Քոչարյանի այս ընդարձակ պատասխանը, իր իսկ խոսքերով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Նախ՝ մարտի 1-ին Գրիգորի Սարկիսյանի միջոցով ես Քոչարյանի հետ բանակցել եմ ոչ թե մեկ անգամ եւ ոչ թե միայն երեկոյան, այլ երեք անգամ՝ սկսած շուրջ ցերեկվա ժամը 14-ից։ Առաջարկիս իմաստը եղել է այն, որ ինձ թույլ տան գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ եւ համոզել ցուցարարներին, որ դադարեցնեն հանրահավաքը։ Բայց գիտակցելով, որ դա անհնար է առանց ժողովրդին այլընտրանք առաջարկելու, ես, այո՛, պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Ազատության հրապարակ կամ Մատենադարան եւ խոստացվի, որ հաջորդ օրերին մեզ արտոնված հանրահավաքներ անցկացնելու հնարավորութուն կընձեռեն։ Քոչարյանը գեներալի միջոցով ինձ առաջարկել է ժողովրդին տանել Դինամո մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ։ Ես մերժել եմ, մտավախություն ունենալով, որ դեսպանատներից ու քաղաքի կենտրոնից հեռու, իշխանությունները կարող են ցուցարարների նկատմամբ նոր բռնություններ կիրառել եւ պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Մատենադարան։ Երկրորդ անգամ Սարկիսյանը Քոչարյանի անունից ինձ հաղորդել է՝ մի քիչ էլ սպասել, իսկ՝ երրորդ անգամ, արդեն ուշ երեկոյան, նախագահը հայտարարել է, որ ոչ մի կոմպրոմիս չի կարող լինել։ Ի դեպ, նույն բանակցությունները Քոչարյանի հետ ես վարել եմ նաեւ Հայաստանում հավատարմագրված Եւրամիության դեսպանների միջոցով, եւ երեք անգամ էլ դեսպաններին նախագահական նստավայրից տրվել են նույն պատասխանները։
Եւս մեկ անգամ, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում նաեւ Քոչարյանի այն պնդումը, թե իբր «Տեր-Պետրոսյանի թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր՝ առանց թիկնազորի գնալ»։ Իմ թիկնազորը այդպիսի բան չի ասել եւ չէր կարող ասել, քանի որ օրենքով նա այդպիսի լիազորություն չուներ, եւ նրա միակ պարտականությունը իմ անվտանգության ապահովումն էր։
Նույն ասուլիսի շարունակության մեջ Քոչարյանը ճշմարտության դեմ մի ավելի բացահայտ մեղք է գործում, պնդելով հետեւյալը. «Շահարկում են, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է եւ չի կարողանում գնալ Սահմանադրական դատարան։ Բայց նման բան չկա, երբ ցանկանա կարող է գնալ։ Երբեք տնային կալանք չի եղել, եւ մենք նման իրավական ռեժիմ չունենք Հայաստանի Հանրապետությունում»։ Եւ այսպես, մինչ Հայաստա նի իրադարձություններին վերաբերող համարյա բոլոր միջազգային փաստաթղթերն արձանագրում են, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է դե ֆակտո տնային կալանքի տակ, Քոչարյանը հայտարարում է, որ նման բան չկա։ Մարտի 1-ից մինչեւ մարտի 25-ը իմ առանձնատան երկու դարպասները հսկվում էին Գրիգորի Սարկիսյանի ղեկավարած ծառայության շուրջ 30 սպաներով ու զինվորներով, որոնք խուզարկում էին ելումուտ անող բոլոր ավտոմեքենաները եւ համապատասխան մատյանում գրանցում ինձ այցելող բոլոր անձանց, այդ թվում տասնյակ արտասահմանյան դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների անունները։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան ներկայանալուս պարագային, ապա այդ բանն ինձ թույլ տրվեց միայն դատարանի համապատասխան կարգադրությունից եւ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի գրավոր հավաստիացումից հետո, այն էլ Սարկիսյանին ենթակա չորս ավտոմատավոր սպաների ուղեկցությամբ։ Ճիշտ է, որ Հայաստանում տնային կալանքի իրավական ռեժիմ գոյություն չունի։ Այդ դեպքում, սակայն, հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է բնութագրել գեներալ Գրիգորի Սարկիսյանի կողմից իմ տեղաշարժի ազատության դեմ կիրառված սահմանափակումը։ Գուցե՝ առեւանգո՞ւմ. սակայն դա արդեն հետագա իրավական գնահատականի խնդիր է։
Քոչարյանի խնդրո առարկա մամլո ասուլիսների կատարված վերլու ծությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ նրա համար կարեւորը, տեղեկատվական դաշտում իշխանությունների վայելած բացարձակ մենաշնորհի պայմաններում, հնարավորինս առավել սուտ լուրերի տարածումն է, հույս ունենալով, որ դրանք, գեբելսյան իմաստությամբ բազմիցս կրկնվելով, մի կողմից կծառայեն ընդդիմության վարկաբեկման անհրաժեշտ գործին, մյուս կողմից կվերածվեն կարծրատիպերի, որոնց հաղթահարման համար հասարակությունից երկար ժամանակ կպահանջվի։ Տվյալ գործելաոճն, անտարակույս, նաեւ իրադարձությունների հետաքննությունն ուղղորդելու ակնհայտ միտում է պարունակում, ինչի վկայությունն են, մասնավորապես, դատախազության բազմաթիվ պաշտոնական հայտարարություններն ու հա ղոր դագրությունները, որոնցում կրկնվում են Քոչարյանի ասուլիսներում առկա համարյա բոլոր հակասությունները, փաստական աղավաղումներն ու ստահոդ պնդումները։ Սակայն սա առանձին խոսակցության առարկա է, որին մենք թերեւս կանդրադառնանք այլ առիթով։ Իսկ քոչարյանա-սերժական քարոզ չության գլխավոր նպատակն, ինչպես արդեն ասվեց, խաղաղ ցուցա րարների դեմ իշխանությունների կողմից հիմնավորապես ծրագրված եւ իրա գործված հրեշավոր ոճրագործության պատասխանատվությունից խուսա փելու ակնհայտ ձգտումն է։ Այլ կերպ ասած, եթե իշխանությունները սուտ են խոսում, դա կարող է միայն մեկ բան նշանակել՝ այն է, որ նրանք թաքցնելու բան ունեն, այլապես հարկադրված չէին լինի դիմելու նման անպատվաբեր միջոցի։
