Այդպես էլ չշարունակեցի այս շարքը՝ գրելով մի քանիսը, կանգ առա: Ժամանակն է վերսկսեմ գրելը, իսկ մինչ այդ առաջարկում կարդալ շարքից առաջինը... չնայած որ մի քանիսդ արդեն ծանոթ է
Այսպիսով....
Երկխոսություններ
«Մարդկային փոխհարաբերություններ» շարքից
ՍԵՐ
- Ծառ, ինչու՞ ես ինձ լրիվ ծածկում ստվերովդ:
- Ի՞նչ:
- Ասում եմ, ինչու՞ ես ինձ լրիվ ծածկում ստվերովդ: Մրսում եմ չէ՞:
- Դու ինձ արդեն հոգնեցրիր: Ախր ո՞նց կարելի է ամեն օր նույն պատմությունը...
- Ծառ, բայց մրսում եմ չէ՞:
- Իսկ ես մեղք ունե՞մ, որ դու հենց այդտեղ ես պառկել:
- Դու կարող էիր այդքան չբարձրանալ ու չմեծանալ:
- Մեծանալն ի՞նչ կապ ունի քո պառկելու տեղի հետ:
- Ծառ, ախր ո՞նց չես հասկանում: Ինչքան մեծանում ես, այքան էլ ստվերդ է մեծանում:
- Ուրիշ տեղ պառկեի՛ր:
- Հեշտ ես ասում... Ծառ, իսկ ինչու՞ ես անընդհատ բարձրանում վեր:
- Դե... ո՞նց ասեմ... ես սիրում եմ արևը ու ուզում եմ ավելի մոտենամ նրան...
- Ծառ, ախր ես էլ եմ սիրում արև, իսկ դու իմ վրա ստվեր ես գցում:
- Էլի եմ ասում, ուրիշ տեղ պառկեիր:
- Էէէ... Ծառ, միշտ ուզում եմ հարցնեմ ու մոռանում եմ, հիմա հարցնե՞մ:
- Ասա:
- Ո՞նց ա, որ դու արևից չեմ վառվում: Ախր քո տերևներն այնքան նուրբ են:
- Եթե վախենում ես արևից վառվելուց, ստվերիցս ինչի՞ ես դժգոհում:
- Չէ Ծառ, իմն ուրիշ է...
- Ի՞նչն է ուրիշ:
- Արևն ինձ չի վառում այլ տաքացնում է: Հետո արևի ամեն կաթիլը մտնում է իմ մեջ ու սկսում է արյան պես հոսել... Ծա՞ռ:
- Ի՞նչ:
- Ինչի՞ են ասում որ քարի մեջ արյուն կա:
- Չգիտեմ:
- Ծառ, իսկ քարի մեջ արյուն կա՞:
- Ես որտեղի՞ց պետք է իմանամ:
- Դե... Ծառ, չէ որ ասում են որ դու իմաստուն ես:
- Ո՞վ է ասում:
- Նրանք, ովքեր ասում են, որ քարի մեջ արյուն կա:
- Սխալ են ասում:
- Ի՞նչն են սխալ ասում, որ քարի մեջ արյուն կա՞:
- Ոչ, որ ես իմաստուն եմ:
- Ծառ, բայց դու իսկապես իմաստուն ես:
- Էէէհ, որ իմաստուն լինեի, բա իմ ամբողջ կյանքում ստեղ արմատներս խրած կկանգնեի՞:
- Բա ի՞նչ կանեիր:
- Ման կգայի աշխարհում:
- Ծառ, աշխարհում ի՞նչ կա, որ ուզում ես ման գալ:
- Շատ բաներ կարելի է տեսնել, ուրիշ ծառերի հետ ծանոթանալ...
- Ծառ, դու տխու՞ր ես:
- Ե՞ս: Չգիտեմ: Երևի:
- Իսկ որ աշխարհում շրջեիր երջանիկ կլինեի՞ր:
- Գուցե...
- Ուրեմն մարդիկ երջանի՞կ են:
- Չէ, ինչու՞:
- Որտև կարող են աշխարհում ման գալ:
- Բայց մեկա երջանիկ չեն... երևի շնչավոր արարածներին միշտ ինչ-որ մի բան խանգարում է երջանիկ լինելու համար:
- Ծառ, իսկ քարը շնչավո՞ր արարած է:
- Ծիծաղելի բաներ ես ասում, իհարկե ոչ:
- Ինչու՞:
- Քարը քիթ ունի՞:
- Չէ, Ծառ, չունի:
- Բա էլ ո՞նց կարող է շնչավոր լինել:
- Ծառ, իսկ դու շնչավո՞ր ես:
- Իհարկե:
- Բայց դու էլ քիթ չունես... Ծառ, իսկ ես կարո՞ղ եմ աշխարհում ման գալ:
- Չգիտեմ: Գուցե կարող ես:
- Ծառ, մի քիչ էն կողմ քաշվի տաքանամ արևի տակ:
- Էլի՞ սկսեցիր:
- Ծառ, իսկ եթե ես աշխարհում ման գամ, երջանիկ կլինե՞մ:
- Չգիտեմ:
- Իսկ քարը շնչավո՞ր է:
- Ի՞նչ ես անընդհատ նույն բանը կրկնում:
- Ծառ, եթե քարը շնչավոր չի, ինչի՞ են նրանից խաչքարեր սարքում ու առաջը խոնարհվում:
- Ի՞նչ կապ ուներ մեկը մյուսի հետ:
- Բա անշունչ բանի առջև կխոնարհվե՞ն:
- Չգիտեմ, ես մենակ քամու առաջ եմ խոնարհվում:
- Ու մարդկանց, Ծառ, ու մարդկանց:
- Մարդկանց առաջ ես ՉԵՄ խոնարհվում:
- Խոնարհվում ես, Ծառ:
- Չեմ խոնարհվում: Ես հպարտ կանգնում եմ... կանգնում ու իմ կյանքի վերջին րոպեներին նայում եմ արեգակին... կամ լուսնին, եթե գիշեր է... իսկ նրանք ինձ կտրում են: Ու ես ընկնում եմ: Բայց չեմ խոնարհվում, լսում ես, ՉԵՄ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ:
- Մի զայրացիր, Ծառ:
- Չեմ զայրանում, զարմանում եմ: Ինչու՞ են ուզում խոնարհեցնեն ինձ: Միթե իմ ողջ կյանքում նրանց լավություն չեմ անում:
- Ծառ, մի կողմ քաշվի տաքանամ արևի տակ:
- Չեմ կարող:
- Ինչու՞ ինձ էլ չես ուզում լավություն անել:
- Ուզում եմ, չեմ կարող:
- Ծա՞ռ:
- Ասա:
- Ծառ, տեսնում ես, մարդիկ են գալիս:
- Տեսնում եմ:
- Ի՞նչ են ուզում:
- Չգիտեմ, գուցե բան էլ չեն ուզում, անցնում են:
- Չէ, Ծառ, տես, ինձ են նայում:
- Քե՞զ: Քեզ ինչի՞ պետք ա նայեն:
- Ծառ, նայի, ձեռքներին քլունգներ ու մուրճեր են...
- Ի՞նչ են անելու այդ գործիքներով:
- Ծառ, կարո՞ղ ա ուզում են ինձ տանել այստեղից:
- Չգիտեմ, Քար, չգիտեմ:
- Ծառ, իսկ իրանք գիտե՞ն որ ես շնչավոր եմ:
- Քար, դու շնչավո՞ր ես:
- Ծառ, իսկ իրանք գիտեն որ ես արև ու ջերմություն եմ սիրում:
- Քար, դու շնչավո՞ր ես:
- Իսկ իրանք գիտեն որ երբ ես տաքանում եմ, էդ տաքությունն իմ մեջով արյունի նման հոսում է: Ու որ փաստորեն իրանք ճիշտ են ասում, որ քարի մեջ արյուն կա:
- Քար, փաստորեն դու շնչավոր ես:
- Ծառ, իսկ իրանք ինձ չե՞ն ցավեցնի:
- ...
- Ծառ, կարո՞ղ ա ինձ մի քանի կտորի բաժանեն:
- ...
- Ծա՞ռ:
- ...
- Ծառ, ինչու՞ ես լալիս: Դու տխուր ես:
- Տխուր եմ, Քար, տխուր:
- Ինչու՞: Ինձ տանում են դրա համա՞ր:
- Ոչ միայն, Քար:
- Բա էլ ինչի՞:
- Տեսնու՞մ ես քիչ այն կողմ նստած մարդկանց, որ նայում են թե քեզ ոնց են այս մարդիկ հանում:
- Տեսնում եմ, Ծառ:
- Իսկ տեսնու՞մ ես, նրանց ձեռքերին սղոց ու կացին կա:
- Ծառ իրանք ուզու՞մ են քեզ կտրեն:
- Կկտրեն:
- Ծառ, դու կմեռնես:
- Կմեռնեմ:
- Ծառ...
- Ուրախացի՛: Էլ ոչ մեկի վրա ստվեր չեմ գցի...
- Բայց Ծառ...
- Իսկ գուցե քեզնից բուխարի կսարքեն ու ինձ քո մեջ կվառեն ու ես այսքան քո վրա ստվեր գցելուն փոխհատուցում քեզ մի քանի րոպե կտաքացնեմ, քո մեջով արյուն կհոսի՝ իմ արյունը... Ու դու կշնչես իմ ծուխը, իմ կյանքը, ինձ... Ուրախացի, քար, ուրախացի...
- Ծառ, ես դա չեմ ուզում, ես վախենում եմ դրանից:
- Ինչի՞ ես վախենում, ՈՒՐԱԽԱՑԻ:
- Ծառ, ես քեզնից նեղանում էի, որ քո պատճառով մրսում էի, բայց...
- Ի՞նչ բայց, Քար:
- Ծառ, ես կապվել եմ քո հետ... դու իմ համար արդեն հարազատ ես... ես նույնիսկ ավելին կասեմ, ես քեզ սիրել եմ, միշտ եմ սիրել...
- Հասկանում եմ քեզ, Քար: Նույն կերպ դու էիր ինձ հարազատ: Ես երբեք չէի ուզում քո վրա ստվեր գցել, բայց չէի կարող դա չանել: Ներիր ինձ, Քար:
- Ծառ, ինչի՞ մասին է խոսքը:
- Ուղղակի ներիր ու ինձ լավ հիշիր:
- Ծառ ինձ արդեն տանում են...
- Արդե՞ն: Հաա, մոտենում են սղոցով մարդիկ...
- Ծառ, ես վախենում եմ... իմ ու քո համար:
- Մի վախենա Քար, կյանքը հավերժ չէ... համենայն դեպս ծառերի համար:
- Մնաս բարով Ծառ:
- Գնաս բարով Քար:
Էջանիշներ