Հարգելի Հեղինակ,
Ձեր տարիքից ելնելով նույնիսկ անհարմար եմ զգում պատասխանել այնպես, ինչպես ես երևի թե կցանկանայի պատասխանել իմ հասակակից որևէ մեկին, բայց այնուամենայնիվ սա դիտարկեք ոչ թե պատասխան, այլ մտորում Ձեր գրածի շուրջ: 1988 թ.-ի շարժմանը, որքան որ ես եմ հասկանում, բոլորը չէ, որ գալիս էին գաղափարական պայքարի համար: Մի մասը գալիս էր հետաքրքրասիրությունից, մի մասը ազգային-ազատագրական պայքարի ոգուց ելնելով, իսկ մի մասը, երևի շատ մեծ մասը, իսկապես ուզում էին ունենալ ժողովրդավարական, նորմալ երկիր: Իհարկե ոչինչ միանգամից չի ստեղծվում և ժողովրդավարությունն էլ մարդուն չեն պարտադրում: Դա պիտի լինի նաև ներքին մղում ու մարդը ինքը պիտի հասկանա, թե իր համար ի՞նչն է կարևորը և ի՞նչ տիպի երկրում ապրելն է ավելի ձեռնտու: Ձեր սերունդը, ցավոք, չէր կարող լինել ազատ, անկախ մտածողության տեր և նույնիսկ նրանք, ովքեր դիսիդենտներ էին, մինչև վերջ չէին ընկալում իսկական ազատությունն ու մտածողությունը... չէին էլ կարող ընկալել: Դրա վկայությունը նախկին դիսիդենտ Պարույր Հայրիկյանի ներկայիս պահելաձևն է: Մենք մեր մանկությունը, պատանեկությունը անցկացրել ենք արդեն ոչ սովետական ժամանակաշրջանում, երբ բռնաբարված էր միտքն ու գաղափարը, ու ազատ ենք ամեն տեսակի կաղապարներից: Նաև մեզ համար Ձեր ասած առաջնորդ գաղափարն ուղղակի ծիծաղելի է: Մենք գնում ենք միայն նրա հետևից, ով մեզ տանում է դեպի իրական ժողովրդավարություն: Անձի պաշտամունքը, հույս ունեմ, որ մնացել է Ստալինյան ժամանակաշրջանում: Ես շատ հարգում ու սիրում եմ իմ ծնողներին, բայց ճիշտն ասած, պաշտամունք չունեմ, տեսնում նրանց թե՛ թերությունները, թե՛ դրական կողմերը: Եվ բնավ չկասկածեք, որ մենք Ձեզ նման՝ Ձեր սերնդի նման, ճահիճի մեջ չենք դոփելու: Մենք ունենք երկու ճանապարհ՝ կամ նպատակասլաց, հասկանալով ի՞նչ ենք ուզում, ի՞նչ արժեքներ ենք գնահատում, պայքարելու ենք մինչև վերջ, որ ապրենք նորմալ, համենայն դեպս եվրոպական չափանիշներով նորմալ համարվող քաղաքակիրթ երկրում, որտեղ ազգային արժեքները կգնահատվեն, բայց չեն լինի գերական, որտեղ օրենքի առաջ հավասար կլինեն բոլորը ու մարդը կլինի ամենամեծ արժեքը, և կամ էլ փասափուսաներս պիտի հավաքենք ու գնանք տաքուկ տեղավորվենք որևէ Եվրոպական երկրում՝ ուրիշների ստեղծած քաղաքակրթության մեջ ապրելու: Եվ եթե դուք չեք հասկանում, որ այսօր Ձեր չմտածված (հազար ներողություն) խոսքով կոտրում եք մեզ կամ գոնե փորձում եք կոտրել մեզ, ապա ես ցավում եմ, որովհետև իրականում հաստատ չէիք ուզում կոտրել, այլ ոգևորել էիք ուզում, բայց ստացվում է ճիշտ հակառակը:
Հիմա դժվար ժամանակներ են, բոլորիս նյարդերն էլ չափազանց լարված են, հիմա իրար սատար լինելու ժամանակն է և ոչ թե սեփական ճշմարտությունը անպայման ուրիշին պարտադրելու ժամանակը: Դեռ կգա դրա ժամանակը ու այն ժամանակ Ձեր խոսքը մեզ համար շատ ավելի կարևոր և ուսուցողական կլինի:
Էջանիշներ