Ինչ որ բան թաքցնելու անհրաժեշտությունը թելադրված է նրանից, որ իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու եւ ընդդիմությունը ջախջախելու ծրագիրը սառնասրտորեն մշակել են մարտի 1 ի իրադարձություններից դեռեւս մեկ շաբաթ առաջ։ Փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը բողոքի ցույցերը որակեց որպես «իշխանության ապօրինի զավթման փորձ», միաժամանակ սպառնալիքներ կարդալով ընդդիմության հասցեին (ի դեպ, այս փաստի վրա հատուկ ուշադրություն է հրավիրել Ջոն Պրեսկոտը, ապրիլի 14-ին Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացրած իր զեկույցում)։ Ի կատարումն Քոչարյանի հրահանգի, հաջորդ օրն եւեթ, փետրվարի 24-ին, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանը հարուցեց քրեական գործ հետեւյալ հիմնավորմամբ. «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանս, քննարկելով ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերը, պարզեցի. Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների գործընթացում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Պետրոս Մակեյանը, մյուսներն ու ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր Պետրոսյանը, տեղեկանալով, որ ըստ նախնական տվյալների պարտվել է ընտրություններում եւ ստացել ընտրողների ձայների ընդամենը 21.5 %-ը, երկրում օրինական իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելու, հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների բնականոն աշխատանքները կազմալուծելու միջոցով, ինչպես նաեւ զինված խմբավորումներ կազմավորելու եւ դրանք հետագա գործընթացներում օգտագործելու կոչերով, Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը յուրացնելու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություն ներ են կատարել։ Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օրենսգրքի 27, 175–176, 181–182, 192 րդ հոդվածներով՝ որոշեցի. 1. Լեւոն Տեր Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ հարուցել թիվ 58200608 քրեական գործը՝ ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն ընդունել վարույթ եւ կատարել նախաքննություն։ 2. Սույն որոշման պատճենն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին»։
Իրավական անգրագիտության այս գլուխգործոցում հատկապես ուշադրության են արժանի «մյուսները» բառը եւ մանավանդ «Լեւոն Տեր Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելը» որպես կատարված փաստ ներկայացնելու ձեւակերպումը։ Սակայն կարեւորը տվյալ պարագայում սա չէ, այլ այն պարզ իրողությունը, որ նշված փաստաթղթով իշխանությունները փետրվարի 24-ին արդեն գծել են իրենց հետագա բոլոր գործողությունների մանրակրկիտ սցենարը, ընդհուպ մինչեւ մարտի 1-ի արյունահեղությունը, խանութների թալանը, ընդդիմության ղեկավարների ձերբակալությունները եւ այլն։ Քաղաքական տեսակետից՝ այս հրեշավոր ծրագրի հետապնդած նպատակը մեկն էր, այն է՝ Արտակարգ դրության հայտարարումը, քանի որ իշխանություններն ակնհայտորեն ահաբեկված էին այն մտքից, որ զանգվածային հանրահավաքների ու անկախ լրատվության գոյության պայմաններում Սահմանադրական դատարանը կարող էր կայացնել իրենց համար անցանկալի վճիռ։ Ուստի նրանց այլ բան չէր մնում անելու, քան բռնությամբ ու արյունահեղությամբ ճզմել կեղծված ընտրությունների առթիվ ծագած հասարակական դժգոհության արտահայտությունները եւ փորձել կատարվածի մեղքը բարդել ընդդիմության վրա։
Փաստերի համակողմանի քննությունն, այսպիսով, ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա։ Նա էր այն միակ իրավասու անձը, որ կարող էր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու եւ նրանց գնդակոծելու հրաման տալ, քանի որ ուժային բոլոր մարմինները՝ բանակը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պետական պաշտոնյաների անվտանգության ծառայությունը գտնվում են նախագահի անմիջական ենթակայության տակ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, որը թեեւ ֆորմալ առումով կապված չէ հրաման արձակելու հետ, ապա նա, որպես ընտրյալ համարվող նախագահ, պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանին թույլ չտալ գնալ այդ ծայրահեղ քայլին։ Համենայն դեպս, նրա պատասխանատվության չափը կախված է այն դիրքորոշումից, որը նա կդրսեւորի մարտի 1-ի ոճրագործության անկողմնակալ հետաքննության ապահովման գործում։ Սարգսյանն իր անմեղությունն ապացուցելու ավելի հարմար եւ շահավետ միջոց չունի, քան համաձայնել այդ ոճրագործության հանգամանք ների միջազգային, անկախ հետաքննության անցկացմանը։ Այլապես հազար տարի էլ անցնի, նա նույնքան մեղավոր կդիտվի մարտի 1-ի արյունահե ղության գործում, որքան Ռոբերտ Քոչարյանը։
Էջանիշներ