Ապրիլի 23-ին «Առավոտը» լուր տպագրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի («Լիցկայի») հերթական վայրագության մասին: Այս օրերի ընթացքում մենք ճշգրտել ենք զոհի անուն-ազգանունը եւ մարզպետի՝ դպրոցականի վրա հարձակվելու հանգամանքները: Այդ ամենն առայժմ չենք հրապարակում մի պարզ պատճառով. հայրենի պետությունը ի վիճակի չէ ապահովել տուժածի եւ նրա հարազատների անվտանգությունը: Նույն պատճառով երեխայի ծնողները չեն բողոքել ոստիկանություն, անգամ չեն դիմել պետական հիվանդանոց եւ «Լիցկայի» հարձակումից տուժած դպրոցականին բուժել են տնային պայմաններում: Որովհետեւ ոչ միայն Սյունիքում, այլեւ ամբողջ Հայաստանում են հայտնի Սյունիքի մարզպետի, նրա մերձավոր բարեկամների եւ նրա գլխավորության տակ գտնվող «գալավառեզների» գազանությունները: Այնպես որ, մենք ոչ մի ցանկություն չունենք նրանց իրականացրած սպանությունների, բռնաբարությունների ու խոշտանգումների շարքին ավելացնել եւս մի ոճիր: Մեր պետության թուլության եւ անճարակության պայմաններում, երբ նրանց «ներվել» են բոլոր հանցագործությունները, ի՞նչ երաշխիք կա, որ չի կոծկվի եւ այս մեկը: Ի դեպ, ըստ որոշ լուրերի, հիշյալ ավազակախմբի անդամները վերահսկողություն են սահմանել տուժած երեխայի տան նկատմամբ:
Պետք է ասել, սակայն, որ այս անգամ հույսի թույլ նշույլ, այնուամենայնիվ, կա: Այդ աղոտ հույսը տվել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հայտարարելով, որ հանձնարարել է ծառայողական քննություն անցկացնել «Առավոտի» հրապարակման առնչությամբ: Ինքնին այդ փաստը ես խիստ դրական եմ համարում, եթե, իհարկե, վարչապետը անկեղծ է եւ իսկապես նպատակ ունի օբյեկտիվորեն պարզելու ճշմարտությունը՝ երաշխավորելով, բնականաբար, տուժածների անվտանգությունը: Ճշմարտությունն իմանալն այնքան էլ դժվար գործ չէ. եթե մեր թերթը դա կարողացել է անել մի քանի օրում, ապա փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը (ում հանձնարարվել է կատարել այդ քննությունը) հնարավորություն ունի փաստերին ծանոթանալու կես ժամում: Ինչպես ասում են՝ միայն թե ցանկություն լինի՝ մանավանդ որ, մեր ունեցած տեղեկատվությունը մենք ում որ պետք է՝ հայտնել ենք: Դա լավ «թեստ է»՝ նոր իշխանության մտադրությունների լրջության վերաբերյալ:
Եթե «Լիցկային» այս անգամ էլ հաջողվի խուսափել պատասխանատվությունից, վախեցնել տուժածներին, ահաբեկել վկաներին, կաշառել իրավապահներին, ուրեմն բոլոր խոսակցություններն այն մասին, որ «այսուհետ վերջ է տրվելու լկտիությանն ու զոռբայությանը»՝ պարզապես օդի տատանում են:
Իսկ ընդհանրապես Սյունիքում (եւ ոչ միայն այնտեղ) ստեղծված իրավիճակի խորքային պատճառը, իհարկե, վախն է: «Դուք չգիտեք, թե ինչի է «Լիցկան» ընդունակ»,- մեզ հետ զրույցներում ասում են սյունեցիները: Բայց դա գիտենք բոլորս: Խնդիրն այն է, որ երբ մարդիկ լռում են, սսկվում են, թույլ են տալիս, որ իրենց նվաստացնեն ու ահաբեկեն, հենց դրա հետեւանքով են ծնվում «լիցկաներ»: Կամ՝ «վարդանիկներ»: Կամ՝ «գեներալ մանվելներ»: Նրանք բոլորը մեր ծնունդն են՝ ուրիշ ոչինչ:
Էջանիշներ