ՎԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՐՎԱԾԵՑ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննում էր «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Վահագն Հովակիմյանի հոր՝ Միսակ Հովակիմյանի դեմ հարուցված գործը:
Իբրեւ վկա դատարան էր եկել Արաբկիրի ոստիկանության նախկին օպերլիազոր Էդգար Պետրոսյանը, ով արդեն ավելի բարձր պաշտոն ունի: Վերջինս վկա է մարտի 1-ի մի քանի գործերով ու դատարանում սրտակտոր պատմում էր, թե Միսակ Հովակիմյանը, ով ոստիկանի կես բոյին է ու 4 անգամ նրանից նիհար, ինչպես է իրեն դիմադրել՝ հրել, թեւերից բռնել, խոչընդոտել նրա աշխատանքին, դա քիչ է, մի բան էլ ասել է՝ պատասխան եք տալու: Վկան, սակայն, չէր հիշում որոշ էական հանգամանքներ: Միսակ Հովակիմյանը մարտի 1-ի առավոտյան տղայի հետքերով իջել է Մաշտոցի պողոտա ու հասել այն պահին, երբ ոստիկաններն արդեն Ռ.Քոչարյանի «հորդորով» «մաքրել էին» հրապարակը ցուցարարներից ու անցել հարակից փողոցների «մաքրման» աշխատանքներին: Այստեղ էլ տարեց մարդուն ձերբակալել են ու տարել ոստիկանություն: Վկայի սրտակտոր պատմությունը ձայնագրելու համար «Տարեգիր» թերթի լրագրող Գայանե Առուստամյանը ձայնագրիչը դրեց ամբիոնին: Ոստիկանը պարբերաբար անջատում էր լրագրողի ձայնագրիչը, լրագրողի հորդորը՝ ձայնագրիչը չանջատելու մասին անպատասխան մնաց: Ինչը վրդովվեցրեց Գայանե Առուստամյանին, ու վեճ ծագեց, ոստիկանը ձեռքով հարվածեց լրագրողի ուսին, այնպես, որ մատների տեղերը բավական ժամանակ երեւում էին: Դահլիճն արձագանքեց ամոթանքներով: Դատավոր Ռուբեն Ափինյանը որոշեց դատարանի դահլիճից հեռացնել...լրագրողին: Գայանե Առուստամյանը որոշել է դիմել դատախազություն: Նշենք, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն հետապնդելի արարք է: «Տվյալ պարագայում մենք կարող ենք փաստել, որ վկա Էդգար Պետրոսյանի կողմից խոչընդոտվեց լրագրող Գայանե Առուստամյանի մասնագիտական պարտականությունների կատարումը, սակայն դատարանը խորամուխ չլինելով միջադեպի հանգամանքների մեջ` միակողմանի որոշում կայացրեց լրագրողին նիստերի դահլիճից հեռացնելու մասին», - մեզ հետ զրույցում ասաց Հովակիմյանի դատապաշտպան Մուշեղ Շուշանյանը: Դատապաշտպանը միջնորդեց վերանայել լրագրողին դատարանի դահլիճից հեռացնելու որոշումը: Դատավոր Ռուբեն Ափինյանը մերժեց, որից հետո պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Դահլիճում ներկա գտնվողները պատրաստակամություն հայտնեցին իբրեւ վկա ստորագրել միջադեպի առնչությամբ լրագրողի բողոքի տակ: «Իմ ամուսնուն մեղադրում է կեղծ վկան, թե իբր իրեն չի ենթարկվել, «հրել է իր ձեռքերը», եւ դա մեղք է համարվել, որի համար իմ ամուսնուն երեք ամիս նստեցրել են, իսկ այդ վկան կարգադրիչների, դատախազի, դատավորների եւ փաստաբանի ներկայությամբ ու մեր աչքի առաջ հարվածեց լրագրողին, մարմնական վնասվածք հասցրեց: Կարելի է ասել՝ աբսուրդի թատրոն է բոլոր դատարաններում», - մեզ հետ զրույցում հայտարարեց քաղբանտարկյալի կինը՝ 37 տարվա մանկավարժ Խանում Հովհաննիսյանը՝ շարունակելով. «Հայաստանի արդարադատության գերեզմանը փորվել է 10 տարի առաջ, շուրջ 3 ամիս կազմակերպված այս դատավարությունները այդ գերեզմանում թաղել են Հայաստանի արդարադատությունը, դատավոր-դատախազ հող են լցնում, իրենց ծախված վկաների միջոցով թաղում են արդարադատությունը Հայաստանում: Իմ ամուսինը 67 տարեկան մարդ է, մենք պատվով ապրել ենք: Երկու տղաներ եմ տվել Հայաստանին, երկուսն էլ մասնակցել են Արցախյան պատերազմին: Ես սարսափում եմ իմ թոռների համար, որ էս անօրեն երկրում ո՞նց պիտի ապրեն: Ես` որպես մանկավարժ, ասում եմ՝ Սերժի ու Քոչարյանի ամենամեծ, զարհուրելի վնասը Հայաստանին հայ մարդու մաքուր, բարոյական կերպարը փչացնելն է: Իմ սիրտը ցավում է այս վկայի համար էլ, այս վկան էլ ափսոս է, սա էլ հայ է, բազում զոհերից մեկն է: Սրանք շատ հայերի սարքեցին սողուն: Արդարադատությունը վերածել են խամաճիկների թատրոնի»: Մեկ ժամից ավելի քննելով պաշտպանի միջնորդությունը՝ դատավորը հիմքեր չգտավ ինքնաբացարկի համար, իսկ դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 2-ը:
http://www.zhamanak.com/article/9352/
Էջանիշներ