Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսից հետո խոսելով կոնգրեսի ու առաջին նախագահի ելույթի մասին` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ինքը փայլուն տպավորություններով է դուրս եկել այնտեղից: «Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց «Հազարամյակի մարտահրավերների» մասին եւ խնդրեց պատժամիջոցներ չկիրառել, դրանով նա ցույց տվեց, թե ով է պետական մտածող մարդը, թե ով է իրականում այս երկրի նախագահը: Դրանով Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հակադրվեց Ռոբերտ Քոչարյանին, ով իրեն թույլ տվեց ասելու, թե ոչինչ, կկտրեն «Հազարամյակի մարտահրավերները», կկտրեն, մենք էլ ուրիշ միջոցներ կգտնենք: Դա նախագահի պատասխան չէր»,- նշեց տիկին Սարգսյանը: Վերջինի խոսքերով, նույնը կարելի է ասել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ադրբեջանի հետ կապված հայտարարության մասին. «Այստեղ եւս ակնհայտ երեւաց Լեւոն Տեր-Պետրոսյանի առավելությունը բոլոր ուժերի, նաեւ գործող իշխանությունների նկատմամբ: Միանշանակ է, որ նման արհավիրքի դեպքում ժողովուրդը, իրոք, պատրաստակամ կլինի ոտքի ելնել, բայց ոչ թե Սերժ Սարգսյանի կոչով, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Սահմանները պաշտպանելու խնդիր մենք, իրոք, չենք ունենա, որովհետեւ ժողովուրդը ոտքի կկանգնի Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին ընդառաջ»,- հայտարարեց տիկին Սարգսյանը` հավելելով, որ այժմ սկսվել է համաժողովրդական պայքարի երկրորդ փուլը, որը միանշանակ հաղթանակով պիտի ավարտվի:
www.hzh.am
Էջանիշներ