* * *

- Լսի՛ր, Հաստաբուն, քո կարծիքով քո կաղիններից որևէ մեկից նորմալ ծառ դուրս կգա՞, - հարցրեց Հաստաբուն կաղնու հարևանը:
- Հա, այ այս մեկից, Երկարոտ, - ուրախ պատասխանեց հաստաբունը, ցույց տալով Սիրունիկ կաղինը:
- Դրանի՞ց, - զարմացավ Երկարոտ կաղնին՝ Հաստաբունի հարևանը: - Դա սիրունիկ է, բայց ոչ ավելին: Դրանից ուժեղ ծառ չի ստացվի, սրա նման նազելի ու թույլ բան կստացվի, - ասաց ցույց տալով իրենց նորաճ Նազելի հարևանին:
Նազելին դեռ շատ փոքրիկ ծառ էր, բայց շատ գեղեցիկ: Բոլորը հիանում էին նրա արտաքնով:
- Նազելին էլ կարող է ուժեղ ծառ դառնալ, - կարծիք հայտնեց Հաստաբունը:
- Չի կարող, - խոսակցությանը խառնվեց Սաղարթախիտը՝ Հաստաբունի ու Երկարոտի մյուս հարևանը: - Չենք թողնի, որ մեր շարքերում այդպիսի թույլ ծառեր աճեն, ինչ է թե գեղեցիկ են: Մենք նրան կզրկենք և՛ արևից, և՛ հողի սնունդից ու նա կչորանա:
- Բայց ախր Նազելին շատ գեղեցիկ է, - փորձեց առարկել Հաստաբունը: - Եկեք թողնենք, որ նա աճի:
- Ի՞նչ անենք, - զայրացավ Երկարոտը: - Լսիր, դու մի մոռացիր մեր պարտականությունները, մեր պապերի պատգամը: Մենք չպետք է թողնենք, որ մեր մեջ թույլ ծառեր աճեն: Մենք պետք է ոչնչացնենք նրան:
- Դուք այդպես եք ասում, որովհետև ինքը Ձեզնից սիրուն է, - նորից առարկեց Հաստաբունը: - Եկեք թողնենք որ նա ապրի, բացենք նրա արևի ճամփան ավելի շատ, մեր սաղարթներով այն չփակենք: Եկեք հողի սնունդի մեծ մասը նրան թողնենք ու կտեսնեք, թե ինչ մեծ ու գեղեցիկ կաճի Նազելին: Եկեք փորձենք...
- Ոչ Հաստաբուն, - կտրեց Սաղարթախիտը: - Դու այդպես ես խոսում, որովհետև ինքն էլ է քո կաղիններից մեկից աճել: Քեզ ծնող ես զգում: Բայց այդպես չի կարելի: Մենք պետք է վերացնենք նրան: Ինչպես և չպետք է թողնենք, որ քո Սիրունիկ կաղինից հետո մեր Կաղնուտում ծառ աճի: Դա մեր օրենքներին դեմ է: Չի կարելի:
- Դուք չար եք, - ընկճված ասաց Հաստաբունը: - Դուք ուղղակի չար եք: Ես տարիներ շարունակ նայել եմ, թե դուք քանի ու քանի ծառերի եք զրկել կյանքից, որովհետև նրանք այս կամ այն պատճառով ձեր դուրը չեն եկել: Դուք միշտ պատճառ եք բերել պապերի պատգամը՝ Կաղնուտը ուժեղ պահելու մասին:
- Դա մեր պարտքն է, - խոժոռ կտրեց նրան Սաղարթախիտը:
- Մենք դա անելու ենք, - հաստատեց Երկարոտը:
Հետո Սիրունիկը օրեր շարունակ նայում էր, թե ինչպես է տանջվում Նազելին, կամաց-կամաց չորանում: Ծառերն իրենց սաղարթներով լրիվ ծածկել էին լույսի ճանապարհն ու նա կատարյալ մթության մեջ էր: Սնունդ էլ նրան չէր հասնում, որովհետև կաղնիները տզրուկների նման կլանում էին հողի ողջ սնունդը:
Սիրունիկը վերևից նայում էր Նազելիին ու արտասվում: Բայց ոնչով չէր կարող օգնել: Վախենում էր Սիրունիկը, պատկերացնելով, որ մի օր ինքն էլ այդ ճակատագրին արժանանալու ու նորից արտասվում էր:
Ի՞նչ եղավ վերջում, Սիրունիկն այդպես էլ չիմացավ: Լրի՞վ չորացավ Նազելին, թե՞ ոչ: Ագռավը նրան կտցեց ու փախցրեց Կաղնուտից: Սիրունիկը սկզբում մտածում էր, որ դա լավ է, որ ինքը փրկվեց: Իսկ հիմա կարոտում էր Հաստաբունին, Կաղնուտը, Նազելիին: Իսկ Մենավորի ճակատագիրը նրան հուշում էր, որ լավ չի լինելու իր ապագան:

* * *

Մի քանի օրում Սիրունիկն ու Մենավորը մտերմացան, դարձան ընկերներ: Ու այդ ընկերությանը չխանգարեց անգամ նրանց տարիքների տարբերությունը: Նրանց կապող ավելի մեծ բան կար՝ ճակատագիրը: Նրանք հասկանում էին, որ իրար շատ նման էին: Երկուսն էլ, փաստորեն, մերժված էին Կաղնուտից, երկուսին էլ այնտեղից փախցրել էին ագռավները ու նրանք այդպես էլ չէին հասկանում, դրա համար շնորհակա՞լ լինեն ագռավներին, թե՞ հակառակը:
Իսկ այդ օրը մռայլ օր էր:
Առավոտից արևը պայքարի էր մտել չարագուշակ սև ամպերի հետ: Ամեն կերպ փորձում էր ճեղքել նրանց ստեղծած պատնեշն ու հասնել ներքև, ջերմացնել Երկիրը, բայց ամպերը չէին զիջում, այլ ավելի ու ավելի շատ էին կուտակվում, ցերեկվա լույսի փոխարեն գիշերային խավար նվիրելով Երկրի բոլոր բնակիչներին:
Երեկոյան կողմ, երբ երկրի բնակիչներից շատերն էին բողոքել ամպերի բերած խավարից, ամպերը սկսեցին ծաղրել նրանց: Նրանք զարկվում էին իրար և հուժկու կայծակը մի ակնթարթ ցրում էր խավարը՝ երկիրը լցնելով արծաթագույն լույսով, իսկ հետո նրանք՝ ամպերը, քրքջում էին սարսափազդու, դղրդացնող ձայնով, բոլորին սարսափեցնելով, վախեցնելով, խեղճացնելով:
Հերթական կայծակն իր ողջ ուժով հարվածեց Մենավորին, կոտրեց նրա ճյուղը, բնի մեջ մի խոր սպի բացեց: Կոտրված ճյուղը մնացել էր ծառին կպած միայն կեղևի վերջին, բարակ շերտով: Իսկ Մենավորը, տարօրինակ է, բայց կանգնել էր հանգիստ, անվրդով, անվախ: Չորս կողմը բոլորը վախեցած էին: Միջատներն ու սողուններն արագ արագ մտնում էին հողի մեջ: Քարերն անգամ վախեցած սսկվել էին: Վախեցած էր Սիրունիկ կաղինը:
- Փաստորեն այսպիսին է լինելու իմ վերջը, - վախեցած շշնջաց նա:
Կաղնին նայեց նրան ու խղճաց: «Ինչ-որ բան պետք է անել», - մտածեց մենավորը: Իր կոտրված ճյուղը, ուր որ է, պետք է ընկներեր: Կեղևի շերտը էլ չէր կարողանում պահել այն: «Պետք է այնպես անել, որ այս ճյուղն ընկնի կաղինի վրա ու նրան պաշտպանի», - մտածեց Մենավորն ու սկսեց թափ տալ ճյուղերն այնպես, որ կոտրված ճյուղն ընկնելիս ընկնի Սիրունիկի վրա:
Սիրունիկն այդ տեսնելով սարսափեց: Նա կարծեց, թե մահվան դող է պատել Մենավորին: Նա չէր հասկանում, որ Մենավորն իր վերջին ուժերն է գործադրում իրեն փրկելու համար: Ճյուղը պոկվեց ու ընկավ:
Մենավորը չէր կարողացել լավ հաշվարկել: Ճյուղի միայն մի ծայրը ուժգին դիպավ Սիրունիկի կողին: Սիրունիկ կաղինը գլորվեց դեպի կաղնին ու ինքն էլ չհասկանալով թե ինչպես ընկավ Մենավորի բնի նոր սպիի մեջ: Կայծակի նոր նվիրած սպին էր դա: «Այստեղ Սիրունիկը անվտանգ կլինի», - ուրախացավ Մենավորը: Նրան խոհերից կտրեց քամու բերած ձայները:
- Հեռու ինձնից, ինձ էլ կվառես...
- Օգնե՜ք, վառվում եմ...
- Որ քեզ օգնենք, մենք էլ կվառվենք, իսկ մենք այստեղ դեռ պետք ենք...
- Այս հիմար ծառին հենց սկզբից էլ չպետք է թողնեինք, որ աճեր...
- Սա էլ կպավ...
- Այն մյուսն էլ...
- Հանգցրեք իմ կրակը, ձեր ճյուղերով հարվածեք ու հանգցրեք...
- Որ մենք էլ վառվենք...
Այս խոսքերի պատառիկների հետ հասնում էին ճչոցներ ու հառաչներ: Մենավորը չէր հասկանում, թե դրանք ինչ ձայներ են: Ձայները ծանոթ էին: Դրանք Կաղնուտի ձայներն էին, որոնք էլի էր բերել քամին: Բայց դրանց իմաստը Մենավորը չէր հասկանում: Ի՞նչ է կատարվում: Մենավորը նայեց ու հեռվում կարմիր լույս տեսավ, որ պարզ երևում էր խավարում ու վախեցնում, սարսափեցնում էր Մենավորին:
- Ի՞նչ է պատահել, - առաջին անգամ Մենավորը որոշեց խոսել ագռավի հետ, որը թռնում էր մոտերքով:
- Կաղնուտը վառվում է, - հանգիստ պատասխանեց ագռավը:
- Ինչպե՞ս, ո՞նց պատահեց, - սարսափեց Մենավորը:
- Մի օր պետք է լիներ: Դրանք շատ գոռոզ, մեծամիտ ու ինքնահավան ծառեր էին, - նույն հանգիստ տոնով շարունակեց ագռավը: - Տարիներ շարունակ պատմում ու աշխարհով մեկ գոռում էին, թե ինչ միասնական են, բայց իրականում ամեն մեկը միայն իր մասին էր մտածում: Հիմա երբ վառվում են, փոխանակ օգնեն իրար, ամեն մեկը փորձում է իր մաշկը փրկել: Եթե իրար օգնեին, Կաղնուտի մի մասը կվառվեր, մյուսը կապրեր: Նրանցից մի քանիսը, պարզապես, պետք է իրենց զոհեին մյուսների համար: Բայց նրանք շատ ինքնահավան ու եսասեր են: Մենք՝ ագռավներս, վաղուց գիտեինք այդ մասին: Միշտ կաղիններ էինք գողանում ու տարբեր տեղեր տանում, որ ուրիշ տեղեր էլ կաղնուտներ լինեն, որ երբ սա վերանա, երկրի այս մասերում էլ կաղնուտ լինի: Բայց երևի սխալ կաղիններ էինք ընտրում: Այդպես էլ նոր կաղնուտ չեղավ: Շատ-շատ ինչ-որ մի տեղ քո նման մի մենավոր կաղնի էր աճում: Բայց դա ու՞մ է պետք: Քեզ, օրինակ, իմ պապն է այստեղ բերել: Բայց դու մենակ որ աճում էիր, շատ ընկճված էիր աճում ու... բան դուրս չեկավ: Մենք սխալվեցինք: Ու հիմա էլ այս հողերում կաղնուտ չի լինի: Մենք էլ երևի կհեռանանք այս մասերից:
Ագռավը լռեց: Անձրև սկսվեց:
- Այս անձրևը կհանգցնի հրդեհը, - վստահ տոնով ասաց Մենավորը՝ ինքն իրեն հանգստացնելու համար:
- Չի հանգցնի, - հակաճառեց ագռավը: - Այդ մեծամիտները բոլոր, իրենց կարծիքով, տկար ծառերին դատապարտում էին չորանալու ու հիմա այդ բոլոր չորացած ծառերն այնտեղ են: Այդ չորացած ծառերի պատճառով այնքան արագ է տարածվում հրդեհը ու այնքան մեծ ու հզոր է կրակը, որ ոչ մի անձրև չի կարող այն հանգցնել:
Նրանք լռեցին: Լուռ նայում էին հեռվի կրակի կարմիր շողերին, որը անձրևի կաթիլների մեջ փայլփլում էր կուրացնող լույսով:
- Սիրունիկ, իմացար ի՞նչ եղավ, - տխուր հարցրեց Մենավորը:
- Հա, Մենավոր, սարսափելի է, - Մենավորի սպիի մեջից լսվեց Սիրունիկի թույլ ու վախեցած ձայնը:
- Դու գիտե՞ս, թե ի՞նչ պետք է անես, - հարցրեց Մենավորը:
- Չէ...
- Դու պետք է սնվես, դու պետք է աճես: Աճիր հենց իմ բնի միջից, այդտեղ անվտանգ է: Մենք պետք է նոր կաղնուտ ստեղծենք:
- Մենք չենք կարող, Մենավոր, մենք թույլ ենք, ուժեղ ծառեր չենք:
- Ուժեղ ենք, սիրունիկ, ավելի ուժեղ ենք, քան նրանք:
- Ինչո՞վ ենք ուժեղ:
- Կայծակը մեզ էլ զարկեց, նրանց էլ: Մենք իրար ապավինեցինք ու փրկվեցինք, իսկ նրանք կործանվեցին: Դա մեր ուժն է: Սիրունիկ, դու պարզապես պետք է սնվես իմ հյութերով ու ապրես: ես պահանջում եմ:
- Լավ, Մենավոր:
- Հե՜յ, ագռավ, լսու՞մ ես, - ձայնեց Մենավորը:
Ագռավը, որ մինչ այդ զարմացած լսում էր նրանց, գլխով արեց:
- Դու էլ պետք է մեզ օգնես: Ձեզ Կաղնուտ է պետք, ինձ էլ: Մենք իրար պետք է օգնենք, - ասաց Մենավորը: - Հավաքիր քո քույր-եղբայրներին ու կաղիններ գտեք ու բերեք աշխարհի բոլոր ծայրերից: Ես նրանց կօգնեմ, ուղղություն ցույց կտամ ու այստեղ կաղնիներ կաճեն: Ես նրանց տիրություն կանեմ...
Ագռավը թռավ, հեռացավ...