Հեքիաթ ծաղկի մասին
Ինչո՟ւ եք տխուր, քնքո’ւշ ծաղիկներ,
Աշնան թախի՟ծ է արդյոք ձեզ պատել,
Ձմռան ցուրտ օ՟ր եք նախազգում դուք,
Թե՟ հոգնել եք դուք տխուր պարելուց:

Օ՛, ես հասկացա,
Թե ձեր աչքերը ինչո՟ւ են թախծոտ,
Օ՛, ես լսեցի
Ձեր սրտից բխած հեքիաթը թախծոտ:
Որ դուք պատմում եք Ժպիտ ծաղիկի
Ու մեր գիժ Քամու սիրերգը տխուր,
Այդ ես հասկացա, և այդ պատճառով
Գրում եմ ես սա…

Տարիներ առաջ, երբ որ մեր այս սուտ
Աշխարհի վրա գժտություն չկար,
Եվ միայն սերն էր այ-այնտեղ իշխում,
Ժպիտն էր ապրում:
Ապրում էր հեռու` Զմրուխտ լեռան վրա,
Ինքը` գեղեցիկ, հայացքը` վսեմ, գլխիկը` ոսկե,
Ժպիտ նվիրում ամեն անցնողին, ամեն ապրողին
Ու Աստծո ստեղծած ամեն-ամենին:
Նա գեղեցիկ էր, ինչպես գարնան ծիլ,
Նրա գլխիկն էլ` քնքուշ ձյան փաթիլ:
Եվ ամենքը մեր աշխարհի վրա
Թեկուզ և հեռվից սիրում էին նրան:

Միայն խենթ Քամին, որ այդ ժամանակ
Դեռ խենթ չէր այդքան, այլ սիրուն,
Համեստ, տխուր պատանի,
Իր կյանքում երբեք չէր տեսել նրան:

Օ՛, շատ երանի, որ Քամին երբեք
Այդքան հեզ, համեստ, սիրուն չլիներ,
Եվ որ իր կյանքում մեր սիրուն Քամին
Ժպիտ ծաղկին երբեք չհանդիպեր:

Սակայն միշտ բախտը չի ժպտում…

Օրերից մի օր Քամու ականջին մի լուր է հասնում,
Որ Զմրուխտ սարում մի քնքուշ ծաղիկ
Ժպիտ անունով, տխուր, միայնակ սրտեր է բուժում:

Ու մի օր Քամին էն Զմրուխտ սարում
Գնում է, զբոսնում, ինչ-որ բան փնտրում,
Փնտրում է, գտնում:
Դեռ հեռո՛ւ-հեռվում Քամին կարծես թե
Արբում է լեռան զմրուխտ կանաչով,
Եվ նրա սիրտը, որ միշտ տխուր էր,
Մի նուրբ շոյանք է անվերջ պարուրում:ծ
Ու երբ տեսնում է Ժպիտ ծաղիկին,
Խելագարվում է կարծես սիրուց նա,
Նրա տխուր սրտում կրակ է վառվում,
Սիրո բոցերն են հրկիզում նրան:
Եվ երբ ուզում է վազքով մոտենալ,
Ժպիտ ծաղիկն ու շուրջն ամեն ինչ
Լուռ խոնարհվում են խենթ Քամու առաջ:

Իսկ Քամին ամեն ինչ մոռացած,
Մոռացած անգամ իր ուժն ամեհի,
Որից շատ բույսեր մահ էին ստացել,
Սուրում է առաջ` դեպի այն վեհը,
Որ խոնարհվել է այժմ իր առաջ:
Սակայն գիժ Քամին չի էլ մտածում,
Որ ինքն իր ձեռքով մահ է մատուցում
Իր սիրո պտուղ Ժպիտ ծաղիկին:
Իսկ նուրբ Ժպիտը Քամու խորտակիչ
Ուժից վախեցած կպչում է գետնին:
Բայց դե խենթ Քամին
Ուզում է անվերջ գուրգուրել ծաղկին,
Իսկ նուրբ ծաղիկը այլևս արդեն
Չի կարող խոնարհ դիմադրել:
Նա բարձրացնում է գլուխը վսեմ,
Նայում է Քամուն ու …
Քամու ուժին էլ չի դիմանում,
Պոկվում է հողից ու Քամու թևին հեռու սլանում:
Եվ արդեն ծաղկին Քամին է տիրում,
Բայց… բայց նուրբ ծաղիկն այլևս չկա,
Ժպիտը չկա, Քամուց սպանված է,
Երկրի երեսից նա վերացած է...

... Եվ մինչև այսօր խենթ Քամին անվերջ
Իր սիրո տխուր վախճանն է ողբում,
Թռչում մոլագար, փնտրում Ժպիտին,
Չի գտնում նրան ու ինքը իրեն խփում պատեպատ...

... Սիրո’ւն ծաղիկներ, դուք շատ մի’ տխրեք,
Միայն Ժպիտը չէ սիրո զոհը,
Նա սկիզբն էր, սակայն` երբեք ո’չ վերջը,
Եվ չի’ լինելու սիրո այդ վերջը...