Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն
Ուլուանա
Ակումբում դու հայտնի ես որպես բացառիկ մեղմ, խաղաղասեր ու ոչ կոնֆլիկտային անդամ։Վիրտուալից դուրս է՞լ ես այդպիսին, ասենք, ընտանիքում, ընկերների հետ և այլն, թե՞ տարբերություն, այնուամենայնիվ, կա։
Selene
Չէ, ինձ թվում է` ոչ մի տարբերություն էլ չկա, ես ամեն տեղ նույնն եմԱյսպես ասած` ինչ կամ, էն եմ
Ուլուանա
Իսկ չե՞ս կարող հիշել այնպիսի դեպք կամ դեպքեր, երբ իսկապես ափերիցդ դուրս ես եկել, ակնհայտորեն ընդհարվել դիմացինի հետ, անգամ կոպտել։
Selene
Հըմ, դժվար կլինի հիշելը; Գիտես, ընդհարվել գուցե եղել է, բայց կոպտել` երևի չէ: Իմ կոպիտ խոսքը մեղմ ժպիտով բավական հեգնական խոսքն է, որից ոչ այնքան հաճախ օգտվում եմ, երբ զգում եմ, որ դիմացինս ինքն է վաստակել դա։
Չեմ սիրում նման դեպքեր, երևի դա է պատճառը, որ հիմա չեմ էլ հիշում:
Ուլուանա
Իսկ ի՞նչ պետք է անի մարդ քեզ հիասթափեցնելու համար։
Selene
Իմ ամբողջ նվիրվածությունը դնի իր ցեխոտ կոշիկների տակ ու մի լավ տրորի…
Ուլուանա
Մոդերատոր դառնալուց հետո Ակումբը քեզ համար որևէ կերպ փոխվե՞լ է, թե՞ լրիվ նույնն է մնացել։
Selene
Չէ, լրիվ նույնն է մնացել. ես ոնց սիրում էի, այնպես էլ շարունակում եմ սիրել, փոխվել է վերաբերմունքս մի փոքր` ավելի հոգատար եմ դարձել նրա հանդեպ:![]()
Ուլուանա
Իսկ մոդերատոր լինելն ավելի շատ օգնու՞մ է ակումբային հաղորդակցությանը, թե՞ խանգարում։
Selene
Ինձ մոդերատոր լինելը ոչնչով չի խանգարում կամ օգնում, գուցե մի փոքր ժամանակ է պահանջում իմ բաժնին հետևելու, ապա՝ նոր, որպես շարքային ակումբցի, գրառումներ անելու համար, բայց դա իմ դեպքում խանգարող չէր, որովհետև ես մինչ մոդերատոր լինելն էլ համարյա թե գրառումների մեծ մասին ծանոթանում էի, նոր միայն ցանկության դեպքում կոնկրետ թեմաներում կարծիք արտահայտում:
Ուլուանա
Եթե կարողանայիր, Ակումբում ի՞նչ կփոխեիր։
Selene
Վերջերս լարված մթնոլորտը, դե, գուցեև վաղուց է լարված, բայց վերջերս շատ վառ արտահայտվում է, ես իրոք ցավ եմ ապրում էդ ամեն ինչից։
Ուլուանա
«Ակումբ» բառը լսելիս առաջին հերթին ի՞նչ է մտքիդ գալիս։
Selene
Մտքիս չգիտեմ, բայց որ դեմքիս միանգամից ժպիտ է գալիս, ու պայծառանում եմ, փաստել կարող եմ ոչ միայն ես, այլև մեր ընտանիքի անդամները:
Ուլուանա
Կյանքիդ ո՞ր շրջանն ես համարում ամենահետաքրքիրն ու անմոռացը։
Selene
Այնուամենայնիվ, ոնց մտածում եմ, դպրոցական տարիներս են կազմում էդ շրջանը, բայց ոչ թե հենց աշակերտական կյանքը, այլ էդ տարիների մեջ եղած ամենը, երբ սկսեցի իրոք մեծանալ, հասկանալ, պատասխանատվություն զգալ, բացահայտումների մի մեծ շղթա կար, որի օղակները քանդելով գալիս էի կյանքին ընդառաջ, ու մեկ էլ այդ շրջանում չափից շատ մաքրություն կար մարդկային հարաբերություններում, դրա համար եմ շատ թանկ գնահատում այն։
Ուլուանա
Կյանքիդ այս փուլում ո՞րն է ավելի շատ զբաղեցնում քեզ՝ ընտանի՞քը, անձնական կյա՞նքը, ընկերնե՞րը, կարիերա՞ն, թե՞ որևէ այլ բան։
Selene
Ընտանիքս ու կարիերան, ցանկալի կլիներ, որ անձնականն էլ լիներ, բայց դե միշտ չէ, որ մեր ցանկությունները համընկնում են իրականության հետ![]()
Սիրում եմ, որ ամեն ինչ իմ սրտով լինի, դեռ այդպես էլ գնում է համարյա, մի քիչ ուշ, մի քիչ շուտ, հուսով եմ` հետո էլ այդպես կլինի։
Ուլուանա
Ի՞նչ ընդհանրություններ ունեն Selene-ն ու Goga–ն։
Selene
Նույն ազգանուն, հայրանունն ունեն։Հա, մեկ էլ՝ երկուսն էլ ակումբցի են
Ուլուանա
![]()
Դու և Goga–ն Ակումբում և կյանքում որևէ կերպ մրցակցու՞մ եք։
Selene
Ես մրցակցել չեմ սիրում, էդ իմ բանը չի, կա նպատակ, կան միջոցներ, ընտրում եմ դրանցից ինձ հարազատն ու հասնում նպատակիս, կամ չեմ հասնում, Գոգան՝ չգիտեմ ընդհանրապես ոնց է, բայց հիշեցի, որ դպրոցական տարիներին նա ամեն ինչ անում էր, որ լավ սովորեր ու հետ չմնար ինձանից, ու կասեմ, որ նրան հաջողվեց, մի բան էլ ավել, ինքը հետո էլ ԲՈՒՀ-ում ավելի լավ սովորեց, քան ես։ Բնատուր մեծ աշխատասիրություն ունի քույրս, ինչով միշտ հպարտացել եմ։
Համ էլ չեմ կարծում, որ քույրերի միջև մրցակցություն այս տարիքում կլինի, այսինքն՝ լավ քույրերի:
Էջանիշներ