Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Շարունակենք դիտարկումների շարքը.

Philosopher-ին:
Սիրելի Հայկ, մտորումներն անկառավարելի են: Իսկ իմ պայքարը՝ ազատության համար պայքարը ինձ թելադրում է, որ ես իմ մտորումները պետք է նաև ազատ ներկայացնեմ: Պատկերացնենք մի պահ, որ ես նստած խոսում եմ սիրելի հայրիկիդ հետ, բանավիճում եմ, անհարմար զգալով նրա ալեհեր մազերից, որ պետք է նրան հակաճառեմ: Ի՞նչ կլիներ: Առաջինը նա իմ հայացքից, իմ ձայնից, գուցե կարմրությունից կզգար, որ ես քաշվելով, բայց ստիպված եմ խոսում, որովհետև իմ համար անընդունելի են նրա տեսակետներից գոնե մի քանիսը: Նա կզգար նաև, որ չնայած հակաճառում եմ իրեն, բայց ունեմ մեծ պատկառանք հենց թեկուզ նրա համար, որ կյանք է ապրել, տեսել, արարել քո նմանին և այլն: Այդ պատկառանքը իմ համար ամենակարևոր կատեգորիաներից մեկն է: Ուրեմն իմ գրառումն էլ պետք է սկսվեր այդ տողերով. «թեև ձեզնից երիտասարդ եմ, բայց...»: Ու պետք է, ոչ թե կարող էր սկսվել: Կառավարելի չեն նաև գաղափարախոսությունների ընկալումներն ու այո՛, իմ համար ծիծաղելի է թե առաջնորդության գաղափարը, թե այլ գաղափարներ (քաղաքական և ոչ քաղաքական), թեև ես դրանք չեմ արհամարհում, ընդունում, նույնիսկ հարգում եմ այդ գաղափարախոսությունների կրողներին: Սա ցածր ինտելեկտուալության, անտրամաբանականության կամ քիչ ինֆորմացված լինելու նշան չէ:

Բայց ամենից ավելի, Հայկ, չեմ ընդունում քո պնդումները, որ դու ավելին ես հասկանում, ընկալում, քան շարժման այլ երիտասարդ մասնակիցներ: Սրանից, ներիր, բայց մեծամտության հոտ է գալիս: Ես շատ «հեղափոխական» երիտասարդների հետ եմ շփվել, նրանք գիտեն իրենց ցանկությունը, գիտեն ինչ են ուզում, գիտեն ինչի համար են պայքարում: Նրանք զուտ սոցիալականի կամ հակադրվելու համար չեն պայքարում: Նրանք պայքարում են այն ամենի համար, ինչ դու ասում ես: Այո՛, գուցե դու ավելի կրթված ես, տրամաբանությունդ հրաշալի է, շատ ես դատել այս խնդրի շուրջ, բայց դա ինձ, քեզ, Պողոսին իրավունք չի տալիս բարձրից խոսել նրանց մասին ու համարել զուտ պայքարի մարտիկ, որտև այո, մենք պայքարի մարտիկ ենք, բայց ոչ միայն:
Արտ, ես ասացի այն, ինչ ասացի: Չեմ կարծում, որ ավելացնելու բան կա էական ասելիքիս մեջ: Եվ ոչ էլ պակասեցնելու կամ խմբագրելու հաստատաբար: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես ու ինչ բարձրությունից եմ նայում այսօրվա երիտասարդ հեղափոխականին, այդ մասին ևս ասացի.

Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Այս պահին հայ հասարակությունը լուծում է իր համար հասանելի խնդիրներ: Այդ խնդիրները, անկեղծ ասեմ, ինձ համար անհամադրելի են այն խնդիրների հետ, որոնք ես կցանկանայի, որ հայ հանրությունը լուծեր, իսկ ավելի ճիշտ` տարամակարդակ են: Բայց ես գիտեմ, որ նա այդ խնդիրը պետք է լուծի` ապագայում իմ ու քո դրած խնդիրները լուծելու համար: Իմ` Հայկ կամ Philosopher լինելը ինձ չի ազատում պայքարին մասնակցելու իմ պարտականությունից, ինչպես Էսքիլեսին Էսքիլես լինելը չէր ազատում իր սիրտ-քաղաքի համար պայքարելու պարտականությունից: Ես իմ սիրտ-քաղաքի տերն եմ ու տերն եմ իմ էության ու դրանք հակադրել չեմ ուզում: Ես հպարտ եմ իմ քաղաքի համար պայքարող, թեկուզ իմ ինտելեկտի նշույլն անգամ չունեցող երիտասարդով:
Այս տողերի մեջ մեծատմությու՞ն տեսնել... Եթե ցանկանում ես, տես: Ինչ վերաբերում է նրան, որ դու հանդիպել ես բազմաթիվ հեղափոխականների, որոնք գիտեն ինչ են ուզում, ապա ես չեմ պնդել հակառակը: Այլ խնդիր է, որ նրանք չեն ցանկանում այն, ինչ ես կցանկանայի, որ ցանկանային, և այս առումով հիմնավորված չէ տեսակետդ, թե նրանք պայքարում են այն ամեն համար, ինչ ես ուզում եմ: Ես ուզում եմ միայնակության խնդրի վերացում` որպես եվրոպական քաղաքակրթության մեծագույն պրոբլեմ: Նրանք պայքարու՞մ են դրա համար: Ես ուզում եմ մասսայական հասարակության և նրա ատրիբուտների վերացում` որպես ժամանակակից, արդեն վաղուց դեմոկրատական դարձած եվրոպական հասարակության հիմնախնդիր, և ուզում եմ այդպիսի հասարակության ձևավորման կանխում: Իմ հասարակական-քաղաքական ցանկությունների շարքը բավականին երկար ու ավելի հիմնավոր է: Նրանք պայքարու՞մ են դրա համար: Իհարկե, ոչ: Մի պնդիր անպնդելին: Ես ասել եմ` նրանք իմ քաղաքի մարտիկներն են: Եվ ասել եմ` նրանց` իմ պատկերացրած նպատակների համար չպայքարելը չի ազատում ինձ նրանց հետ պայքարելու պարտականությունից: Ես ամեն ինչ եմ ասել:

Հ.Գ. Եթե ութ տարեկանում գրածդ հեքիաթը այն հեքիաթն է, որի մասին հարգարժան ծնողներդ պատմում էին, ապա, քանի որ դժվար թե նորից գրառում անեմ այս թեմայում, հենց այս պահին ուզում եմ ասել, որ այդ հեքիաթը ավելի քան իմաստուն հեքիաթ է, ավելի իմաստուն, քան նույնիսկ ես ու դու կարող ենք պատկերացնել: Այսքանը: