Այսքան լուրջ խոսակցությանը, առավելևս, տղամարդկային խոսակցությանը, խառնվելը, կարծես, տեղին չէ: Սակայն այնուամենայնիվ կարիք են համարում մի քանի նկատառումներ հայտնել, որպես փորձառու "շարժումավոր": Երբ այսօր նայում եմ ձեր ոգևորությանը, Alizee-ի, Galatea-յի/ հատկապես շեշտեցի աղջիկներին/, մյուսներիդ գրառումներին, հատկապես մեզ համար շատ սիրելի Chuk-ի "ջղայն հեղափոխականությանը, գտնում եմ, որ ասելիք ունեմ, քանի-որ 88-ից ապրում եմ ոչ միայն հեղափոխական երկրում, այլ նաև հեղափոխական ընտանիքում, քաղաքականացված, շիկացած, երկրի ամեն լավն ու վատը իր օրական կյանք դարձրած ընտանիքում:
Եվ ահա թե ինչ եմ ուզում ասել.
1. Այն, որ դուք օդ եք ուզում, դա հասկանալի է, շարժում եք ուզում, դա հասկանալի է, ինչպես, բնականաբար սեր եք ուզում, ազատություն եք ուզում... հասկանալի է: Մինչ 1988 թվականը /հայտնի լճացման տարիները/ ամեն օր առանց բացառության երեկոյան սեղան էինք նստում /բավականին էլ կուշտ սեղան/ և անցնում էինք երկիրը փնովելուն /հայտնի երկիրը երկիր չէ արտահայտությունը/, գանգատվում , որ մի հատ օդ չի խաղում այս երկրում, խեղդվում էինք, անտիպ գործեր կարդում, սպասում գոնե մեկ մեկ արտառոց, սուր հոդվածի որևէ թերթում, որ "ապրեինք", շնչեինք... և ահա եկավ... եկավ 88-ը, օդ չէր, քամի չէր, մրրիկ էլ չէր, ցունամի էր... ոտքի վրա մնալ չէր լինում... երջանկությունից, ուրախությունից, ազատության սպասումից... ուր որ է, կազատվենք ատելի բռնապետությունից, մեկ կուսակցության փոխարեն շատերը կլինեն, գրաքննություն չի լինի, անկախ կլինենք` սա առավել հմայիչ սպասումն էր/ , ազգային մշակութը և կրթությունը կզարգացնենք /դեռ Բոլոնյայի համաձայնագրի մասին, իհարկե, չգիտեինք/, այնքան անփորձ էինք, որ չէինք գիտակցում, որ մոլորակի վրա անկախ լինել չի լինում. մեկից մի-քիչ կանկախանանք, տասից կախված կդառնանք/ և այսպես:Ասում են, Ղարաբաղի ազատագրման գաղափարը ոտքի հանեց ժողովրդին. չեմ կարծում, այդ պահին հայաստանցիներս շատ քիչ բան գիտեինք Ղարաբաղի ու ղարաբաղցիների մասին, ցանկացած գաղափար կարող էր ոտքի հանել, քանի-որ օդ, շարժում, կյանք էինք ուզում:
Վատ այն էր, ինչպես գիտակցեցինք տարիներ անց, որ յուրաքանչյուր շարժում չէ,որ շարժում է, և ճիշտ է ավելի հստակ պատկերացնել , ուր, ինչպես և ինչ նպատակով ես շարժվում, ավելի գիտակից լինել և զգոն այդ ոչ անվտանգ ճանապարհին: Ահա թե ինչու են ասում, թե յուրաքանչյուր սերունդ մեկ հեղափոխություն է անում իր կյանքում, երկրորդը չի անում, նորերն են անում , որ դեռ չգիտեն... Քամի երազողների մեծ մասը թողեց երկիրը` սամումին չդիմանալով, մյուսն էլ`իմաստնացած, ուզում է իր փորձը նորերին հաղորդել, ոչ թե մի ելեք, մի պայքարեք, մի ձգտեք, մի երազեք, այլ այդ նորը կառուցելուց առաջ "ճարտարապետների" խումբ ստեղծեք, հստակեցրեք ձեր տեսիլքը, տեսեք, արդյոք այն արժեքները, որոնց համար հենց վերջերս տասը կյանք զոհեցիք, միրաժային չեն, կյանք են, արդյոք շարծումը "բրոունյան", աննպատակ չէ, արդյոք եթե ոմն "Ա"-ին փոխարինի ոմն "Բ"-ն, դուք կհասնե՞ք ձեր երազանքներին: Չէ որ "Ա"-ն ու "Բ"-ն նույնն են, իսկ սոցիալական հեղափոխությունները` որպես օրենք, պատրանք: Միայն գիտակցության փոփոխությունն է փոխում հասարակությունը: Եթե մենք, մեր