User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Կաղնուտը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Կաղնուտը

    Անհամբեր սպասում եմ արձագանքներին...
    Չնայած որ կրկին անմշակ, առաջին ձեռք տարբերակ է, առանց նույնիսկ խմբագրում-սրբագրումների...


    Կաղնուտը

    - Մենք ենք աշխարհի տիրակալները...
    - Մենք շատ ենք ու բոլորս իրար հետ...
    - Նրանք չեն կարող մեր հետ հաշվի չնստել...
    Սրանք խոսքերի պատառիկներ էին, որոնք քամին հեռու-հեռուներից թռցնում ու հասցնում էր Մենավոր կաղնուն:
    - Նրանք բոլորն իրար նման են ու մի քիչ էլ քեզ են նման, բայց ավելի փարթամ, - պատմում էր Սիրունիկ Կաղինը, որին ագռավը կտուցն առած հեռու անտառից բերել ու գցել էր Մենավոր Կաղնու տակ: - Նրանք զինվորներ են, մարտիկներ: Այնտեղ պատահական կաղնի չի աճում: Բոլորն ընտրովի են: Քեզ նմանը չի կարող այնտեղ աճել, որովհետև հենց որ մի թույլ կաղնի է սկսում աճել, մեծ կաղնիները անմիջապես փակում են արևի ճանապարհը, հողի ողջ սնունդը իրենք են կլանում, որ այդ տկարը չմեծանա ու իրենց պատիվը չգցի: Նրանք բոլորը պետք է հզոր լինեն, տկարները, թույլերը տեղ չունեն կաղնուտում...
    Մենավոր կաղնին կլանված լսում էր Սիրունիկի պատմությունը:
    Ինքն ու այս Կաղինը նման են իրար: Երկար տարիներ են անցել այն օրից, երբ մի ագռավ հեռու Կաղնուտում մի կաղին կտուցին առել, թռել, եկել ու այս ամայի հողում գցելով հեռացել էր: Այդ կաղինից հետո աճել էր ինքը՝ Մենավոր կաղնին, հեռու իր իսկական ծնող Կաղնուտից, հեռու իր նմաններից: Աճել էր մի մենավոր սարի մենավոր ու արևոտ լանջին:
    - Ես պետք է նրանց հետ լինեի, - շշնջաց Մենավոր Կաղնին, - ես պետք է այնտեղ աճեի, այլ ոչ թե այստեղ...
    Նրա խոսքերն ընհատեց փոքրիկ Սիրունիկը՝ Զրնգուն ծիծաղով:
    - Ինչու՞ ես ծիծաղում, - նեղացավ Մենավոր Կաղնին:
    - Որովհետև Կաղնուտի ոչ մի Կաղնի իմ ծիծաղից չէր նեղանա: Նրանք կվրդովվեին, իրենց ճյուղերն ու տերևները շարժելով մի հզոր քամի կբարձրացնեին ու ինձ այդ քամով դուրս կքշեին Կաղնուտից: Ոչ մեկը չի կարող Կաղնուտի Կաղնիների վրա ծիծաղել, իսկ քեզ վրա կարող է, որովհետև դու ուրիշ ես, թույլ ես... դու այնտեղ չէիր կարող աճել, քեզ չէին թողնի մեծանալ: Եթե դու այնտեղ ծլեիր, մեծ ու ուժեղ կաղնիները քո համար կփակեին ջրի ու արևի ճամփաները, դու կչորանայիր, կվերանայիր...
    - Ես երբ ծնվել եմ թույլ չեմ եղել, - չհամաձայնվեց Մենավորը: - Պարզապես իմ կողքին չկային մեծ կաղնիներ ու ես լավ չէի հիշում, թե ինչպիսին պետք է լինեմ: Հասկանու՞մ ես, ես ինքս եմ հնարել իմ կենցաղը, ես ինքս եմ ինձ դաստիարակել: Եթե իմ կողքին լինեին Կաղնուտի մեծերը, նրանք ինձ կսովորեցնեին, կկրթեին, ու ես կմեծանայի մեծ, ուժեղ, նրանց նման: Կլինեի նրանցից մեկը:
    Կաղինը չպատասխանեց: Երևի չէր ուզում շատ նեղացնել Մենավորին: Նրանք լռեցին: Քիչ անց լռությունը խզեց Սիրունիկը.
    - Բա իմ վերջն ի՞նչ է լինելու:
    - Ի՞նչ, - չհասկացավ Մենավորը:
    - Իմ վերջը, - տխուր կրկնեց Սիրունիկը: - Ես երկար ժամանակ ապրում էի Կաղնուտում, մի սիրուն ու վեհ Կաղնու՝ Հաստաբունի, վրա էի աճել: Հաստաբունը Կաղնուտի ամենասիրված ծառերից մեկն էր: Ուժեղ էր, բարձր, հաստաբուն, սաղարթախիտ: Ես հպարտ էի, որ հենց նրա վրա եմ աճում: Ինքն էլ ինձ լավ էր նայում: Ոչ արևի պակաս ունեի, ոչ սննդի: Մենք՝ կաղիններով, իրար հետ շատ էինք խոսում ու մտածում, թե ճակատագիրը մեզնից ում համար ինչ վախճան է նախատեսել: Ես հույս ունեի, երազում էի, որ մի օր, երբ կպոկվեմ Կաղնուց, կընկնեմ Կաղնուտի պարարտ հողին ու ինձնից մի հզոր Կաղնի կաճի, բոլորն ինձ կսիրեն ու կհարգեն: Բայց առավոտյան այդ սև ու չար աչքերով ագռավն եկավ, ինձ պոկեց ու թռցրեց, բերեց այստեղ: Բա հիմա ի՞նչ է լինելու իմ վերջը:
    - Ես գիտեմ ինչ է լինելու, - ասաց Մենավորը, - դու իմ նման ատելու ես ագռավներին:
    - Ատելու՞: Բայց Կաղնուտի կաղնիները ագռավներին սիրում էին...
    - Որովհետև նրանցից ոչ մեկին այդ անիրավները կաղին ժամանակ չէին բերել ու այս անապատում չէին գցել, - բացատրեց Կաղնին: - Նրանց ի՞նչ կա: Ապրում են իրենց նմանների հետ, նրանք հզոր են, շատ են, իրար հետ են ու ագռավներից դժգոհելու բան չունեն: Մենք՝ ես ու դու, ուրիշ ենք, այդ ագռավները մեզ մեր հայրենիքից հեռացրել են:
    Կաղինը չպատասխանեց: Նա սկսեց մտածել ու հասկացավ, որ Մենավորը, ամեն դեպքում, ճիշտ է ասում: Ագռավը ոչնչացրեց իր երազանքը, իրեն բերեց, բերեց...
    - Իսկ ագռավներն այստեղ մենակ ինձ ու քեզ են բերե՞լ, - հարցրեց Սիրունիկը:
    - Չէ, - հոգոց հանեց Մենավորը: - Շատ-շատ կաղիններ են բերել, գցել ու գնացել:
    - Բա ի՞նչ են եղել այդ կաղինները:
    - Հիմնականում նրանց քամին է տանում: Չգիտեմ ու՞ր: Չգիտեմ ինչի՞ համար: Ուղղակի քշում-տանում է: Մի քանի օր իրար հետ զրուցել ենք, նրանք պատմել են Կաղնուտից, հիշել եմ հին օրերը, իսկ հետո նրանց քամին տարել է... մի քանիսին էլ ագռավներն են տարել: Մեկ մեկ էլ մարդկանց երեխաներ են գալիս այստեղ, հավաքում, տանում են կաղինները:
    - Բա ե՞ս...
    - Երևի քեզ էլ քամին կքշի, կտանի, - հոգոց հանելով պատասխանեց Մենավորը: - Հետո թե ի՞նչ կլինի քեզ հետ, չգիտեմ:
    - Ես ուզում էի Կաղնուտում մնալ, - հառաչեց Սիրունիկը:
    - Ես էլ... - արձագանքեց Մենավորը ու նրանք լռեցին:

