Նախատեսվում է, որ ԱԺ-ն 24-ժամյա ռեժիմով կընդունի զինծառայությունից խուսափածների մասին նախագիծը
16:38 • 07.12.10
Հայաստանի Ազգային ժողովն այս տարվա վերջին քառօրյայի երկրորդ օրը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ինչպես հայտնի է, 2004թ-ից գործող այս օրենքի նպատակը զինծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիներին օգնելն է, որպեսզի նրանց նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը, նրանք Հայաստան վերադառնալով ոչ թե ձերբակալվեն, այլ վճարելով սահմանված տուգանքը` հաշվառվեն պահեստազորում, ստանան զինգրքույկ և ազատվեն զինծառայությունից:
Քննարկվող նախագիծը պետք է տարածվի մինչև 2010թ. նոյեմբերի 1-ը 27 տարին լրացած երիտասարդների, այսինքն` 1983թ. ծնվածների վրա: Հաջորդ զորակոչի համար կառավարությունն այլ ընթացակարգ կսահմանի: Առավելագույն տուգանքը 1մլն. 800 հազար դրամ է (յուրաքանչյուր զորակոչից խուսափելու համար 100 հազար դրամ է նախատեսված), բայց բարձրագույն կրթություն, ընտանիք ունենալու, հաշմանդամ կամ ազատամարտիկի որդի լինելու պարագայում առավելագույն տուգանքը կզեղչվի:
Նշենք, որ 2004թ-ից գործող այս օրենքը տարածվել է 5000 հոգու վրա, որոնք վերադարձել են Հայաստան, վճարել տուգանքն ու ազատվել քրեական հետապնդման ենթարկվելուց: Այս պահին Հայաստանից դուրս գտնվող զինծառայությունից խուսափած անձանց թիվը հասնում է 20 հազարի:
Նախատեսվում է, որ այս նախագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության կդրվի 24-ժամյա ռեժիմով:
Tert.am
Էջանիշներ