ԱՍՖԱԼՏ ԵՄ ՓՌԵԼ, ԼՈՒՅՍ ԵՄ ՔԱՇԵԼ
Հ.Հ. առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից հետո Ռոբերտ Քոչարյանը, արդեն հաստատված ավանդույթի համաձայն, ինքն է փորձում ինչ-որ կերպ պատասխանել իր հասցեին հնչած փաստարկված հիշատակումներին, քանի որ գործող իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը դա չի անում:
Գործող իշխանությունը հստակ հաշվարկել է, որ «Ռոբերտ Քոչարյան» բառակապակցության արծարծումը լրացուցիչ կրքեր է բորբոքում հանրության շրջանում: Երեկ էլ Քոչարյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը եւ անդրադարձել է բացառապես ՀՀ առաջին նախագահին: Հուլիսի 4-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի բերած որեւէ փաստարկ Քոչարյանը չի հերքել: Սակայն, մեղմ ասած, մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Օրինակ` լրագրողի այն դիտարկմանը, թե «Տեր-Պետրոսյանին աջակցող մամուլը հետեւողականորեն առաջ է տանում այն միտքը, թե դուք շարունակում եք կառավարել երկիրը», Քոչարյանը ցնցող պատասխան է տալիս. «Եթե դա այդպես լիներ, ապա Տեր-Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, արդեն նստած կլիներ հանցավոր գործունեության համար (ի դեպ, դրանով ես կուղղեի 1998 թվականի իմ սխալը)»: Այսպիսի պատասխանը ցնցող է մի քանի տեսակետներից. նախ, եթե ինքը համոզված է, որ Տեր-Պետրոսյանը հանցավոր գործունեություն է վարել ու քրեական պատասխանատվության չի ենթարկվել, ապա Քոչարյանը հանցագործ է: Եթե նա գիտի, որ Տեր-Պետրոսյանը հանցավոր գործունեություն չի վարել ու ուզում է նրան «նստացնել», ապա կրկին Քոչարյանը հանցագործ է: Եւ վերջապես, ըստ օրենքի, այն, թե ով պետք է նստի, ով` ոչ, որոշում է դատարանը եւ ոչ թե Քոչարյանը: Իսկ վերջինս, փաստորեն, խոստովանեց, որ ինքն է անցած տասը տարիներին որոշել, թե ով է նստելու, ով` ոչ: Թերեւս ակնհայտ է դառնում, թե ով է որոշել, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը չպետք է ապրեն, որ Պողոս Պողոսյանը չպետք է ապրի, որ Արծրուն Մարգարյանը երկու կրակոցով «ինքնասպանե պետք է լինի եւ այլն, եւ այսպես շարունակ: Շուտով Հայաստանում իրոք միայն դատարանները կսկսեն որոշել, թե ով է նստելու, ով` ոչ: Բայց կարող է այնպես ստացվել, որ բժիշկների տված խիստ հիմնավոր փաստաթղթի հիման վրա դատարանը որոշի, որ Քոչարյանին դատ չի հասնում: Ինչեւէ, Քոչարյանը նաեւ ասել է, որ եթե իրականում ինքը կառավարեր երկիրը, ապա Թուրքիայի նախագահը չէր հրավիրվի Հայաստան` ֆուտբոլային հանդիպմանը ներկա լինելու համար: Սրանով էլ Քոչարյանը փորձում է սահմանազատել Սերժ Սարգսյանին իրենից, քանի որ ինքն էլ է գիտակցում իր գոյության վատ ազդեցությունը Սերժ Սարգսյանի վրա: Քոչարյանը հարցազրույցում փորձ է արել հիշեցնել այն մասին, որ իր օրոք Երեւանը ասֆալտապատվել է, փողոցները լուսավորվել են, լիքը խանութ-մանութ, կաֆե-մաֆե է հայտնվել, էլիտար շենքեր են կառուցվել եւ այլն: Միեւնույն ժամանակ, քաջ գիտակցելով, որ իր այս արդեն ձանձրալի դարձած լոլոները որեւէ կերպ չեն ազդում ներքաղաքական իրավիճակի վրա, նա որոշել է գիրք տպագրել այս ամենի մասին: Այլ կերպ ասած,
շուտով մեր գրախանութներում կհայտնվի թերեւս օգտակար ձեռնարկ էլեկտրիկների եւ ասֆալտ փռողների համար, որտեղ մանրամասն կբացատրվի, թե ինչպես կարելի է փողոցներ ասֆալտապատել ու լուսավորել պատերազմի ավարտից 10 տարի հետո, բայց այնտեղ չի լինի անգամ ակնարկ, թե ինչու չեն ասֆալտապատվել ու լուսավորվել Ստեփանակերտի փողոցները, երբ Ղարաբաղը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը:
ՀԺ
Էջանիշներ