    * * *

    - Ես մեծ կաղնի եմ դառնալու, - ասաց փոքրիկ, կանաչ կաղինը՝ ուրախ ժպտալով: - Ձեզնից լավը:
    Կաղնուտը զրնգաց ծիծաղից: Բոլոր կաղնիները ծիծաղում էին:
    - Պստլո, քեզնից ի՞նչ մեծ կաղնի, - ծիծաղի մեջից ասաց հարևան կաղնին: - Դու պստլիկ խաղալիք ես:
    Կաղնուտը նորից թաղվեց կաղնիների ծիծաղի մեջ:
    - Իսկ ինչի՞ չեմ կարող ձեզնից լավը դառնալ, - համառեց փոքրիկ կաղինը:
    - Քո կողքին աճած կաղինին նայիր: Տեսնու՞մ ես, թե ի՜նչ լավն է, մեծ, թմբլո: Այդ թմբլոյից կարող է և լավ կաղնի ստացվել: Իսկ դու շատ պուճուրիկ ես: Քեզնից բան դուրս չի գա: Եթե քեզնից կաղնի աճի էլ, կլինի թույլ ու տկար մի ծառ, - բացատրեց հարևան կաղնին:
    - Ինչ ուզում եք, խոսեք: Ես, միևնույն է, մեծ ու հզոր կաղնի եմ դառնալու: Դուք միայն սպասեք, որ իմ ժամանակը գա, - համառեց փոքրիկ կաղինը:
    Կաղնուտը նորից լցվեց կաղնիների ծիծաղով:
    - Քեզնից լավ ծաղրածու դուրս կգա, - ասաց կաղնիներից մեկը, ու Կաղնուտը ևս մեկ անգամ թնդաց ծիծաղից:

