«ՅՈ՞ ԵՐԹԱՍ»
քաղաքացիական ֆորում
Քաղաքացիների պաշտպանվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն են երկրի կայունության և անվտանգության հիմնական սկզբունքները: Հետընտրական իրադարձությունները Հայաստանում ստեղծել են մի իրավիճակ, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Ինչպե՞ս հաղթահարել բռնապետությունը: Որո՞նք են քաղաքացիական հասարակության անելիքներն այս գործընթացում:
Այս հարցերին էր նվիրված ս.թ. ապրիլի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի մեծ դահլիճում անցկացված քաղաքացիական ֆորումը: Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 60 հասարակական կազմակերպությունների ու միավորումների, մի շարք միջազգային կազմակերպությունների, մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ:
Ֆորումի առաջին մասում մասնակիցները ներկայացրեցին իրենց գնահատականները նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակաժողովրդավարական քաղաքականության վերաբերյալ և առաջադրեցին այն խնդիրները, որոնց պետք է անդրադառնան ներկա գտնվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` հաղթահարելու բռնապետական դրսևորումները:
Միջոցառման երկրորդ մասում մասնակիցներն աշխատեցին իրենց առաջարկությունների հիման վրա ձևավորված աշխատանքային խմբերում, քննարկելով երկրում մարդու իրավունքների ոտնահարումների, հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումների, ԶԼՄ-ների վերահսկողության և ՀՀ օրենսդիր մարմնի անարդյունավետ և ժողովրդավարական արժեքներին հակասող գործունեությանն առնչվող հարցերը:
Ստորև ներկայացնում ենք խմբային աշխատանքների արդյունքում ձևակերպված առաջարկություններն ամփոփ.
ԶԼՄ աշխատանքային խումբ
- հանրային հեռուստաընկերության դեմ դատական գործ սկսելու նպատակով գտնել հայցվորի
- հանրային հեռուստաընկերության խորհրդի ձևավորման կարգի փոփոխություն
- հեռուստաընկերությունների մասին օրենքի փոփոխություն
- Ա1+ հեռուստաընկերության վերաբացման նպատակով հասարակական ուժերի համախմբում` հստակ գործողությունների ընթացքի սահմանում
- Շարունակական աջակցություն «ԱԼԱ» հեռուստաընկերությանը. ԱԼԱ-ի նյութերի տեղադրում ինտերնետում (youtube), շարունակական դրամահավաքներ ԱԼԱ-ի համար, նպատակ ունենալով ձևավորել անկախ ԶԼՄ հիմնադրամ, www.gala.am, org, com ինտերնետային էջի ստեղծում և դրա ծրագրային ապահովում
- ձևավորել լրատվության ոլորտի իրավապաշտպանի ինստիտուտ (ԶԼՄ օմբուցմեն)
- շահառու լրագրողներից բաղկացած լրատվական արհմիության ձևավորում
- ԶԼՄ-ների կոնսոլիդացիա կոնկրետ խնդիրների շուրջ (որպես օրինակ բերվեց Շիկահողի խնդրի շուրջ ԶԼՄ-ների համագործակցությունը)
Հասարակական կազմակերպությունների խումբ
Հարցերի բազմազանությունից ելնելով` ՀԿ-ների հնարավոր գործողությունները քննարկվեցին երեք տարբեր մակարդակներում` հիմնվելով այն հիմնական նախադրույթի վրա, որ ՀԿ-ների հիմնական գործառույթը հասարակության պահանջմունքների արտացոլումն ու բավարարումն է: Քննարկման երեք հիմնական ուղղություններն էին` ՀԿ - քաղաքացի, ՀԿ - հասարակություն և ՀԿ - միջազգային հանրություն: Խմբի քննարկումների արդյունքում ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները.
- քաղաքացի-ՀԿ կապի ամրապնդում
- ստեղծել արագ արձագանքման ոչ-ֆորմալ կառույց գրանցված եւ գործող ՀԿ-ների շրջանում քաղաքացիական նախաձեռնությունների և առանձին ակտիվ քաղաքացիների առաջարկներին ու գործողություններին աջակցելու նպատակով
- քաղբանտարկյալների շահերի պաշտպանության և այլ խնդիրներին արձագանքելու նպատակով ստեղծել տարբեր թեմատիկ խմբեր
- կազմակերպել ակցիաներ, պիկետներ` ելնելով իրավիճակից
- ՀԿ-ների որպես միջնորդի դերի բարձրացում հասարակություն-իշխանություններ կտրված կապի առնչությամբ
- լոբբիստական խմբի ստեղծում, որը հանդես կգա իշխանություններին իրավական պահանջների փաթեթի ներկայացմամբ
- կազմակերպել լայնածավալ բաց բանավեճեր` ուղիղ եթերով, երկու քաղաքական բեւեռների լիդերների կամ իրենց ներկայացուցիչների մակարդակով
- ակտիվացնել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
դիմել միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին եւ առաջարկել ներգրավել ՀԿ-ների առավել լայն սպեկտոր` ճշգրիտ եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու նպատակով
Ազգային ժողովի խումբ
Աշխատանքային խմբի մասնակիցների կողմից ԱԺ աշխատանքներն, ընդհանուր առմամբ, գնահատվել են խիստ անարդյունավետ: Մատնանշվել է նոր օրենքների ընդունման անհրաժեշտությունը, որոնք նախապայման կհանդիսանան ընդդիմության դերի ուժեղացման և պետական կառույցներում մասնակցության, պատգամավորների կողմից առավել պատասխանատու վարքագիծ դրսևորելու համար և այլն:
Խմբի քննարկումների ժամանակ երկու հակադիր դիրքորոշումներ հնչեցին`
1. գնալ բանակցությունների ԱԺ-ի հետ հիմքում կիրառելով վերջնագիր որի պայմաններին չբավարարելու (մասնավորապես` առաջարկվող ժամկետներում քայլեր չձեռնարկելու) դեպքում դիմել ծայրահեղ միջոցի և բարձրացնել ԱԺ լուծարելու վերաբերյալ հարցը
2. առանց բանակցությունների անմիջապես ձեռնարկել քայլեր` ուղղված այդ հակաժողովրդավարական կառույցի լուծարման
Բացի այդ առաջարկվեցին հետևյալ գործողությունները`
- հետևողական կերպով, տարբեր ակցիաների կազմակերպում և վերաբերմունքի արտահայտում ընդունվող օրենքների նկատմամբ:
- «մասնակցային» միջոցառումների բոյկոտում, ցույցերի կազմակերպում
- հայտարարությունների տարածումը լրատվամիջոցներով
- ծաղրանկարների ցուցադրում
- նիստերի ձայնագրությունների տարածում և ստորագրահավաքներ
Մարդու իրավունքների խումբ
Մարդու իրավունքներ խմբի քննարկման հիմնական թեմաներն էին «Քաղբանտարկյալների, հացադուլավորների եւ քաղաքակական հետապնդումների ենթարկվողների, ինչպես նաև Մարտի 1-ի դեպքերի անկախ (միջազգային) հետաքննության անցկացման խնդիրները»: Արձանագրելով երկրում մարդու իրավուքների ոլորտում տիրող աննախադեպ իրավիճակը` խմբի անդամներն առաջարկեցին կոնկրետ գործողությունների ծրագիր.
- հկ-ների կողմից համատեղ հայտարարություն ընդունել` պահանջելով անհապաղ ազատել քաղբանտարկյալներին
- հասարակական հետաքննություն կատարել բոլոր դեպքերի վերաբերյալ և սատար կանգնել քաղբանտարկյալների իրավունքներին
- հայտարարություն ընդունել Հրազդանի Վանատուր թաղամասում հացադուլավորների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունները դատապարտելու նպատակով
- մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերն ունենալու նպատակով դիմել միջազգային հանրությանը` անկախ հետաքննություն անցկացնելու նպատակով
- հետաքննությանը ներգրավել հայաստանյան հասարակական կազմակերպություններին
- ստեղծել իրավապաշտպան հկ-ներին կից տեղեկատվական կենտրոն, որը տեղեկատվություն կհավաքագրի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի և վկաների վերաբերյալ
- անկախ հետաքննություն անցկացնել նաև ընտրությունների և հետընտրական շրջանում ընկած բոլոր դեպքերի վերաբերյալ
Հարկ է նշել, որ մինչ "Մարդու իրավունքներ" խմբի աշխատանքների ավարտը մի խումբ կազմակերպությունների ներկայացուցիչներ լքեցին ֆորումը` մեկնելով Վանատուր, որտեղ ոստիկանները բերման էին ենթարկել հացադուլ հայտարարած մարդկանց:
Էջանիշներ