերը կազմել են 35.5 միլիոն դոլար։

tert.am