Երեւանում՝ Միքայել Նալբանդյանի արձանի մոտ նստացույց է ընթանում արդեն մի քանի օր: Նստացույցը մարդաշատ չէ, բայց անժամկետ է եւ կարող է դադարեցվել միայն նույնանպատակ այլ բողոքի ակցիաների՝ նստացույցի անհրաժեշտության դեպքում: Այդպես վստահեցրին մասնակիցները՝ ուսանողներ Հայաստանից ու Ջավախքից: Նրանց պահանջը Վահագն Չախալյանին ազատ արձակելն է: Հանրապետության, ԱԺ նախագահներին, վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, մարդու իրավունքների պաշտպանին եւ լրատվամիջոցներին ուղղված դիմում-հայտարարությունում նստացույցի կազմակերպիչները, հիմնվելով մինչ երեկ որեւէ պաշտոնական բանակցության բացակայության փաստին, տեղեկացնում են. «Նման անտարբեր վերաբերմունքի շարունակության դեպքում կանցնենք սահմանադրական այլ բողոքի եղանակների, ընդհուպ երթերի ու հանրահավաքների»:
Վահագն Չախալյանի ազատ արձակման համար պայքարող երիտասարդները գտնում են, որ վերջինիս գլխավորած «Ջավախք» մարզամշակութային երիտասարդական միությունը, վերջերս նաեւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը, որի խորհրդի անդամ է Չախալյանը, միակ ուժն է, որը կարող էր հայանպաստ գործունեություն ծավալել Ջավախքում, եւ գտնում են, որ Վրաստանում վերջին ընտրություններով հնարավոր է դարձել Ջավախքում տեղավորել հայկական սաքրեբուլո, դրանում ներառելով ընդամենը հայանուն գործիչների, որոնք վրացիներից ավելի վրացի են, ըստ նստացույցի մասնակիցների, այդպիսին է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթը: Նրանք գտնում են, որ Հայաստանի իշխանությունները Վահագն Չախալյանի հետ կատարվածով փորձեցին վրաց իշխանություններին ինչ-ինչ մոտեցումներ ցուցադրել:
Հիշեցնենք, որ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ Վահագն Չախալյանը հոկտեմբերի 10-ին Երեւանում հարձակման է ենթարկվել, ստացել մարմնական վնասվածքներ, ավելի ուշ ձերբակալվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից, օրեր անց կալանվել՝ «ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով»: Այսպես է ձեւակերպված նաեւ օրեր առաջ ՀՀ ԱԺ 15 պատգամավորների հայտարարությունում, որով իրավապահ մարմիններին պահանջ է ներկայացվել բացահայտել հանցագործության հեղինակներին ու պատժել եւ անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին կամ առնվազն վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը: Այս առնչությամբ փոփոխություն արձանագրված չէ դեռեւս:
Ն. Պ.
Էջանիշներ