Դեռ մի 25 տարի առաջ հայրս պահանջում էր, որ բժիշկները թույլ տան, որ ծննդաբերությունից անմիջապես հետո մայրս նորածնին կերակրի, քանի որ մոր առաջին կաթը շատ օգտակար ու կարևոր է երեխայի առողջության համար։ Այն շատ սննդարար է ու բարձրացնում է երեխայի իմունային համակարգը՝ պաշտպանելով բազմաթիվ հիվանդություններից։
Այն ժամանակ դրա մասին բժիշկները չգիտեին ու սովորաբար առաջին օրը նորածնին կերակրում էին արհեստական կամ այլ մայրերի կաթով։ Իսկ նոր ծննդաբերած մոր կաթը կթում թափում էին։ Հայրս նաև ասում էր, որ երեխային ռեժիմով կերակրելը սխալ է։ Պետք է կերակրել այն ժամանակ, երբ երեխան ուտել է ուզում և այնքան, որքան որ ուզում է։
Իսկ բժիշկները զայրանում էին, որ հայրս, մասնագետ չլինելով, խցկվում է նման մասնագիտական հարցերի մեջ ու իրենց բան է սովորացնում։ Դե դա միայն բժիշկներին չի, որ բնորոշ է։ Բոլոր բնագավառների մասնագետներն էլ զայրանում են, երբ ոչ մասնագետները իրենց սովորածին հակառակ բան են ասում։

Այնինչ, մոտ 5-10 տարի առաջ արդեն առողջապահության նախարարությունը հեռուստատեսությամբ կես ժամը մեկ հայտարարում էր, որ չի կարելի երեխային ռեժիմով կերակրել ու շատ կարևոր է տալ իր մոր կաթը։
Եվ այսօր ուրախությամբ նաև կարդում եմ բժիշկի կարծիքն այն մասին, որ ծնվելուց անմիջապես հետո մայրը պետք է կերակրի երեխային։