ՄԵՐ ԱԶԳԻ ՈՒ ԵԿԵՂԵՑՈՒ "ՖՈՐՊՈՍՏԸ"` ԵՐՈՒՍԱՂԵՄ

Անցյալ կիրակի Երուսաղեմի Սբ. Հարության տաճարում Քրիստոսի գերեզմանի շուրջը Հայ առաքելական եւ Հույն ուղղափառ եկեղեցականների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը լայն արձագանք գտավ նաեւ Հայաստանում: Եկեղեցական գործիչներ, մտավորականներ ու լրագրողներ, անգամ մի հանրահայտ դերասան, հարկ համարեցին հեռուստատեսությամբ ու տպագիր մամուլով հանդես գալ, բացատրել եւ ափսոսանք հայտնել կատարվածի համար: Նրանցից ոմանք նույնիսկ փորձեցին ձեռք առնել ծեծկռտուքի մասնակից հայ եկեղեցականներին եւ, առավել հուզիչը, քրիստոնեական սիրո ու զիջողության քարոզ կարդալ նրանց, հատվածներ մեջբերելով Ավետարանից:

Անշուշտ լավ է, որ մարդիկ խոսեն նման միջադեպերի մասին, նախանձախնդրություն ցույց տան քրիստոնեական արժեքների նկատմամբ, սակայն պայմանով, որ զերծ մնան սխալ ընդհանրացումներ կատարելուց:

Բոլորովին դժվար չէ գիտակցել, նույնիսկ առանց պատմական ծանոթությունների, որ եկեղեցին նաեւ կառույց է, հոգեւոր կազմակերպություն: Եվ ինչպես յուրաքանչյուր կառույց ու կազմակերպություն, ունի անշարժ եւ շարժուն կալվածքներ, ինչք, ունեցվածք, նաեւ իրավունքներª դրանք պահպանելու: Հայ առաքելական եկեղեցում 17 դարերի ընթացքում կուտակվել է հսկայական հարստությունª նվիրատվությունների եւ հանգանակությունների միջոցով: Այդ հարստություններն ի պահ եւ ի պահպանություն են տրվել մեր եկեղեցու սպասավորներին, որոնք ոչ թե սեփականատերն են դրանց, այլ ավանդապահները: Նրանք չեն կարող, ինչպես սոսկական սեփականատերերը, ըստ կամս եւ ըստ ցանկության վարվելու այդ հարստությունների հետ, այլ ստիպված են պահպանել ու պաշտպանել դրանք: Եվ այդ պարտականությունից յուրաքանչյուր շեղում ու թերացում առաջ է բերում, ինչպես եղել է հաճախ, մեր ժողովրդի արդար ընդվզումն ու բողոքը: Հետեւաբար ոչ ոք իրավունք չունի մեղադրելու մեր եկեղեցականներին, առավել եւս ձեռք առնելու նրանցª իրենց այդª ես կասեի ժողովրդական հանձնարարությունը կատարելու համար, ինչպես եղավ Երուսաղեմում պատահած վերջին դեպքից հետո:

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որը տնօրինում է քրիստոնեության ծննդավայր Հին քաղաքի կարեւորագույն հատվածիª Սիոն լեռան վրա գտնվող մեր վանք-ամրոցն ու այնտեղ դարերով կուտակված անգնահատելի հարստությունները, հանդիսանում է նաեւ Սբ. Հարության տաճարի, Բեթղեհեմի Սբ. Ծննդյան եւ այլ վայրերի պահապանըª հույն ուղղափառ եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների հետ: Եվ սաª դարեր շարունակ: Եվ դարեր շարունակ վեճ ու կռվի մեջ են եղել մերոնքª պահպանելու մեզ պատկանող սահմանները, ժամերգության եւ արարողությունների իրավունքները: Ու հենց դրա համար Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության մեջ միայն գիտնական ու սրբակենցաղ վարդապետներ չեն եղել, այլ եղել են նաեւ կռվող, ուժ եւ խիզախություն ունեցող եկեղեցականներ, պատրաստª դիմագրավելու եւ հակահարված տալու ամեն մի ոտնձգության ու նախահարձակումի: Նրանք այդ ոգով են դաստիարակվել Երուսաղեմի հայոց հոգեւոր ճեմարանումª Ժառանգավորացում, թրծվել են հոգնեցուցիչ ժամերգությունների, երկարատեւ աղոթասացության եւ աչալուրջ հսկողությունների ընթացքում:

Երանի¯ նման ոգով դաստիարակված լինեին տարբեր ժամանակներում ու տարբեր վայրերում գտնվող մեր բոլոր եկեղեցականները: Այդ դեպքում մենք այդքան հեշտորեն չէինք կորցնի Կիլիկյան թագավորությունը, ոչ էլ Լեհաստանի հսկայական գաղութը եւ, գալով մեր օրերին, ոչ մի վրացի քահանա չէր համարձակվի ավերել կամ պարսպապատել Թբիլիսիի մեր եկեղեցիները:

Մի° մեղադրեք Երուսաղեմի մեր տղաներին, նրանք մեր ժողովրդի դարավոր եւ մշտնջենական հանձնարարությունն են կատարում:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
http://www.azg.am/AM/2008111401