Պաշտպանության նախարարությունը շարունակում է տեղեկատվություն չտրամադրել երկու օր առաջ ԼՂՀ հարավային սահմանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ: Հաղորդագրությունը, որ տարածել էր ՊՆ լրատվական բաժինը, խիստ խղճուկ էր, բայց սահմռկեցուցիչ ու տագնապ հարուցող: Հանրությանը, որը զորակոչի այս ժամանակահատվածում խիստ տագնապած է, որևէ նոր տեղեկատվություն չի հաղորդվում միջադեպի պատճառների մասին:
“Տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ… միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ”: Հրապարակվել են 4 մահացած և վիրավոր 4 շարքային զինծառայողների անունները միայն: Հաղորդագրության մեջ անգամ չի նշվում, թե որ զինկոմիսարիատներից են զորակոչվել այս զինծառայողները, ինչպես սովորաբար դա արվում էր: Տեղեկատվություն չի հաղորդվում նաև վիրավորների առողջական վիճակի մասին, և ահավոր վիճակում են հայտնվել նաև այդ ընտանիքները:
Մեր այցելության ժամանակ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում բնակվող Հազրոյանների տունը վերահսկում էին ոստիկանության աշխատակիցները: Թե ինչու էր տունը վերահսկվում, մեզ հստակ պատասխան չտրվեց, բայց ակնհայտ էր ոստիկանների ներկայության հոգեբանական ներգործությունը բանից անտեղյակ ընտանիքի վրա:
Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ.1991թ.) միջադեպի ընթացքում վիրավորված զինծառայողներից մեկն է: Հարազատների տեղեկությունները ինչպես միջադեպի, այնպես էլ իրենց որդու առողջական վիճակի մասին խիստ սուղ էր: ՊՆ-ից նրանց պաշտոնական որևէ տեղեկություն չէին հայտնել:
Ընտանիքի հայրը` Արմեն Հազրոյանը մեկնել էր Ղարաբաղ որդու առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու, սակայն ըստ ընտանիքի տեղեկությունների, Ստեփանակերտի հոսպիտալ այցելած ծնողներին թույլ չէին տվել տեսակցել իրենց որդիների հետ:
“Մեզ որևէ ինֆորմացիա չի տրվել ոչ դեպքի, ոչ էլ հիմա նրա առողջական վիճակի մասին”, մեր հանդիպման պահին, դեպքից երկու օր անց ասում էին զինծառայողի հարազատները: Այս անորոշ իրավիճակից ընտանիքը խիստ ճնշված էր: Նրանց մխիթարելու համար այցելում էին համագյուղացիներն ու հարազատները:
Ընտանիքի ունեցած տեղեկություններով, իրենց որդին` Մանվել Հազրոյանը միջադեպի ընթացքում ստացել է 4 հրազենային վնասվածք, և նրա առողջական վիճակը ծանր է: Վնասվածքներից երեքը19 ամյա երիտասարդը ստացել է որովայնիշրջանում, իսկ մեկը`գլխի:
“Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ, որ մեր անմեղ երեխաները հայտնվում են նման իրավիճակում”, ասում էր մայրը` 38-ամյա Արմինե Հազրոյանը:
Մտահոգ էին նաև համագյուղացիները. “Լավ բան չենք սպասում, չորս կողմից միայն զոհերի մասին ենք լսում, տաս օրից հետո մյուս տղան է զորակոչվելու, էսքանից հետո, որ ծնողը կուզի, որ իրա էրեխեն բանակ գնա”:
Շուտով բանակ էր զորակոչվելու նաև Հազրոյանների կրտսեր որդին` Սամվել Հազրոյանը, իսկ ավագ որդին` Մանվել Հազրոյանը բանակ էր զորակոչվել անցած տարվա նոյեմբերին: Մինչև բանակ զորակոչվելը սովորել է Երևանի գեղագիտական քոլեջի ոսկերչական բաժնում: Բանակ է զորակոչվել սովորելու ընթացքում և վերադառնալուց հետո պետք է շարունակեր մասնագիտական կրթություն ստանալ:
“Մենք նորմալ, առողջ երեխա ենք ուղարկել ծառայության, թող ղեկավարությունը մտածի, որ բանակում էսսպիսի դեպքեր տեղի չունենան, թող մտածի, որ էսօրվա օրով իրա հայրենիքի պաշտպաններն իրար դեմ են դուրս գալիս”, բողոքում էին հարազատները:
Մայրն ասում էր, որ Արմենը ծառայությունից երբեք չի բողոքել և իրենց երբեք որևէ նեղություն չի տվել: Ընտանիքը մեկ անգամ է այցելել որդուն` զինվորական երդման արարողության ժամանակ:
Հազրոյանների ընտանիքին նաև շշուկներ էին հասել, որ չի բացառվում, որ այս միջադեպը, ինչպեսև ԼՂՀ Մարտունու զորամասում ամիսներ առաջ տեղի ունեցած վեց զինծառայողի մահվան ելքով դեպքը, ներկայացվի նույն սցենարով. մեկը կրակել է վեցի, ապա ինքն իր վրա:
Ստեփանակերտի հոսպիտալում ծանր վիճակում գտնվող մյուս զինծառայողը Սարգիս Մելքումյանն է, ով զորակոչվել է հարևան` Արմավիրի մարզի Գետաշեն գյուղից:
Գյուղում տեղյակ էին նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը զոհերի մեծ թվի մասին, ինչը տագնապն ավելի էր մեծացրել:
Ըստ չճշտված տեղեկությունների, զոհված զինծառայողները զորակոչվել են Գյումրիի, Սիսիանի, Աբովյանի զինկոմիսարիատներից, իսկ մեկը Ղարաբաղից: Զոհվածներից մեկը 18 տարեկան է, զորակոչվել էր վեց ամիս առաջ:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
lragir.am
Էջանիշներ