3G ՑԱՆՑ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) օրերս առևտրային շահագործման է հանձնել նոր, երրորդ սերնդի շարժական հեռախոսակապի ցանցը (3G)` առաջինը Հայաստանում:

Ընկերությունից տեղեկացնում են, թե նոր ծառայությունները հնարավորություն են ընձեռում արագացնել տվյալների փոխանցումը GPRS ծառայության բաժանորդների համար, ինչպես նաև կատարել ներցանցային տեսազանգեր: Այս ծառայությունների դիմաց հավելյալ վճար չի գանձվում. 3G ցանցերում տվյալների փոխանցման, այդ թվում տեսահեռախոսակապից օգտվելու դեպքում, վճարումը կատարվելու է ըստ «GPRS փաթեթ» ծառայության պայմանների: 3G ցանցից կարող են օգտվել «ԱրմենՏել»-ի բոլոր բաժանորդները, որոնք գտնվում են Երևանում, 3G ցանցի ծածկույթում: Ցանցից օգտվելու միակ պայմանը երրորդ սերնդի կապի կամ UMTS/WCDMA հնարավորությամբ բջջային հեռախոսի առկայությունն է:

3G ցանցերի առաջին առևտրային գործարկումը կատարվել է Ճապոնիայում, NTT DoCoMo ընկերության կողմից 2001 թ. հոկտեմբերին: Եվրոպայում 3G ցանցերի թողարկումը սկսեց 2003 թ: 2007թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում գործում էր 190 3G ցանց: ԱՊՀ երկրներում առաջին 3G ցանցի գործարկումը տեղի է ունեցել Տաջիկստանում:




Աղբյուր` Panorama.am