«Եղնիկներ»-ում խոշտանգված զինվորը մահացել է
Դեռ մեկ տարի առաջ անդրադարձել էինք Թալինի Լուսակն գյուղի 19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանի հետ ԼՂ «Եղնիկներ» զորամասում կատարված դեպքին: 2010-ի սեպտեմբերի 27-ին` ծառայության իններորդ ամսին, սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ի «Եղնիկներ» զորամասից Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք էին տեղափոխել զինծառայող Ժորա Մկրտչյանին: Բանն այն է, որ սերժանտ Վաչիկ Գրիգորյանը, շարքայիններ Ալբերտ Առաքելյանը և Մովսես Բադալյանը ծեծելով և նվաստացնելով` Ժորային գրեթե մահվան էին հասցրել:
Մինչ այդ տեղի էր ունեցել հետևյալը. դիրքերից տղաներն իջնում են ներքև, գետի ափին Ժորան ոտքերն է լվանում, կռանալիս զինվորական գրքույկը ընկնում է գրպանից, իսկ տղաներից մեկը վերցնում և այն նետում է մոշուտի հարևանությամբ գտնվող տղաների պետքարանի մոտ: Ժորան ասում է, որ երկու տարի դրա համար է ծառայելու, ու շպրտողից պահանջում է, որ բերի գրքույկը: Սա գնում-բերում է, սակայն մի քանի հոգով որոշում են երեկոյան Ժորային ուղղակի ջարդել ու ջարդում են:
«Այդ օրը մի պոստում զինվոր են խփած լինում, Ժորայիս քունը չի տանում: Նստում է վառարանի կողքը, նախ` գալիս են երկու հոգի, սկսում լազվել, ականջները քաշել, զարկել, հետո միանում են նրան ևս երկուսը, լավ ծեծել են երեխուն, լապատկով որ զարկեն գլխին պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, ականջը կապույտ, մարմնի վրա էլ վառվածի հետքեր»,- պատմեց զինվորի հայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ հավելելով, որ տղայի վրա ծխախոտ են հանգցրել, նվաստացրել, ծաղրել են չորսով մեկին:
Ժորան վախից և սրտի շրջանում ուժեղ հարվածներից միկրոինֆարկտ է տարել: Սեպտեմբերին երբ հոգեբուժարան են տեղափոխել, զանգել են ծնողներին և հայտնել, որ Ժորային հիվանդանոց են տեղափոխել սուր փսիխոզ աշխտորոշմամբ: Ծնողները շտապել են հիվանդանոց և տեսել անճանաչելի Ժորայի, որը միայն կրկնում էր՝ պապ, տղերքի վրայով բան չասեք: Մի քանի ամիս բուժում ստանալուց հետո` դեկտեմբերի 9-ին տուն եկած Ժորան հաճախ էր մեկուսանում: Դեռ այն ժամանակ մեզ հետ զրույցում նա պատմում էր իր հետ կատարվածի մասին, սակայն տղաներին չէր մեղադրում, խղճից շատ թույլ էր:
Բժիշկը դեռ այն ժամանակ Ժորայի հորն ասել էր, որ գլխին երկու ճեղքվածք կա, որը վտանգավոր է, և բախտի բան է` գուցե լավ լինի, գուցե ոչ: Բացի այդ, բժիշկն ասել էր, որ իր կողմից ինչ հասել է, ինքն արել է. «Իրենք լավ գիտեին, որ տղաս մեկ տարուց ավելի չի ապրի»,- ասաց Մկրտիչ Մկրտչյանը:
Ժորան գլխի շրջանում հասցված հարվածներից հետո հոգեկան խանգարում էր ստացել: «Ուղեղը պահի տակ գնում էր գալիս, հետո, երբ լրջանում էր, ասում էր՝ պապ ջան, ես լրիվ ջոկում եմ, լրիվ հասկանում եմ՝ ինչ եմ անում, բայց այդ րոպեին ինձ զսպել չեմ կարողանում: Մանկական բաներ էր անում: Ամբողջ տան ամանները գցել ջարդել էր, ասաց՝ պապ, ներվերս էի հանգստացնում»,- մեզ պատմեց մահացած զինվորի հայրը: Ժորան անընդհատ խոսում էր մահվան մասին, բոլորին նախապատրաստել էր՝ հորաքրոջը, եղբորը, քրոջն ու ծնողներին:
Ժորա Մկրտչյանը մահացել է 2012-ի նոյեմբերի 9-ին: Այս ամիսների ընթացքում նրա վիճակն ավելի է բարդացել: Մահից առաջ վատացել է, ասել, որ օդը չի հերիքում, դուրս է եկել բակ, կանչել հորը և ասել. «Պապ լսի, դե, լսի` ինչ են ասում, ասում եմ` ձայն չկա, ասաց` պա, դու չես կարող լսել, գիտես ասում են՝ այս տղան արևի երես էլ չի տեսնի... Անընդհատ մահվան մասին էր խոսում, ինքն անընդհատ հասկացնում էր, որ չի ապրի, ես անընդհատ մթնոլորտը ցրում էի, բայց ինքը անընդհատ խոսում էր մահվան մասին»,- պատմեց հայրը:
Բժիշկն ասել է, որ Ժորային մենակ չթողնեն, որ չմեկուսանա: Հայրը մի անգամ դաշտ է տարել, դաշտում սիրուն ուռենու դալար ճյուղերն է պոկել. «Ասում եմ` Ժորա ջան, ինչի ես պոկում, գարունը լավ ծառ կլինի, կգանք տակը կնստենք, ասաց՝ է՜, պապ ջան, ես էլ այսպես կչորանամ կգնամ»: Եվ մինչև մահանալը անընդհատ խնդրել է հորը, որ տղաներին չմեղադրի:
Ի դեպ, Պաշտպանության նախարարությունը հիվանդ զինվորով որևէ անգամ չի հետաքրքրվել, մահվան ժամանակ անգամ որևէ ներկայացուցիչ չի եղել:
Հայրը դատական պրոցեսից տեղյակ չէ, քանի որ դատն ընթացել է Ղարաբաղում, թեև ինքը բազմիցս խնդրել է տեղափոխել Երևան, բայց չեն ընդառաջել:
Հիշեցնենք, որ սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ), շարքայիններ Ալբերտ Առաքելյանին ու Մովսես Բադալյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):
«Դատը ջրեցին` գնաց: Հիմա նրանք առոք-փառոք իրենց երեխաներին ազատել տարել-դրել են իրենց կողքերը, իմ ջահելին էլ տարան-դրին հողը»,- ասաց հայրը՝ հավելելով, որ իրեն մի քանի անգամ Ղարաբաղից կանչել են դատի. «Ոնց գնամ, հնարավորություն չունեմ, ասել եմ՝ որ ես հազիվ երեխուն եմ նայում, վատանում է, տանում եմ հիվանդանոց, դեղերն եմ հազիվ կարողանում գնել: Դեղերից երեք միլիոն դրամ պարտք է կուտակվել, որը փակելու համար ամբողջ սեզոնին հայր ու որդի աշխատել ենք: Հիմա մնացել է 320.000 դրամ պարտք, որը աստիճանաբար փակվում է: Մեկ ամիս պետք է մեկ կովի հետևից ման գամ, որ 2000 դրամ փող առնեմ, 25-30 հատից ավելի չեմ կարող պահել: Սա կազմում է 50-60 հազար, դե, արի յոթ անձ պահիր 50-60 հազար դրամով»,- ասաց Ժորան:
Աղքատությունը իր հետքն է թողել նրա տանը՝ քարերի վրա դրված մահճակալներ, ճաքած պատ, մեկ վառարան և պատին` Ժորայի լուսավոր նկարը: Իսկ Ժորային դեռ մահից առաջ հատկացվող թոշակն էլ չեն տվել, թղթերը վերցրել են, բայց չեն տվել:
Մյուս տղայի՝ Գոռի բանակ գնալու ժամանակը մոտենում է. «Այս տղուս մեկ մազը բանակ չեն տանի, ով ներս մտնի, կսպանեմ` երդվում եմ, ով մտավ տղայիս բանակ տանելու համար` կտամ կսպանեմ: Բոլոր ծնողներին էլ կոչ եմ անում բանակ զինվոր չուղարկել»:
Պաշտպանության նախարարությունը որևէ անգամ չհետաքրքրվեց զինվորի ճակատագրով, չընդունեց անգամ զինվորի հոր մեկ զանգը, որևէ մեկը չցավակցեց:
Ժորա Մկրտչյանը դպրոցի գերազանցիկն էր, բացառիկ գիտելիքներ ուներ, երազում էր օդաչու դառնալ, խնդրում էր հորը սովորելու ուղարկել, սակայն հոր միջոցները չեն ներել:
«Առաջին լրատվական»-ին հաջողվեց կապ հաստատել գործով քննիչ Սերգեյ Թամազյանի հետ: Նա պատմեց, որ 2010-ի հոկտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է դատարան: Գործով մեղադրյալները երեքն են, քննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննություն, լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, համալիր դատաբժշկական փորձաքննություն: «Այդ դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է, որ պարզենք՝ Մկրտչյան Ժորայի մոտ հոգեկան շեղո՞ւմ է եղել, թե՞ ժամանակավոր հիվանդագին խանգարում: Բացի այդ, փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե որպես մեղադրյալ գործում ներգրավված զինծառայողների կողմից արձանագրված ծեծի, բռնության, ծաղրուծանակի փաստերի հետևանքով կարո՞ղ էր արդյոք նրա մոտ հոգեկան հիվանդություն առաջանալ, թե՞ ոչ: Համաձայն եզրակացության` կապ չկա այս մարդկանց գործողությունների և իր հոգեկան շեղման միջև: Ինքը մտավոր գործունեության հետ կապված պրոբլեմ է ունեցել: Գործը քննվել է, ուղարկվել է դատարան 2012-ի ապրիլ ամսին, դատաքննություն է եղել, գործը ավարտվել է: Համենայնդեպս, մենք գործը քննել և ուղարկել ենք դատարան»,- ասաց քննիչը:
Էջանիշներ