երեք զավակներին գրկած մինչև ուժասպառություն կանգնում էինք այս նույն հրապարակում, որպեսզի լսենք, թե ինչ են ասելու Լևոնը, Վանոն, Աշոտը..., ինչ ճանապարհով են մեզ տանելու, սիրում ու վստահում էինք նրանց, ապա այսօր մենք ձեզ ասում ենք, որ այդ թիմը հրաշալի է` հինը քանդելու համար, բայց նորը կառուցել չգիտի, նորի ճարտարապետներ չունի: Եվ չի էլ խոստանում, ի դեպ, այս քարոզարշավի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը չի էլ խոստացել լավ իշխանություն/ ասել է, այդպիսի երևույթ չի լինում/, նա խոստացել է միայն մի-բան, քանդել այսօրվանը, ազատել մեզ այսօրվա գերությունից: Դա էլ քիչ չէ, բայց ասածս այն, որ նոր գերությունը կարող է նույնքան անտանելի լինել` գերությունը գերություն է: Ի դեպ, նրան հրապարակ է բերել այդ նույն կյանքի կարոտը, իր հոգին, իր ապրելու բնազդը, և ոչ թե նոր, պայծառ երկիր կառուցելու ունակությունն ու հնարավորությունը: Չլինի առաջին շարժման նման` ժողովուրդը կասեր"մրից ելանք մրջուրն ընկանք": Ասված է, չկա այլ ռեֆորմ, բացի բարոյականից, մյուս բոլոր հեղափոխություններն անիմաստ են, եթե չի փոխվում ազգային գիտակցության և բարոյականության չափանիշը: Կասեք, շարժումը նպաստում է դրան, գուցե, այո, բայց նաև, նպատակներին չհասած հանրությունը հեղափոխությունից հետո այնպիսի խորը դեպրեսիա է ապրում, որը հետ է գցում հասարակության զարգացումը տասնյակ տարիներով:
2. և վերջինը. ազատությունը ունի տարբեր շերտեր, և դրանցից ամենաբարձրը ներքին ազատությունն է, դա նախ անհատական, ապա նոր հասարակական կատեգորիա է, որը ձեռք է բերվում անհատի զարգացման ճանապարհին, կաթիլ առ կաթիլ և գրեթե կապված չէ տարիքային կատեգորիայի կամ անգամ պատմական շրջափուլերի հետ: Չեն կարող այսօրվա բոլոր 20-տարեկանները ավելի ազատ լինել, քան 70-80 տարեկանները, որ "հաղթահարել" են իրենց միջի "ստրուկին", կամ ձեր սերունդը մեխանիկորեն` ժամանակների բերումով, ավելի ազատ, քան Վոլտերն ու Պյութագորասը, որ ապրել են դարեր առաջ բռնապետությունների օրոք:
Ներքին ազատությունը շատ ավելի բարդ երևույթ է, և շատ ավելի դժվարությամբ է ձեռք բերվում, քան այն, ինչ դուք դրա տակ հասկանում եք; Մաղթում եմ ձեզ կյանքի ընթացքում ձեռք բերել այնքան ներքին ազատություն, որից դուք լիուլի բավարարված կլինեք:
Մենք բոլորս`ես, դուք, մյուս բոլորս, մեկ ազգային օրգանիզմ ենք, և սխալ կլինի, եթե իմ անցած փորձն ու ուղին, իմ տարած հիվանդությունը, իմ ձեռք բերած փորձը ձեզ ոչինչ չտա, և դուք նորից սկսեք զրոյից, ինչպես հաճախ վարվում են մարդիկ և հասարակությունները, այդ պատճառով էլ դոփում են տեղում, առանց էական առաջընթացի:
Իսկ իմ փորձն ասում է. շարժումը հրաշալի է, ոգևորությունը կյանք է, սակայն լավ ու խոհուն մտածեք, թե այս "խարխուլ" տունը քանդելուց հետո ինչ եք ուզում կառուցել, շատ լավ ու շատ խոհուն մտածեք, և կարևորը, ազատվեք այդ` երիտասարդությանը բնորոշ, բայց խանգարող կրքից. կրքի մեջ կայացրած ոչ մի որոշում իմաստուն չի լինում:
Երբեք այսքան տարածուն չէի գրել, և կարծում եմ, չեմ գրի: Ներողամիտ եղեք...Շուտով տեղադրելու եմ այս թեմայով իմ հոդվածը, որ զեկուցել եմ "Ինչ ուղիով տանել Հայաստանը" կոնֆերանսում, և որը տպագրվել է "Դարձ" հանդեսում դեռ 2001 թվականին:
Էջանիշներ