    * * *

    Մենավորին հուշերից կտրեց Սիրունիկի ձայնը.
    - Դու իսկապե՞ս ուժեղ ես եղել, երբ նոր էիր սկսել աճել:
    - Չգիտեմ, - խեղճացած պատասխանեց Մենավորը, որի մտքում դեռ թարմ էր քիչ առաջ հիշած պատկերը: - Ես այն ժամանակ շատ բան չէի հիշում Կաղնուտից: Ես չէի հիշում, թե ինչ տեսք են ունենում ուժեղ ծառերը փոքր ժամանակ: Հիմա էլ չեմ հիշում: Ես հիշում եմ, թե այն ժամանակ ինչքան միայնակ էի ինձ զգում, ընկերներ չունեի, չկար մեկը, ում հետ կարողանայի հանգիստ, կաղնիավարի խոսել: Հետո հիշում եմ, որ... որ... Գիտե՞ս, երբ ես դեռ կաղին էի ու Կաղնուտում էի, ինձ բոլոր ծառերը ծաղրում էին: Ես էլ քո նման երազում էի մնալ Կաղնուտում ու մեծ, գեղեցիկ ծառ դառնալ: Իսկ նրանք ասում էին, որ ես չեմ կարող ու միշտ ծիծաղում էին վրաս: Մեկ-մեկ ես երազում էի փախնել այնտեղից ու ուրիշ տեղ աճել, հզորանալ, հզորացած գնալ նրանց մոտ ու ասել. «Տեսա՞ք, որ ես մեծ ու հզոր կաղնի դառնալ»: Բայց դա, իհարկե, մանկական վախկոտ երազ էր: Ես իհարկե չէի կարող ուրիշ տեղ մեծանալու դեպքում էլ գնալ նրանց մոտ: Բայց սկզբում, երբ որ ինձ ագռավը թռցրեց ու բերեց այստեղ, ես մտածում էի, որ այդ երազս իրականություն է դառնում: Հետո միայն հասկացա, որ այդ անիրավը պարզապես կոտրել է իմ երազանքը իրականություն դառնալու հնարավորությունը:
    Սիրունիկը լուռ լսում էր Մենավորին ու Մենավորի զրույցն ավելի մենախոսության էր նման: Իսկ դա Մենավորի մոտ լավ էր ստացվում, չէ որ իր ողջ կյանքում մենակ էր եղել ու մենախոսել ու միայն երբեմն այսպիսի պատահական ունկնդիր կամ զրուցընկեր ձեռք բերել:
    - Չգիտեմ, լա՞վ է, որ ագռավը ինձ թռցրեց ու բերեց այստեղ, թե՞ վատ: Ամեն դեպքում ինձ թվում է, որ դու ճիշտ ես ասում, որ մեծ կաղնիները ինձ չէին թողնի աճել: Որ Ես կչորանայի, ինչպես Կաղնուտում չորացել են հազարավոր այլ տկար ծառեր: Բայց գուցե ավելի լավ էր չորանալ Կաղնուտում, քան այսպես աննպատակ աճել այս անապատում, մենակ, միայնակ, անիմաստ...
    Մենավորը լռեց: Լուռ էր նաև Սիրունիկը, ով մտածում էր իր ճակատագրի մասին: Մտածում էր, որ գուցե լավ կլինի, որ իրենից ծառ չաճի, քան աճի Կաղնուտից հեռու: Մտածում էր նաև, որ նման են իր ու մենավորի պատմությունները: Նման են նաև հազարավոր այլ կաղինների պատմությունների, ում միշտ ծաղրում էին Կաղնուտի մեծ ու հզոր ծառերը: Որքա՜ն էին այդ կաղնինները սիրում ծաղրել իրենցից ավելի թույլերին: Ու կաղինն ընկավ հիշողությունների գիրկը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կաղնուտը

