Հերթական ինքնասպանությունը ՀՀ բանակում
Երեկ առավոտյան հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում։ Վայքի զորամասում պայմանագրային զինծառայող Արթուր Հակոբյանը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել։
«Հրապարակ» թերթը փորձել է պաշտպանության նախարարությունից կատարվածի վերաբերյալ որևէ պարզաբանում ստանալ։ ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը փոխանցել է. «Առավոտյան 9:30–ի սահմաններում, իրային գույքի պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Ռուբենի Հակոբյանը, ըստ նախնական տվյալների, իրային գույքի պահեստում ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային գնդակային վիրավորում գլխի շրջանում»։
Արթուրը մոտ երկու տարի զորամասում աշխատում էր որպես պահեստապետ, և դեպքն էլ տեղի է ունեցել հենց պահեստում։ Թե ինչն է պատճառ դարձել զինծառայողի նման քայլի համար, կամ ինչպես է զենքը հայտնվել Արթուրի ձեռքում, Աղեկյանը ոչինչ չի ասել։
«Այլ մանրամասներ հայտնի չեն»,– ասել է նա։ Սակայն, թերթի տեղեկություններով, Արթուրն ինքնասպան է եղել պահակազորի անդամներից մեկի զենքով։ Նա խնդրել է պահակազորի անդամին, որ օգնի ինչ-որ արկղ տեղափոխել։ Վերջինս էլ համաձայնել է, զենքը հենել է պատին, որ օգնի Արթուրին։ Արթուրն էլ արագ վերցրել է զենքն ու միանգամից կրակ բացել իր վրա, ինչից հետո տեղում մահացել է։
Ինչպես նաև շրջանառվում է, որ Արթուրն ընտանիքում լուրջ խնդիրներ է ունեցել, ինչն էլ կարող էր պատճառ դառնալ նման քայլի։ Արթուրը Վայքի քաղաքացի էր, ապրում էր Վայքում, ամուսնացած էր, ուներ մեկ զավակ։
Սակայն, ըստ թերթի, երեկոյան էլ լուրեր էին շրջում, թե Արթուրն ինքնասպան չի եղել, այլ նրան սպանել են՝ կրծքավանդակի հատվածում 4 հրազենային վնասվածք հասցնելով։
Թերթը հիշեցնում է, որ այս ամենը նախնական տեղեկատվություն է, և դեպքի կապակցությամբ այլ պաշտոնական մանրամասներ ստանալ իրենց չի հաջողվել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է հետաքննություն։
Էջանիշներ