Վիլյամ Սերվանտես

Բլդանչայի գյուտարարը


շարունակություն

...
Շունը, կատարյալ արհամարհանքի արժանացնելով իմ գոյությունը ու իմ «քշա»-ները, մոտեցավ Ռոբինիս և սկսեց հոտոտել նրա ականջները:
- Բեթմե՛ն, Բեթմե՛ն,- լսվեց այդ պահին Մեծն Գյուտարարի ձայնը:
Ես աղերսագին նայեցի շանը՝ հուսալով, որ նա ձայն չի հանի: Բայց ու՞ր էր թե: Բեթմեն կոչեցյալը ուրախ հաչաց իր բաղաձայն կոկորդի ողջ հզորությամբ՝ մեզ մոտ հրավիրելով իր տիրոջը:
Երբ աչոնիկը հայտնվեց իր շան կողքին, ես ու Ռոբինս անմիջապես նկատեցինք, որ այդ պստլոն ամենևին էլ աչոնիկ չէր, այլ պատանեկության բոլոր փուլերին վաղուց հրաժեշտ տված մի հասուն աղջիկ`դեռահաս տղայի շարժուձևով:
- Էս ի՞նչ գործի եք,- հարցրեց նա:
Ես ուղղվեցի ողջ մարմնով, նապաստակիս էլ կարգի բերեցի ու դասը չսովորած աշակերտի նման լուռումունջ կանգնած մնացի այդ դեմքության առաջ:
- Չլինի՞ թե պահմտոցի եք խաղում,- հետաքրքրվեց Գյուտաշը,- ըհը մեկին գտանք. մնաց մյուսներին էլ գտնենք...
- Ճիշտ ասած, ես լավ չեմ խաղում... ես երևի տուն գնամ, Դուք մյուսների հետ խաղացեք,- կցկտուր ձայնով ասացի ես ու սկսեցի հետ-հետ քաշվել դեպի իմ տունը:
- Լավ, ոնց կուզես: Բեթմե՛ն, արի մոտս, գնացինք մյուսներին փնտրելու:
Ու նրանք հեռացան մեր բակից: Ես արդեն տան շքամուտքին թեթևացած շունչ քաշեցի ու պինդ գրկեցի Ռոբինիս. լավ պրծանք փորձանքից, ի՞նչ իմանաս՝ այդ Գյուտաշը ինչ ծառի պտուղ էր:
Ի հեճուկս ինձ՝ Ձերն Կատարելությանը տեղավորեցին հենց իմ տան հարևանությամբ: Մրցույթում Գյուտաշի գոյության հետ մի կերպ համակերպված մարդիկ աշխատում էին ջերմ լինել նրա հետ, բայց ոնց որ թե այդ մեծությանը իր գյուտերից այնկողմ ոչինչ չէր հետաքրքրում: Ամբողջ օրը փակված իր տնամերձ արհեստանոցում՝ նա գյուտում ու գյուտում էր, իսկ թե ինչ՝ ոչ ոք չգիտեր...
Երբեմն Գյուտաշը դուրս էր գալիս իր արհեստանոցից, նստում բակում, ծխում, սուրճ խմում ու "The Doors" լսում ձայնի ամբողջ բարձրությամբ: Իսկ ինչն ամենատարօրինակն էր, նա կպչում էր... նկատի ունեմ` իսկապես ձեռք էր տալիս... լեզուս էլ չի պտտվում, որ ասեմ՝ իր ծառից կախված կուբիկին. նստում ռուբիկ-կուբիկ էր խաղում այդ թանկարժեք առարկայով, որին մեզ խստիվ արգելել էին դիպչել մինչև մրցութային օրը: Մի խոսքով, կապը կտրածի մեկն էր, ռուսի ասած՝ բեսպրեդելշիցա: Ու գիտե՞ք ինչ, ոչ ոք ձայն չէր հանում. այ հո կարող էին մի նկատողություն, մի բան անել: Չէ, ոչ մի բան. թե դա ինչ արտի ցորեն էր, այդպես էլ չէի կարողանում հասկանալ... Այնքան էլ վախենում էի իրենից, ամեն անգամ տեսնելիս շան պես դողում էի. ես վտանգը միշտ էլ դեռ հեռվից եմ զգացել, իսկ Գյուտաշի վրա աչքս լավ նեղանում էր, դրանից լավ բան չէիր սպասի, հաստատ գիտեի: Բա դրա շունը... Ուրեմն պատմեմ, թե այդ Բեթոն ինչ օյին բերեց իմ գլխին: Բայց լավ կլինի սա մնա մեր մեջ՝ հանուն Ռոբինիս պատվի:
Դե ես միշտ էլ նկատում էի, որ Բեթմեն չեղածը աչք ունի Ռոբինիս վրա: Բայց մեծ ուշադրություն չէի դարձնում դրան. շատ իզո՛ւր: Մի օր առավոտյան վեր թռա այն զգացումից, որ սենյակում ինձ ու Ռոբինիցս բացի ուրիշն էլ կա: Հենց այդ պահին նկատեցի պատուհանից դուրս թռչող շան հետույքը. ասեմ ձեզ՝ լավագույն տեսարանը չէր: Նայեցի շուրջս ու տեսնեմ ինչ`Ռոբինս չկա: Հասկացա, որ նապաստակս նենգաբար առևանգված է չար կենդանի Բեթմենի կողմից:
Ընտիր գերմանական խալաթս գցեցի հագս ու դուրս թռա տնից՝ հա~յ դե, նապաստակիս գտնելու: Ման էի գալիս այստեղ-այնտեղ ու կանչում.
- Ռոբին, Ռոբին...
Ահագին ժամանակ անց գլխի ընկա, որ ավելի ճիշտ կլինի Ռոբինի փոխարեն Բեթմենին կանչել. Ռոբինս գնած օրվանից չխոսկան էր, իսկ այդ հրեշավոր շունը գոնե հաչալ գիտեր. ո՛չ բարով իմանար:
- Բե՛թո, Բե՛թո, արի՛ մոտս, շունի՛կս, Բեթմե՛ն, արի տես քեզ ինչ եմ տալիս,- սկսեցի քաղց-մեղցր կանչել ես:
Մեկ էլ որտեղից-որտեղ թփերի արանքից երևաց չարագործ Բեթմենը գլուխը: Ես անմիջապես ինձ կորցրած վազեցի նրա կողմը: Տեսնեմ` Բեթոն առոք-փառոք վեր է ընկած խոտերին: Ինձ էլ մի արհամարհական հայացքով չափեց ոտքից գլուխ, հետո էլ իրենից գոհ լեզուն դուրս գցելով` հորանջեց ու ավելի չռվեց-փռվեց: Կողքին ընկած էր սիրելի խաղալիքս՝ այն օրի հասցրած, որ ես հասկացա՝ Ռոբինիս անմեղությունը էլ հետ չես բերի…
Գիրկս առա Ռոբինիս, ու աչքերս լցվեցին: Բայց արագ հավաքեցի ինձ և կատաղած քայլերով շարժվեցի դեպի Գյուտաշի տունը՝ պատիվ պահանջելու: Այնպես էի քայլում, այնպե՜ս, իսկը կտրիճ էր կտրել: Այդ տականք կենդանին էլ հետևիցս էր գալիս, բայց խիստ կասկածներ ունեմ, որ նա ոչ թե իմ հետևից էր փսլինքները թափելով գնում, այլ Ռոբինիս: Այդպես հասանք Բեթոյի տիրոջ տանը: Ես սկսեցի դուռն ամբողջ ուժով ծեծել. դեռ տաք էի, ի՞նչ վախենալ, ի՞նչ բան: Հետն էլ մտածում եմ՝ կարող է դա արհեստանոցում նորից գյուտաշություն է անում: Արդեն քիչ էր մնում ուղղվեի արհեստանոցի կողմը, երբ տան դուռը բացվեց:
Իմ դիմաց կանգնած էր պստլո Գյուտաշը՝ գզգզված մազերով, ձեռքին` կոլայի կիսադատարկ շիշ, դեմքին` սառնություն: Ու հենց այդտեղ էր, որ քաջությունս ինձ դավաճանեց:
- Բարև, հարևան,- ասաց Գյուտաշը:
- Բարև... Ձեզ,- մի կերպ արտաբերեցի ես՝ մի ձեռքով քռչոտած Ռոբինիս թաքցնելով մեջքիս հետևում, մյուս ձեռքով էլ ուղղելով այս ուայն կողմ բացոտած խալաթս:
- Ինչ-որ բա՞ն է եղել,- հարցրեց Գյուտաշը՝ հաստատ նկատելով, որ ես հեչ լավ օրի չեմ:
- Ես... գիտեք ինչ... Ձեր Սուպերմենը... Սպայդերմենը... չէ, Բեթմե՛նը, հա, Բեթմենը... իմ Ռո... Ռո... Ռո...
- Ինչ,- արտաբերեց նա առանց հարցականի, ու ես վերջնականապես կախվեցի:
- Ես դեմ չեմ... Դուք ինձ ճիշտ հասկացեք... դե շուն է՝ սիրտը կպել է... հա հիմա, թող հանդիպեն, իրար լավ ճանաչեն... ես դեմ չեմ, չէ...
Հանկարծ Գյուտաշի սառը դեմքը լուսավորվեց, ու նա ժպտաց: Հաստատ ինձ գժի տեղ էր դնում: Ես էլ, նրա ժպիտից մի քիչ սիրտ առնելով, արդեն լրիվ մտա դերիս մեջ ու շարունակեցի.
- Մի խոսքով, ես կոնֆետ եմ բերել Ձեր շան համար, բայց դա արդեն ինքներդ էլ երևի հասկացաք,- այդ ասելով՝ սկսեցի խալաթիս գրպանները քչփորել՝ փնտրելով գոյություն չունեցող կոնֆետը,- դե, ինչպես նաև այն, որ ճանապարհին այն կորցրել եմ:
Ու ես ինքս էլ ժպտացի՝ տեսնելով, որ Գյուտաշն արդեն ծիծաղում է…


շարունակելի