    * * *

    - Լսի՛ր, Հաստաբուն, քո կարծիքով քո կաղիններից որևէ մեկից նորմալ ծառ դուրս կգա՞, - հարցրեց Հաստաբուն կաղնու հարևանը:
    - Հա, այ այս մեկից, Երկարոտ, - ուրախ պատասխանեց հաստաբունը, ցույց տալով Սիրունիկ կաղինը:
    - Դրանի՞ց, - զարմացավ Երկարոտ կաղնին՝ Հաստաբունի հարևանը: - Դա սիրունիկ է, բայց ոչ ավելին: Դրանից ուժեղ ծառ չի ստացվի, սրա նման նազելի ու թույլ բան կստացվի, - ասաց ցույց տալով իրենց նորաճ Նազելի հարևանին:
    Նազելին դեռ շատ փոքրիկ ծառ էր, բայց շատ գեղեցիկ: Բոլորը հիանում էին նրա արտաքնով:
    - Նազելին էլ կարող է ուժեղ ծառ դառնալ, - կարծիք հայտնեց Հաստաբունը:
    - Չի կարող, - խոսակցությանը խառնվեց Սաղարթախիտը՝ Հաստաբունի ու Երկարոտի մյուս հարևանը: - Չենք թողնի, որ մեր շարքերում այդպիսի թույլ ծառեր աճեն, ինչ է թե գեղեցիկ են: Մենք նրան կզրկենք և՛ արևից, և՛ հողի սնունդից ու նա կչորանա:
    - Բայց ախր Նազելին շատ գեղեցիկ է, - փորձեց առարկել Հաստաբունը: - Եկեք թողնենք, որ նա աճի:
    - Ի՞նչ անենք, - զայրացավ Երկարոտը: - Լսիր, դու մի մոռացիր մեր պարտականությունները, մեր պապերի պատգամը: Մենք չպետք է թողնենք, որ մեր մեջ թույլ ծառեր աճեն: Մենք պետք է ոչնչացնենք նրան:
    - Դուք այդպես եք ասում, որովհետև ինքը Ձեզնից սիրուն է, - նորից առարկեց Հաստաբունը: - Եկեք թողնենք որ նա ապրի, բացենք նրա արևի ճամփան ավելի շատ, մեր սաղարթներով այն չփակենք: Եկեք հողի սնունդի մեծ մասը նրան թողնենք ու կտեսնեք, թե ինչ մեծ ու գեղեցիկ կաճի Նազելին: Եկեք փորձենք...
    - Ոչ Հաստաբուն, - կտրեց Սաղարթախիտը: - Դու այդպես ես խոսում, որովհետև ինքն էլ է քո կաղիններից մեկից աճել: Քեզ ծնող ես զգում: Բայց այդպես չի կարելի: Մենք պետք է վերացնենք նրան: Ինչպես և չպետք է թողնենք, որ քո Սիրունիկ կաղինից հետո մեր Կաղնուտում ծառ աճի: Դա մեր օրենքներին դեմ է: Չի կարելի:
    - Դուք չար եք, - ընկճված ասաց Հաստաբունը: - Դուք ուղղակի չար եք: Ես տարիներ շարունակ նայել եմ, թե դուք քանի ու քանի ծառերի եք զրկել կյանքից, որովհետև նրանք այս կամ այն պատճառով ձեր դուրը չեն եկել: Դուք միշտ պատճառ եք բերել պապերի պատգամը՝ Կաղնուտը ուժեղ պահելու մասին:
    - Դա մեր պարտքն է, - խոժոռ կտրեց նրան Սաղարթախիտը:
    - Մենք դա անելու ենք, - հաստատեց Երկարոտը:
    Հետո Սիրունիկը օրեր շարունակ նայում էր, թե ինչպես է տանջվում Նազելին, կամաց-կամաց չորանում: Ծառերն իրենց սաղարթներով լրիվ ծածկել էին լույսի ճանապարհն ու նա կատարյալ մթության մեջ էր: Սնունդ էլ նրան չէր հասնում, որովհետև կաղնիները տզրուկների նման կլանում էին հողի ողջ սնունդը:
    Սիրունիկը վերևից նայում էր Նազելիին ու արտասվում: Բայց ոնչով չէր կարող օգնել: Վախենում էր Սիրունիկը, պատկերացնելով, որ մի օր ինքն էլ այդ ճակատագրին արժանանալու ու նորից արտասվում էր:
    Ի՞նչ եղավ վերջում, Սիրունիկն այդպես էլ չիմացավ: Լրի՞վ չորացավ Նազելին, թե՞ ոչ: Ագռավը նրան կտցեց ու փախցրեց Կաղնուտից: Սիրունիկը սկզբում մտածում էր, որ դա լավ է, որ ինքը փրկվեց: Իսկ հիմա կարոտում էր Հաստաբունին, Կաղնուտը, Նազելիին: Իսկ Մենավորի ճակատագիրը նրան հուշում էր, որ լավ չի լինելու իր ապագան:

