Էդգար Ալան Պո
Ես շրթհարմոն չունեմ
Ժամկետանց M&Ms եմ ուտում, ու անընդմեջ գրում:
Արդյո՞ք թունավորում է: Ամեն բան հնարավոր է :
Նստել էի տանիքին ու պեպսի էի խմում: Քամին քաշքշում էր մազերս ու վերնաշապիկիս փողքերը, փոշին աչքերս էր լցվում, իսկ ես նստել ու խմում էի պեպսի հենց շշից, ոնց որ սիրում եմ, առանց ձողիկի, առանց ավելորդ կոտրատվելու: Ե՞րբ պետք է ի վերջո կոտրատվել սովորեմ: Դա ինձ այնքան կօգնի ինտեգրվել այն հասարակությանը, որում ապրում եմ, բայց ի վիճակի չեմ: Կոտրատվելիս ծիծաղս գալիս է, ախր ես լավ եմ հասկանում արածիս նպատակներն ու դրանց հասնելու այդ ճղճիմ միջոցից նյարդային ծիծաղի նոպա եմ ունենում, ինչը հակառակ սեռի ցանկացած ներկայացուցիչ մեկնաբանում է որպես ավելի առաջ գնալու պատրաստակամություն: Չէ, ես տղաների հետ շփվել չգիտեմ: Չնայած, ունեմ ընկերներ, ու նրանց հաստատ ոչ մի աղջկա հետ չէի փոխի, բայց ընկերությունից այն կողմ մեր հարաբերությունները կամ մեռնում են կամ ենթարկվում այնպիսի խայտառակ մուտացիայի, որից երկուսիս սիրտն էլ սկսում է խառնել, ու անխոս, ասես պայմանավորված, ջնջում ենք իրար չատերից ու բջջայիններից վերացնում հաղորդագրություններն ու համարները:
Պեպսի էի խմում կում-կում, դանդաղ, ինչպես խմում են ալկոհոլային խմիչքները, դե պեպսիից ես մի քիչ հարբում եմ: (Քմծիծաղս եկավ` առանց սմայլիկների գրելիս էմոցիաներս արտահայտելը դժվարանում է):
Սիրում եմ լեզվիս վրա զգալ պեպսիի պղպջակների տժտժոցը, մեկ էլ երբ պեպսիի շիշը թափահարում եմ ու հպում ականջիս, լսվում են պղպջակների պայթյունիկներ, դա էլ է իմ սիրելի տարօրինակ հաճույքներից մեկը: Նմանատիպ անկապ հաճույքներ շատ ունեմ, դրանք էժան են, ու հիմանականում անվտանգ: Կարծում եմ` դեռ կխոսեմ դրանց մասին, դե իսկ եթե հարմար առիթ էլ չլինի, ուրեմն չեմ խոսի:
Տանիք հաճախ եմ բարձրանում, այստեղ հնարավոր է ընդունել ցանկացած դեմքի արտահայտություն, ու ոչ մեկը չի գա ու փորձի քեզ “խելքի բերել”, կամ խցկվել հոգուդ մեջ ու փորձել այն այլանդակել` ըստ սեփական պատկերացումների: Տանիքին նստած հաճախ ծխում եմ ու մեղքի զգացում չեմ ունենում, որ թունավորում եմ շրջապատս: Մանավանդ եթե քամի է լինում, ծուխը ցրվում է շատ արագ, ու ծիծաղելի է դառնում այն միտքը, որ այս չնչին ծխի ամպից գուցե արդեն քաղցկեղ ունեմ:
Մեռնելուց երբեք չեմ վախեցել, չնայած անտանելի սիրում եմ կյանքը: Շոշափում եմ վզիցս կախված ճապոնական հիերոգլիֆը, որը գնել էի երկու հազար դրամով ու անկեղծորեն հավատացել, որ այն ինձ դարձնելու է հարուստ ու հռչակավոր, քանի որ վաճառողն ինձ հավատացրեց, որ այն հաջողություն է բերում: Բայց դե հենց այն պահին պիտի հասկանայի, որ հիերոգլիֆը կախարդական հատկություններ չունի, երբ այդպես էլ չկարողացա գին իջեցնել: Երկու տարի այն անընդմեջ կրելուց հետո, երբ ոչ մի լուրջ փոփոխություն չեղավ իմ անձնական կամ մասնագիտական կյանքում, մտահոգ ուսումնասիրում էի այն` գրասենյակում համակարգչիս դիմաց նստած, երբ հանկարծ աշխատակիցներից մեկը, ով ճապոներեն գիտեր, ներս մտավ, նկատեց հիերոգլիֆն ու ասաց, որ ես այն թարս եմ կախել…
Ծիծաղս եկավ, հանեցի հիերոգլիֆն ու ցած նետեցի տանիքից:
Իսկ ներքևում կյանքն այնքան սովորական էր գլորվում փողոցներով, այն ծեր մուրացկանը, որին միշտ տեսնում էի պատուհանից, էլի նստած էր մայթեզրին ու գլուխը կախ երաժշտություն էր լսում ականջակալներով: Նա տարբերվում էր մնացած մուրացկաններից նրանով, որ ուներ ականջակալներ ու սիրում էր երաժշտություն: Նմանվում էր մյուս մուրացկաններին նրանով, որ անտանելի կեղտոտ էր ու վրայից վատ հոտ էր գալիս: Հիմա մուրացկաններին էլ մուրացկան չեն ասում, ասում են բոմժ: Տարբերություն կա՞ այս երկու բառերի մեջ թե՞ չէ, ես չգիտեմ, ու ալարում եմ նայել բառարանում: Բայց այն ժամանակ, տանիքին նստած, ինձ շատ չէր հետաքրքրում այդ բառերը նույնն են, թե տարբեր: Ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում մուրացկանն իր ականջակալներով ու ոչ էլ հետաքրքրված էի ներքևում սովորականի պես գլորվող կյանքով: Ես բարձրացել էի տանիք, ինչպես անում եմ միշտ, երբ տխուր եմ, ու ոչնչով չեմ հետաքրքրվում: Նստել ու մտածում էի անկապ բաներ, մեկ-մեկ հաջողացնում էի ոչ այնքան անկապ բաների մասին մտածել: Ու հենց հասնում էի այն մտքին, որ ի վերջո իմ կյանքում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, մտքիս թելը կտրվում էր:
Անցնում էին ժամեր, ծխախոտի տուփը դատարկվում էր, ինչպես նաև պեպսիի շիշն ու գլուխս: Սկսել էր մթնել, երկինքը մռայլվում էր, արևի վերջին շողերն էին խաղում բիբերումս, դրսում ժխորը կամաց-կամաց դադարում էր, ու մի քիչ ցրտել էր: Ես հագա տաք ժակետս, որ միշտ վերցնում եմ, երբ տանիք եմ ուզում բարձրանալ, ու պառկեցի: Ափսոսում էի երկու բանի համար` նախ, որ շրթհարմոն չունեմ, ու հետո, որ մենակ եմ տանիքին:
Մեկ-մեկ հետս տանիք են բարձրանում տարբեր մարդիկ: Հաճախ երկուսը` մեկի անունն է Ալանիս, մյուսինը` Զեմֆիրա: Ալանիսը բարձրահասակ է ու նիհար, երկար մազեր ունի, բայց չի խնամում, երբ ժպտում է, երևում են գրեթե բոլոր ատամները: Զեմֆիրան ավելի հազվադեպ է ժպտում: Հիմանականում նա հարբած է լինում ու վատ տրամադրությամբ: Վերջերս մեր հարաբերություններն էնքան էլ լավ չեն, որովհետև հրեշավոր մի պատահականությամբ այնպես է ստացվել, որ ինքն է գրել “я разгадала знак бесконечность”: Երդվում եմ, դա իմ միտքն էր: Ուղղակի ես այն գրի չառա, ու ժամանակի ընթացքում այն դարձավ սովորական, առօրյա միտք, որի մասին գրելու բան չմնաց: Իսկ Զեմֆիրան, էդ խորամանկը, գրեց… Ինչպես ասել է իմ ամենասիրելի գրողներից մեկն իր գրքերից մեկի նախաբանում` ընթերցող, ներիր, որ այս ամենը գրել եմ ես, այլ ոչ թե դու: Սա մի տրիվիալ պատահականություն է ընդամենը:
Նեղացա աշխարհից. ինձ պարուրեցի սիգարետի ծխով ու մտահոգվեցի. ախր ես շրթհարմոն չունեմ: Եթե ունենայի, գոնե կփորձեի նվագել սովորել ու էս անտեր մնացած Word ֆայլից ձեռ կքաշեի: Բայց դե շրթհարմոն չկա, ոչ էլ մի սևամորթ բլյուզմեն կա մոտերքում: Իսկ ո՞վ կարող է սևամորթ բլյուզմենից ավելի լավ նվագել… Եվս մի սիգարետ: Մնաց չորս հատիկ, իսկ գիշերը դեռ նոր է սկսվել:
Նայում եմ աստղերին ու մտածում` շրթհարմոնն ինչի՞ս է պետք ընդհանրապես: Միևնույն է, նվագել չգիտեմ: Բայց եթե էդպես մտածենք, պիտի սրտնեղվեմ, թե կյանքն ինչիս է պետք, ախր ես ապրել էլ չգիտեմ: Իմը կյանքի իմիտացիա է, ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վատ դերասան եմ, պատկերացրեք, թե ինչքան խղճուկ եմ խաղում դերս, որի իմաստը հաճախ չեմ հասկանում: Ավելի սիրում եմ ոչ թե ապրել այն, ինչն ինձ բաժին է հասել, այլ կողքից հետևել, ասես դա ընդհանրապես ինձ հետ ոչ մի առնչություն չունի: Ու ձևացնել, թե ապրում ես քո միակ հնարավոր կյանքը, այլ ոչ թե քարշ ես գալիս ձանձրույթի կողքից: Ու արդեն չես հասկանում` ձանձրու՞յթն է քո ստվերը, թե՞ դու` նրա:
Կներեք, որ էս մի քանի տողը զուրկ են սյուժեից, ես սյուժե հորինել չգիտեմ, իմանայի` սեփական կյանքիս սյուժեն կգրեի: Բայց երբեք նախօրոք գծված պլանով ապրել չեմ կարողացել, ախր էդ դեպքում սխալներ չգործելն ու ճիշտ ապրելն անխուսափելի են դառնում: Իսկ ես սիրում եմ զարմանալ: Ու ճիշտն ասած, չի էլ հետաքրքրում` կկարդա՞ք դուք այս ամենը, թե ոչ:
Շրթհարմոն չունեմ, պեպսին վերջացավ, սիգարետ չմնաց: Վերջ, ես գնացի: Այսօրս էլ ապրեցի լիարժեք:
Էջանիշներ