Միասնական Ջավախք ԺԴ-ի անդամ եւ Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միության նախագահ Վահագն Չախալյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը նշանակվել էր Գյումրիի Առաջին ատյանի դատարանում, տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին:
Վահագն Չախալյանի կարծիքով, թե ինչքան կձգձգվի դարձյալ իր Ջավախք վերադառնալու հարցը` կապված է պատվիրատուներից. «Բայց երեւի թե անցավ այն ժամանակահատվածը, որը ես պետք է այնտեղ չլինեի, անցան այդ լարված օրերը, բայց, սիրելի ժողովուրդ, մենք գալու ենք Ջավախք, մենք շարունակելու ենք մեր սկսած պայքարը, ավելի լուրջ, ավելի համախմբված, ավելի վճռականությամբ»:
Ըստ Վ. Չախալյանի իր ձերբակալության հիմքում ընկած է քաղաքական ենթատեքստ. «Մամուլում շատ գրվեց Միասնական Ջավախքի գործունեության մասին. այսօր Ջավախքում կազմավորվել է մի անկախ ուժ, որն անկառավարելի է թե Երեւանի, թե Թբիլիսիի կողմից, իսկ անկախության համար պետք է շատ թանկ վճարել, ինչին մենք պատրաստ ենք այսօր»:
Չախալյանը տեղի ունեցած դեպքերին մոտենում է նաեւ լավատեսորեն. «Ինչպես ժողովրդական առածն է ասում` Չկա չարիք, առանց բարիքի. չնայած տանջանքներ եղան այս երկու ամսվա ընթացքում, բարոյահոգեբանական նեղվածություն առաջացավ, բայց կա նաեւ բարիք, դա այն է, որ եւ Հայաստանի, եւ սփյուռքի հայությունն իմացավ մեր պայքարի եւ ջավախահայության խնդիրների մասին»:
Այն, ինչը մենք տարիներ շարունակ փորձում էինք տեղեկացնել Հայաստանի հանրությանը, վերջին ամսվա ընթացքում հասու դարձավ հասրակության լայն շրջանակներին` Ջավախքի խնդրի վերաբերյալ լուրջ ապատեղեկատվությունը, ճնշումը ջավախահայության հանդեպ, Հայ Առաքելական Եկեղեցու պետական կարգավիճակ չունենալու փաստը, որ մի շարք պատմական եկեղեցիներ սեփականաշնորհելուց հետո աչքները դրել են 9-10-րդ դարերի Կումուրդոյի Ս. Համբարձման եւ Սամսարի շրջակայքում գտնվող ժայռափոր եկեղեցիների վրա: Որ Գեւորգ Գեւորգյանին սպանեցին հայ լինելու համար, որ Ջավախքի դպրոցներում արգելված է հայ ժողովրդի պատմություն առարկայի դասավանդումը, որ երբ Ի. Ջավախիշվիլու անվ. ԹՊՀ-ի համալսարանի «շնորհիվ» 15-20 տարիների ընթացքում փոփոխվեց Ախալցիխեի ժողովրդագրական պատկերը եւ հիմա նույն համալսարանի Ախալքալաքում բացված մասնաճյուղի միջոցով ուզում են նույնը կրկնել այստեղ, երբ մեր լեզու չիմանալը դարձրել են իրենց շովինիստական, հակահայ քաղաքականության ծածկույթ եւ գիտակից կամ անգիտակից ձևով ջուր են լցնում պանթուրանական ծրագրի ջրաղացին` ջավախահայությանը դուրս մղելով իրենց բնակավայրերից:
Վահագն Չախալյանի հավաստմամբ, այս օրերը ցույց տվեցին, որ ոչ միայն ջավախահայությունն է պայքարելու իր ոտնահարված իրավունքների համար, այլ համայն հայությունը: Կան շատ շահագրգիռ կազմակերպություններ, անհատներ, որոնք պատրաստ են օժանդակել մեզ այսօր Ջավախքում ազգային հողի վրա եղած ճնշումների դեմ մղվող պայքարում, մեզ հետ ուս-ուսի տված լծվել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում կուտակված հոգսերի, հիմնախնդիրների լուծման հարցում:
Ինչպես Վ. Չախալյանն է հավաստում, դատավարությունը Շիրակի մարզի Առաջին ատյանի դատարան տեղափոխելը դատավարության ընթացքը լրատվամիջոցներից հեռու պահելու միջոց էր, «գոնե բախտներս բերել է, որ Սյունիքում չեն նշանակել, ավելի հեռու կլիներ», կատակում է Վ. Չախալյանը:
Դատավարության ընթացքում հետաքրքրական էր այն փաստը, որ մեղադրող կողմի բոլոր 5 վկաներն էլ պնդեցին զարտուղի ճանապարհներով անհնար է 21-010 մակնիշի մեքենայով մուտք գործել ՀՀ, որը մեղադրող կողմի համար անակընկալ էր:
Դատավարությունից հետո «Ջավախք-ինֆոյի» լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք մեղադրող կողմը հրաժարվի իր մեղադրանքից, ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ Մարտին Թադեւոսյանը պատասխանեց.«Իսկ ինչու՞ոչ: Եթե գտնենք, որ բավարար ապացույցներ չկան` մեծ սիրով»:
Հիշեցնենք, որ Ժողովրդական ճնշման ներքո ՀՀ իրավապահ մարմինները ստիպված եղան փոխել Վ.Չախալյանի խափանման միջոցը, սակայն սահմանը անօրինական հատելու անհեթեթ մեղադրանքը ոչ միայն չվերացվեց, այլեւ գործը հասցվեց դատարան:
Այս ամբողջ ընթացքում Վ. Չախալյանը ստիպված էր մնալ Երեւանում` հեռու ազգային-կազմակերպական գործունեությունից:
Այդ նույն ժամանակ, Ախալքալաքում, Թբիլիսիի կամակատար ոստիկանները մեկը մյուսի հետեւից շինծու քրեական գործեր էին հարուցում Դաշինքի գործուն անդամների, այդ թվում Վ.Չախալյանի դեմ` դրանցով փորձելով պատժել վերջին տարիների ժողովրդական բողոքի ցույցերի երեւելի մասնակիցներին եւ կանխել Ջավախքում թափ հավաքող ազգային շարժման նոր ալիքը:
Վահագն Չախալյանի դատավարությունը Գյումրիի Առաջին ատյանի դատարանում տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 4-ին ժամը 10:00-ին:
Ջավախք-ինֆո 02.12.06թ
Էջանիշներ