    * * *

    Մի քանի օրում Սիրունիկն ու Մենավորը մտերմացան, դարձան ընկերներ: Ու այդ ընկերությանը չխանգարեց անգամ նրանց տարիքների տարբերությունը: Նրանց կապող ավելի մեծ բան կար՝ ճակատագիրը: Նրանք հասկանում էին, որ իրար շատ նման էին: Երկուսն էլ, փաստորեն, մերժված էին Կաղնուտից, երկուսին էլ այնտեղից փախցրել էին ագռավները ու նրանք այդպես էլ չէին հասկանում, դրա համար շնորհակա՞լ լինեն ագռավներին, թե՞ հակառակը:
    Իսկ այդ օրը մռայլ օր էր:
    Առավոտից արևը պայքարի էր մտել չարագուշակ սև ամպերի հետ: Ամեն կերպ փորձում էր ճեղքել նրանց ստեղծած պատնեշն ու հասնել ներքև, ջերմացնել Երկիրը, բայց ամպերը չէին զիջում, այլ ավելի ու ավելի շատ էին կուտակվում, ցերեկվա լույսի փոխարեն գիշերային խավար նվիրելով Երկրի բոլոր բնակիչներին:
    Երեկոյան կողմ, երբ երկրի բնակիչներից շատերն էին բողոքել ամպերի բերած խավարից, ամպերը սկսեցին ծաղրել նրանց: Նրանք զարկվում էին իրար և հուժկու կայծակը մի ակնթարթ ցրում էր խավարը՝ երկիրը լցնելով արծաթագույն լույսով, իսկ հետո նրանք՝ ամպերը, քրքջում էին սարսափազդու, դղրդացնող ձայնով, բոլորին սարսափեցնելով, վախեցնելով, խեղճացնելով:
    Հերթական կայծակն իր ողջ ուժով հարվածեց Մենավորին, կոտրեց նրա ճյուղը, բնի մեջ մի խոր սպի բացեց: Կոտրված ճյուղը մնացել էր ծառին կպած միայն կեղևի վերջին, բարակ շերտով: Իսկ Մենավորը, տարօրինակ է, բայց կանգնել էր հանգիստ, անվրդով, անվախ: Չորս կողմը բոլորը վախեցած էին: Միջատներն ու սողուններն արագ արագ մտնում էին հողի մեջ: Քարերն անգամ վախեցած սսկվել էին: Վախեցած էր Սիրունիկ կաղինը:
    - Փաստորեն այսպիսին է լինելու իմ վերջը, - վախեցած շշնջաց նա:
    Կաղնին նայեց նրան ու խղճաց: «Ինչ-որ բան պետք է անել», - մտածեց մենավորը: Իր կոտրված ճյուղը, ուր որ է, պետք է ընկներեր: Կեղևի շերտը էլ չէր կարողանում պահել այն: «Պետք է այնպես անել, որ այս ճյուղն ընկնի կաղինի վրա ու նրան պաշտպանի», - մտածեց Մենավորն ու սկսեց թափ տալ ճյուղերն այնպես, որ կոտրված ճյուղն ընկնելիս ընկնի Սիրունիկի վրա:
    Սիրունիկն այդ տեսնելով սարսափեց: Նա կարծեց, թե մահվան դող է պատել Մենավորին: Նա չէր հասկանում, որ Մենավորն իր վերջին ուժերն է գործադրում իրեն փրկելու համար: Ճյուղը պոկվեց ու ընկավ:
    Մենավորը չէր կարողացել լավ հաշվարկել: Ճյուղի միայն մի ծայրը ուժգին դիպավ Սիրունիկի կողին: Սիրունիկ կաղինը գլորվեց դեպի կաղնին ու ինքն էլ չհասկանալով թե ինչպես ընկավ Մենավորի բնի նոր սպիի մեջ: Կայծակի նոր նվիրած սպին էր դա: «Այստեղ Սիրունիկը անվտանգ կլինի», - ուրախացավ Մենավորը: Նրան խոհերից կտրեց քամու բերած ձայները:
    - Հեռու ինձնից, ինձ էլ կվառես...
    - Օգնե՜ք, վառվում եմ...
    - Որ քեզ օգնենք, մենք էլ կվառվենք, իսկ մենք այստեղ դեռ պետք ենք...
    - Այս հիմար ծառին հենց սկզբից էլ չպետք է թողնեինք, որ աճեր...
    - Սա էլ կպավ...
    - Այն մյուսն էլ...
    - Հանգցրեք իմ կրակը, ձեր ճյուղերով հարվածեք ու հանգցրեք...
    - Որ մենք էլ վառվենք...
    Այս խոսքերի պատառիկների հետ հասնում էին ճչոցներ ու հառաչներ: Մենավորը չէր հասկանում, թե դրանք ինչ ձայներ են: Ձայները ծանոթ էին: Դրանք Կաղնուտի ձայներն էին, որոնք էլի էր բերել քամին: Բայց դրանց իմաստը Մենավորը չէր հասկանում: Ի՞նչ է կատարվում: Մենավորը նայեց ու հեռվում կարմիր լույս տեսավ, որ պարզ երևում էր խավարում ու վախեցնում, սարսափեցնում էր Մենավորին:
