Հենց նոր կարդացի Եվրախորհրդի թիվ 1609 բանաձևը ու մեջբերեմ մի երկու, ըստ իս, կարևոր դրվագ:

Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում

1. 2008 թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած որ դրանք “անցկացվեցին հիմնականում Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ”, ընտրությունները դիտարկող Ժամանակավոր հանձնաժողովը արձանագրեց մի շարք խախտումներ եւ թերություններ, որոնցից ամենակարեւորն էին. բոլոր թեկնածուների համար նախընտրական քարոզարշավի իրականացման ոչ հավասար պայմանները, ընտրական վարչարարության ոչ բավարար թափանցիկությունը եւ բողոքների ու գանգատների քննության գործընթացում բողոքաբերների համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի չապահովումը: Բացի այդ, արձանագրեցին ընտրակեղծիքների մի շարք դեպքեր:
Երևի թե ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէր սա: Չնայած ես համաձայն չեմ, էն առումով, որ տասնյակ բռնությունների դեպքերը, որ տեղի են ունեցել, չեն ասվում այստեղ: Ախր մարդկանց են ծեծել չէ?

4. Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում` ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների եւ խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը եւ շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերեւույթ արհեստական են եւ պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում:
NO COMMENT! քաղ-բանտարկյալներին պետք է ազատել և ՎԵՐՋ!!!

8. Հաշվի առնելով վերոգրյալը` Վեհաժողովը, վերհիշելով իր 1532 (2007) բանաձեւը Հայաստանի պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման վերաբերյալ, կրկին անգամ կոչ է անում Հայաստանի իշխանություններին` անհապաղ իրականացնելու հետեւյալ բարեփոխումները.

8.1. Քաղաքական համակարգը պետք է պատշաճ տեղ եւ պատշաճ իրավունքներ ապահովի ընդդիմությանը,

8.2. Ընտրական գործընթացն անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել` նպատակ հետապնդելով ապահովել, մասնավորապես. ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար պատասխանատու մարմինների անկախությունը եւ ազատությունը որեւէ քաղաքական ուժի հսկողությունից, ընտրական գործընթացի վարչարարության լիակատար թափանցիկությունը, հատկապես քվեաթերթիկների հաշվարկի եւ արդյունքների աղյուսակավորման գործընթացների առումով, բողոքարկման եւ գանգատարկման այնպիսի համակարգ, որում ընտրական գործընթացի մասնակիցները հնարավորինս լիարժեքորեն կկարողանան իրավական պաշտպանություն ստանալ ենթադրյալ ընտրախախտումների դեպքում, ինչպես նաեւ գործնականում հավասար հնարավորություններ երաշխավորել քաղաքական բոլոր ուժերին թե պաշտոնական քարոզարշավի ընթացքում, թե դրան նախորդող ժամանակահատվածում,
Դատարկ խոսքեր: ԵԽ-ն էլ գիտի, որ նման բան ՀՀ-ում չի եղել և մի 100 տարի էլ չի լինի:

8.3. Պետք է երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը քաղաքական շահերից: Բացի այդ, պետք է վերանայել նշված մարմինների կազմավորման կարգը` երաշխավորելու դրանցում հայաստանյան հասարակության իրական ներկայացվածությունը: Այս ոլորտում Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկությունները պետք է ի վերջո հաշվի առնվեն: Վեհաժողովը կրկնում է, որ օրենսդրությունը բարեփոխելուց զատ, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ապահովելու հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը եւ բազմակարծությունն առօրյա գործունեության մեջ: Բացի այդ, պետք է դադարեցնել հարկային մարմինների ճնշումներն ընդդիմադիր էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների նկատմամբ,
Սրան էլ չեմ հավատում: Հայլուրը ոնց կար, նենց էլ մնալու է: Տաթոն ոնց կար, տենց էլ... Ուֆֆ~~ լավ խորացա

8.4. Հավաքների ազատությունը պետք է երաշխավորել թե օրենքով, թե գործնականում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին համահունչ. այդ կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխություններն անմիջապես ուժը կորցրած ճանաչվեն` համապատսխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների:
Իշշալահ

13. Եթե վերոհիշյալ պայմանները չապահովվեն, եւ եթե Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ լրջորեն չծավալվի բաց երկխոսություն վերոհիշյալ 8-րդ կետում նշված բարեփոխումների վերաբերյալ, ապա կասկածի տակ կհայտնվի Հայաստանի` որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության վստահելիությունը: Ուստի, Վեհաժողովը պետք է 2008 թ. հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության` քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ վերոնշյալ պահանջների ուղղությամբ ձեռք բերված չլինի զգալի առաջընթաց:
Թեկուզ և Հայաստանի համար կոպիտ, բայց իմ կարծիքով շատ մեղմ մեղադրանք է: Հաշվի առնելով, թե զոհերը, և թե իշխանությունների անվրդով լռությունն ու սառնությունը:

Ընդհանուր առմամբ, ես կասեի, որ շատ փաստեր, որ իսկապես հուզում են ժողովրդին, տեղ են գտել այս բանաձևում` հանրավաքների, դատարանների և այլնի մասին: Բայց նորից եմ կրկնում, թեկուզ և Հայաստանի հասցեին կոպիտ երանգների հորդորներ էին ուղղված, այնուամենայնիվ շատ մեղմ էին: Ինձ թվում է եվրոպացիների մտածելակերպը հետևյալն է` "Առաջին էտապում հրատապ պահանջներով և մեղմ մեղադրանքներով դիմենք, իսկ այդ պահանջները չկատարվելու դեպքում արդեն հաջորդ էտապում կդիմենք ավելի պահանաջատիրական և ավելի կոշտ սպառնալիքներով": Երևի դրա համար էլ այսքան մեղմ էին սպառնալիքները:
Հույսով եմ ամեն ինչ լավ կավարտվի առանց այդ էլ խոցելի մեր Հայրենիքի համար: