Դասից նոր էի դուրս եկել, գնում էի փոստ: Ճանապարհին մեկը կանգնեցրեց, բարևեց: Սկզբում ինձ թվաց, թե հերթական տանը մնացած տղաներից է, որն ուզում է ընկերուհի կպցնել: Հետո ասաց.
- Չճանաչեցի՞ր:
- Ո՜նց չէ: Հարութն ես:
- Չես փոխվել:
Չնայած նա շատ էր փոխվել, կամ էլ գուցե իմ հիշողության մեջ նրա դեմքն այլ կերպ էր պահպանվել (վերջիվերջո, վերջին անգամ չորս տարի առաջ էի նրան տեսել), ասացի.
- Դու էլ չես փոխվել:
Ուշադրությամբ դեմքը զննեցի: Փա՜ռք Աստծո, ինձնից հետո նրա դեմքին ոչ մի սպի չէր ավելացել: Ամաչեցի ասել, որ աջ հոնքի վերևի սպիի շնորհիվ ճանաչեցի նրան:
- Ո՞նց ես, սովորու՞մ ես:
- Հա՛:
- Ես էլ աշխատում եմ,- սկսեց բացատրել, թե ինչ գործով է զբաղվում, որից գլուխ չհանեցի:
- Էն ժամանակ դպրոցական էիր, չէ՞: Հիմա երևի 18-20 տարեկան կլինես:
- Հա՛, շուտով 20 կդառնամ:
- Ես էլ 23-ի մեջ եմ, Բյուրա՛կն… Տեսնու՞մ ես, անունդ էլ եմ հիշում
- Հլը ու չհիշեիր:
Մտովի տեղափոխվեցի 2002թ.: Այն ժամանակ նա ինձ «Բոբա» էր ասում:
- Ընկերոջս հիշու՞մ ես՝ Լյովիկին: Բանակից եկել է, շուտով նշանվելու է:
- Հա՞: Իմ կողմից կշնորհավորես:
- Անցյալ տարի էլ ես պետք է նշանվեի, բայց մարդիկ խանգարեցին:
Ու շեշտակի նայեց դեմքից. երևի ուզում էր տեսնել, թե ինչպես կարձագանքեմ նրա ասածին:
- Ափսոս… Պետք չէ թույլ տալ, որ մարդիկ խանգարեն:
- Բայց դու քո մտածելակերպով փոխվել ես:
- Չէ՛, չեմ փոխվել,- չնայած շատ էլ լավ գիտեի, որ ես վաղուց էլ առաջվանը չեմ: Ուղղակի սարսափելի չէի սիրում, երբ Հարութը ճիշտ էր դուրս գալիս:
- Հաճախ եմ Օպերայի մոտով անցնում, մտածում եմ՝ քեզ կտեսնեմ, բայց չկաս:
- Այլևս այնտեղ չեմ լինում,- նկատեցի, որ արդեն շատ եմ ստել, հետո հիշեցի Ակումբի հանդիպումները, դրա համար ուղղեցի սխալս,- միայն շաբաթը մեկ անգամ, այն էլ պայմանավորված եմ լինում:
- Ուրախ եմ, որ քեզ տեսա:
- Ես էլ:
Հիշեցի, որ վերջերս ուզում էի զանգահարել նրան, հենց այնպես, հավեսի համար: Հիշում էի նաև, թե ինչպես էր Թերեզան փոստատար աշխատում մեր վեճի ժամանակ, որից հետո այլևս չշփվեցինք:
- Ձեռքի հեռախոս ունե՞ս:
- Հա՛, ունեմ:
- Ես քո տան համարը կորցրել եմ: Երկու տարի առաջ լակոտություն արեցի, հետո ջնջեցի:
Զանգահարում էր ու չէր խոսում: Չնայած իրենց տնից չէր «գժվացնում», ես համարը բռնել էի ու շատ խորամանակ կերպով պարզել, որ նա է:
- Համարս կգրե՞ս: Մեկ-մեկ զանգի՛ր, հանդիպենք, խոսենք:
Երևի ամաչեց իմն ուզել:
Համարը գրեցի, իսկ հետո որոշեցի հոգու հետ խաղալ: Միանգամից սեղմեցի "dial" կոճակը և ասացի.
- Սա ես եմ, չվերցնես:
Դեմքի արտահայտությունը փոխվեց: Զգացի, թե ինչպես սրտի աշխատանքն արագացավ: Կարմրեց:
- Դե լավ, գնացի,- ասացի:
Հազիվ էի ինձ զսպում, որ չհարցնեմ. «Հո Եհովայի վկա չե՞ս դարձել»:
Հարութն էր մնացել պակաս, որ ճամփաս կտրի:
շարունակելի…




Մեջբերել
Էջանիշներ