    - Ի՞նչ է պատահել, - առաջին անգամ Մենավորը որոշեց խոսել ագռավի հետ, որը թռնում էր մոտերքով:
    - Կաղնուտը վառվում է, - հանգիստ պատասխանեց ագռավը:
    - Ինչպե՞ս, ո՞նց պատահեց, - սարսափեց Մենավորը:
    - Մի օր պետք է լիներ: Դրանք շատ գոռոզ, մեծամիտ ու ինքնահավան ծառեր էին, - նույն հանգիստ տոնով շարունակեց ագռավը: - Տարիներ շարունակ պատմում ու աշխարհով մեկ գոռում էին, թե ինչ միասնական են, բայց իրականում ամեն մեկը միայն իր մասին էր մտածում: Հիմա երբ վառվում են, փոխանակ օգնեն իրար, ամեն մեկը փորձում է իր մաշկը փրկել: Եթե իրար օգնեին, Կաղնուտի մի մասը կվառվեր, մյուսը կապրեր: Նրանցից մի քանիսը, պարզապես, պետք է իրենց զոհեին մյուսների համար: Բայց նրանք շատ ինքնահավան ու եսասեր են: Մենք՝ ագռավներս, վաղուց գիտեինք այդ մասին: Միշտ կաղիններ էինք գողանում ու տարբեր տեղեր տանում, որ ուրիշ տեղեր էլ կաղնուտներ լինեն, որ երբ սա վերանա, երկրի այս մասերում էլ կաղնուտ լինի: Բայց երևի սխալ կաղիններ էինք ընտրում: Այդպես էլ նոր կաղնուտ չեղավ: Շատ-շատ ինչ-որ մի տեղ քո նման մի մենավոր կաղնի էր աճում: Բայց դա ու՞մ է պետք: Քեզ, օրինակ, իմ պապն է այստեղ բերել: Բայց դու մենակ որ աճում էիր, շատ ընկճված էիր աճում ու... բան դուրս չեկավ: Մենք սխալվեցինք: Ու հիմա էլ այս հողերում կաղնուտ չի լինի: Մենք էլ երևի կհեռանանք այս մասերից:
    Ագռավը լռեց: Անձրև սկսվեց:
    - Այս անձրևը կհանգցնի հրդեհը, - վստահ տոնով ասաց Մենավորը՝ ինքն իրեն հանգստացնելու համար:
    - Չի հանգցնի, - հակաճառեց ագռավը: - Այդ մեծամիտները բոլոր, իրենց կարծիքով, տկար ծառերին դատապարտում էին չորանալու ու հիմա այդ բոլոր չորացած ծառերն այնտեղ են: Այդ չորացած ծառերի պատճառով այնքան արագ է տարածվում հրդեհը ու այնքան մեծ ու հզոր է կրակը, որ ոչ մի անձրև չի կարող այն հանգցնել:
    Նրանք լռեցին: Լուռ նայում էին հեռվի կրակի կարմիր շողերին, որը անձրևի կաթիլների մեջ փայլփլում էր կուրացնող լույսով:
    - Սիրունիկ, իմացար ի՞նչ եղավ, - տխուր հարցրեց Մենավորը:
    - Հա, Մենավոր, սարսափելի է, - Մենավորի սպիի մեջից լսվեց Սիրունիկի թույլ ու վախեցած ձայնը:
    - Դու գիտե՞ս, թե ի՞նչ պետք է անես, - հարցրեց Մենավորը:
    - Չէ...
    - Դու պետք է սնվես, դու պետք է աճես: Աճիր հենց իմ բնի միջից, այդտեղ անվտանգ է: Մենք պետք է նոր կաղնուտ ստեղծենք:
    - Մենք չենք կարող, Մենավոր, մենք թույլ ենք, ուժեղ ծառեր չենք:
    - Ուժեղ ենք, սիրունիկ, ավելի ուժեղ ենք, քան նրանք:
    - Ինչո՞վ ենք ուժեղ:
    - Կայծակը մեզ էլ զարկեց, նրանց էլ: Մենք իրար ապավինեցինք ու փրկվեցինք, իսկ նրանք կործանվեցին: Դա մեր ուժն է: Սիրունիկ, դու պարզապես պետք է սնվես իմ հյութերով ու ապրես: ես պահանջում եմ:
    - Լավ, Մենավոր:
    - Հե՜յ, ագռավ, լսու՞մ ես, - ձայնեց Մենավորը:
    Ագռավը, որ մինչ այդ զարմացած լսում էր նրանց, գլխով արեց:
    - Դու էլ պետք է մեզ օգնես: Ձեզ Կաղնուտ է պետք, ինձ էլ: Մենք իրար պետք է օգնենք, - ասաց Մենավորը: - Հավաքիր քո քույր-եղբայրներին ու կաղիններ գտեք ու բերեք աշխարհի բոլոր ծայրերից: Ես նրանց կօգնեմ, ուղղություն ցույց կտամ ու այստեղ կաղնիներ կաճեն: Ես նրանց տիրություն կանեմ...
    Ագռավը թռավ, հեռացավ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կաղնուտը

