ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամների հայտարարությունը
12:46 • 03.05.08
Ինչպես հայտնում է «Ասպարեզ» ակումբը, ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լևոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի և Արթուր Սաքունցի հայտարարություն են հրապարակել ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին.
Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ամերիկյան կորպորացիայից 235,65 մլն դոլարով 5 տարում էական զարգացում պիտի բերի Հայաստանի գյուղական վայրերի շուրջ երեք քառորդին. վերականգվելու է 943 կմ գյուղական ճանապարհ, 200 կմ մայր ջրանցք, 30.000 հա ոռոգման ցանց, 18 ինքնահոս համակարգ, 7 ջրամբար, ցուցադրական տնտեսություններ, մոտ 60.000 գյուղացիների համար անցկացվելու են հատուկ դասընթացներ, գյուղացիական տնտեսություններին տրվելու է 8,5 մլն դոլար վարկ և այլն: Այս ծրագիրն իր մասշտաբներով և արդյունավետությամբ աննախադեպ է Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցելու ծրագրերի ցանկում:
Անցած տարվա ավարտից արդեն մտահոգող էին Հայաստանի Հանրապետությունում իրադրությունը ներկայացնող այն 17 ցուցանիշները, որոնցով առաջնորդվում է ՀՄ Կորպորացիան մեր և այլ երկրների ֆինասավորելիս. 17-ից 9 ցուցանիշը մեր երկրի դեպքում ռիսկային մակարդակներում են:
ՀՀ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումները, դրան հաջորդած զարգացումները, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները, մամուլի և խոսքի ազատության սահմանափակումները էականորեն կարող են նվազեցնել ՀՀ ցուցանիշներից մի քանիսի վիճակը, ինչը, հասկանալի կերպով, ծրագրի կասեցման կամ դադարեցման լուրջ սպառնալիք է հանդիսանում:
2008թ. մարտի 11-ին, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչը նամակ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին` նախազգուշացնելով Հայաստանի Կառավարությանը «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրի կասեցման իրական հավանականության մասին:
Այսով մենք լրջագույն մտահոգություն ենք հայտնում Հայաստանի գյուղացիությանն ու գյուղատնտեսությանը էական զարգացում խոստացած այս ծրագրի հավանական կասեցման կամ դադարեցման սպառնալիքի առթիվ:
Կարծում ենք, ու ՀՀ իշխանությունները պարտավոր են մանրամասնությամբ, բարեխղճությամբ, միջազգային կառույցների մասնակցությամբ, հնարավորինս արագ հետաքննել զանգվածային ընտրախախտումները, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված ուժային գործողությունները, 10 հայորդիների սպանության, հարյուրից ավելի մարդու վիրավորվելու, հազարից ավելի մարդու բերման ենթարկելու, ՀՀ քաղաքացիների իրավունքների հետեւողական սահմանափակումների, մամուլի գրաքննության, քաղաքական հետապնդումների, բանտային խոշտանգումների դեպքերը և հաշվետու լինել հանրությանը: Մենք կոչում ենք ՀՀ իշխանություններին անել այդ: Այլապես մենք վտանգում ենք լրջորեն ու անվերադարձ հեռանալ ժողովրդավարությունից և համաշխարհային հանրության տարաբնույթ աջակցությունից:
Միաժամանակ մեր տարակուսանքն ու զարմանքն ենք հայտնում Ջ.Դանիլովիչի նամակի վերաբերյալ մարտի 20-ին Ռ.Քոչարյանի այն հայտարարության առթիվ, թե, եթե կասեցվի ՀՄՀ-Հայաստան ծրագիրը, Հայաստանը այլ միջոցներ կհայթայթի այդ ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար: Վերջինս նաև թվարկել է մի շարք բարեգործական հիմնադրամների անվանումներ` որպես հնարավոր օժանդակողների: Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ ունենալով այդ հիմնադրամներից ՀՀ զարգացման լրացուցիչ ծրագրերի իրականացման հնարավորությունը, իշխանությունները սպասում են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կասեցմանը: Կամ, ի՞նչն էր խանգարում ՀՀ իշխանություններին այդ հիշատակված հիմնադրամների հնարավոր միջոցները ևս ներգրավել գյուղի զարգացման այլ ծրագրերում` «ՀՄՀ-Հայաստան» ծրագրին զուգահեռ:
Մենք, ՀՄՀ-Հայաստն ծրագրի Շահառուների Խորհրդի ներքոստորագրյալ անդամներս մեր լիակատար պատրաստակամությունն ենք հայտնում վերոհիշյալ խնդիրների հարթմանը մեր կարեցածի չափով մասնակցություն ունենալու կապակցությամբ. բոլոր կարիքներին կպատասխանենք հնարավոր արագությամբ:
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ
Լևոն Բարսեղյան,
Սեյրան Մարտիրոսյան,
Արթուր Սաքունց
Հայտարարությունը բաց է այլ շահագրգիռ անձանց միանալու համար
29 ապրիլի, 2008
Tert.am
Էջանիշներ