Դատական համակարգից նեխած, փտած ու ստոր համակարգ չկա. որդեկորույս ծնողները բողոքում են
16:27 • 24.09.10
ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր կրկին հավաքվել էին Հայկական բանակում տարբեր տարիներին մահացած զինծառայողների ծնողները՝ պահանջելով իրենց որդիների գործերի արդար դատաքննություն։ «Դատական համակարգից նեխած, փտած ու ստոր համակարգ չկա»,- ասում էին որդեկուրույս ծնողները։
2008թ. Ղարաբաղի Մարտակերտի շրջանի դիրքերում սպանված Անդրանիկ Հայրապետյանի հայրը՝ Թովմաս Հայրապետյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև իր որդին, ըստ պաշտոնական վարկածի, հակառակորդի դիպուկահարի գնդակից է զոհվել, սակայն, ըստ փաստերի, այդպիսի բան չկա։
«Երեխայի վրա կան նշաններ, որոնք վկայում են, որ նա կռվի մեջ է եղել։ Իմ տղային սպանել են, ոչ թե զոհվել է հակառակորդի գնդակից։ Դատական գործը կասեցվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Հիմա բողոքարկելու ենք»,- նշեց նա։
Զինծառայողների ծնողների կողքին այսօր կանգնած էր նաև նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին՝ պարզած «Ամենակարևորն այն է, թե ինչպես մի ամբողջ պետություն, ազգ, ժողովուրդ գետինը չի մտնում, երբ դատարաններում, դատախազությունում և պետական այլ հաստատություններում ձեռ են առնում սգավոր ծնողներին» բովանդակությամբ պաստառը։
«Այս համակարգը և առհասարակ իշխանական երեք համակարգերը այնքան նեխած ու սերտաճած են հանցագործությունների հետ, որ ես ոչ մի ակնկալիք չունեմ»,- նշեց Գասպարին։
Tert.am
Էջանիշներ