    * * *

    - Հայրիկ, հետս ֆոտոապարատ վերցնեմ, - հարցրեց Սամվելը:
    - Իհարկե, կարծում եմ նկարելու հետաքրքիր բաներ կունենաս, - ժպտալով պատասխանեց Սամվելի հայրը:
    - Բայց ինձ մի քիչ պատմիր էլի այդ սարի մասին, - խնդրեց Սամվելը:
    - Դե, ի՞նչ պատմեմ: Ինքդ կտեսնես: Այդ սարը միակն է շրջապատում, որտեղ ծառեր են աճում: Ողջ սարը պատված է կաղնիներով: Դա էլ այն դեպքում, երբ շրջապատի սարերից և ոչ մեկի վրա գոնե մի ծառ չի աճում: Ընդհանրապես տեղի ժողովուրդն ասում է, որ այդ շրջանի հողը բերրի չէ ու բոլորը զարմանում են, թե այդ սարի վրա ինչպես են ծառեր աճում: Մի քանի կիլոմետր այն կողմ էլ է ժամանակին կաղնուտ եղել, բայց վառվել է: Այդտեղի եղանակն ու բնությունը այնպիսին է, որ թվում է, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Բայց այս մի անտառը զարմանալիորեն ապրում է: Իսկ ամենազարմանալին այդ չէ...
    - Բա ի՞նչն է, - զարմացավ Սամվելը:
    - Ամենազարմանալին այն է, որ ինչպես պատմում են գյուղացիները այդ անտառը մոտ 200 տարի առաջ ինքն իրեն է աճել:
    - Ինչպե՞ս թե ինքն իրեն:
    - Չգիտեմ, այդպես են պատմում: Ասում են, որ նույն տարում, երբ այն ասածս կաղնուտը վառվել է, ինքն իրեն այդ սարի վրա սկսել են կաղնիներ աճել: Մինչ այդ միայն մի կաղնի է սարի վրա եղել: Բայց հանկարծ սկսել են աճել ուրիշները ու ամբողջ սարը ծածկվել է կաղնիներով:
    - Բայց ինչպե՞ս:
    - Չգիտեմ: Ոչ մեկը չգիտի: Այդ սարի մասին ուրիշ բաներ էլ են պատմում:
    - Ի՞նչ, հայրիկ:
    - Ասում են, որ այդ սարի ծառերը մտածել գիտեն ու շատ սրտացավ են:
    - Այդ ո՞նց:
    - Ասում են, որ հենց որ մի նոր կաղնի է սկսում աճել, բոլորը ծառերը ամռանը նրա համար բացում են արևի ճանապարհը, իրենց սաղարթները մի կողմ քաշելով, իսկ ցրտի ժամանակ ծածկում են նրանց, որ հանկարծ չմրսեն: Ու այդ բոլոր նորաճ ծառերը մեծանում են շատ արագ: Իբր թե մեծ ծառերը նույնիսկ հողի սնունդն էլ են հիմնականում նորաճ ծառերին տալիս:
    - Բայց դա հնարավո՞ր է, հայրիկ:
    - Չգիտեմ, իմ կարծիքով չէ: Իմ կարծիքով սա լեգենդ է ուղղակի, որ հնարել են տեղի բնակիչները: Բայց մի բան կա, որ հաստատ լեգեն չէ:
    - Ի՞նչը, հայրիկ:
    - Կաղնուտը ամենատարեց ու գեղեցիկ ծառը: Նա վեհափառ բազմել է սարի լանջի հենց մեջտեղում, ու որ նայում ես, թվում է, թե բոլոր ծառերը խոնարհվում են նրա առաջ: Գյուղացիներն ասում են, իբր այդ Կաղնին Կաղնուտի առաջնորդն է: Դա էլ է երևի լեգենդի մի մաս: Բայց որ նա իրոք շատ գեղեցիկ է ու մեծ է, ու որ տպավորություն է ստեղծվում, թե մյուս ծառերը նրան շրջապատում են, դա փաստ է: Ինքդ այդ կաղնուն կտեսնես, կլուսանկարես: Ասենք նրան կաղնի ասելն է սխալ: Պետք է կաղնիներ ասել:
    - Կաղնինե՞ր: Ինչու՞:
    - Որովհետև դա իրականում երկու կաղնի է: Մի հաստաբուն, ծեր, բայց վեհ կաղնի, ու ճիշտ նրա բնից աճած, նույնպես փարթամ, գեղեցիկ, ավելի սիրունիկ ավելի ջահել մի ուրիշ կաղնի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաղնուտը

    Ինչպես միշտ, շատ լավ է կարդացվում: Երևի թե շատերն իմ նման հենց առաջին իսկ նախադասությունից փորձում են կաղնու մեջ տեսնել մարդ արարածին: Այս պատմության կաղնիները շատ են հայեցի: Երանի թե հայերն էլ նրանց պես անցյալի սխալներից դաս առնեն…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  5. #5
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաղնուտը

    Չուկ ջան-ջան…
    ինչպես միշտ հիացած եմ…
    սիրում եմ քո գործերը, հավեսով կարդացվում է, հոգի ու շունչ կա… գրելաոճդ միանշանակ տարբերվում է… ապրես

    Մենավորին ու Սիրունիկին նենց սիրեցի… ի դեպ, ես էլ եմ իրենց որպես մարդ արարած զգացել… էն շատ քչերը, որ կան մեր հասարակությունում…

    իսկ վերջում ինձ իսկապես նենց երջանիկ զգացի… կարծես թե իմ հարազատներն էին…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաղնուտը

    Բրավո, Արտ:

  7. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաղնուտը

    Չու՛կ ջան, պիտի ասեմ, որ սկիզբը մի քիչ դժվար էր կարդացվում, հետո սկսեց հետաքրքրությունս շարժել, հետո փշաքաղվեցի ու հետո պայծառացա, որ ամեն դեպքում Կաղնուտը սերունդ թողեց…
    Զիլ էր

    Առավոտից արևը պայքարի էր մտել չարագուշակ սև ամպերի հետ: Ամեն կերպ փորձում էր ճեղքել նրանց ստեղծած պատնեշն ու հասնել ներքև, ջերմացնել Երկիրը, բայց ամպերը չէին զիջում, այլ ավելի ու ավելի շատ էին կուտակվում, ցերեկվա լույսի փոխարեն գիշերային խավար նվիրելով Երկրի բոլոր բնակիչներին:
    Երեկոյան կողմ, երբ երկրի բնակիչներից շատերն էին բողոքել ամպերի բերած խավարից, ամպերը սկսեցին ծաղրել նրանց: Նրանք զարկվում էին իրար և հուժկու կայծակը մի ակնթարթ ցրում էր խավարը՝ երկիրը լցնելով արծաթագույն լույսով, իսկ հետո նրանք՝ ամպերը, քրքջում էին սարսափազդու, դղրդացնող ձայնով, բոլորին սարսափեցնելով, վախեցնելով, խեղճացնելով:
    ՆԿարագրությունը սառեցնելու չափ իրական ու բնական էր...
    Ու որ միայն պատկերացնում եմ, թե մեր մեջ ինչքան Մենավորներ ու Սիրունիկներ կան, խաղաղվում եմ մի քիչ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •