Կառավարության ընդդիմությանը հակառակ, Ֆրանսիայի Ազգային ժողովը երեկ ընդունել է Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Սոցիալիստների օրինագիծը 1 տարվա բանտարկություն եւ 45 հազար եվրո տուգանք է նախատեսում ժխտողականների համար:

Թուրքիան անմիջապես հայտարարել է, որ ԱԺ-ի որոշումը «ծանր հարված» է ֆրանս-թուրքական հարաբերություններին: Թուրքիայի պաշտոնական տեսակետն արտահայտող Հանրային հեռուստատեսությունն իր հաղորդումը հեռարձակել է «Պատմական սխալ Ֆրանսիայից» վերնագրով:

Ֆրանսիական լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են ԱԺ-ի քվեարկությանը: «2001 թ. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած ԱԺ-ն հոկտեմբերի 12-ին դրա ժխտումը դարձրեց բանտարկության ենթակա», գրում է «Ֆիգարո» թերթը, ավելացնելով, որ օրինագիծն ընդունվել է 106 կողմ եւ 19 դեմ ձայներով: Մասնավորապես կողմ են քվեարկել Ժողովրդական շարժման միության 49, Սոցկուսի 40, Ֆրանսիայի ժողովրդավարության միության 7, Կոմկուսի 6 պատգամավորներ եւ 4 անկախ պատգամավորներ: Դեմ են արտահայտվել ԺՇՄ-ի 17 եւ Սոցկուսի 2 պատգամավորներ:

Ինչպես տեսնում ենք, օրինագիծն ընդունվել է «կողմ» ձայների զգալի գերակշռությամբ: Դա պայմանավորված է ազատ քվեարկությամբ (կառավարությունը չէր մասնակցում քննարկմանը): Նախատեսվող պատիժներն ընդունված օրինագիծը նույնացնում են Հոլոքոսթի ուրացման համար Ֆրանսիայում արդեն գործող օրենքի հետ:

Պատգամավորները մերժել են Պատրիկ Դեւեջյանի առաջարկած ուղղումները, որոնցով նախատեսվում էր հիշյալ պատիժները չտարածել գիտահետազոտական աշխատանքների ոլորտի վրա:

«Մոնդ» թերթը մեջբերում է Դեւեջյանի հետեւյալ խոսքերը. «Թուրքիան չի կարող կարծիքի ճնշման հարցում մեզ դաս տալ, քանզի հենց Էրդողանի կառավարությունն է ընդունել թիվ 301 օրենքը, որը բանտարկությամբ պատժում է ցեղասպանության փաստը հաստատողներին»:

«Այս օրինագիծը խոշոր առաջընթաց է Հայ դատի եւ առհասարակ մարդկության դատի համար: Սա առաջին քայլն է, որին կհաջորդեն այլ քայլեր», ընդգծել է կոմունիստ պատգամավոր Ֆրեդերիկ Դյուտուան:

«Մոնդն» արձանագրում է, որ նախագահ Ժակ Շիրակի հայաստանյան այցելության ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ԵՄ անդամակցության նախապայման դարձնելը վերջին տասնօրյակում փոխել է տրամադրությունները նույնիսկ Ժողովրդական շարժման միության խմբակցությունում, որը նախապես դեմ էր օրինագծին, հետո որոշեց չմասնակցել քվեարկությանը, դրանով իսկ նպաստելով օրինագծի ընդունմանը:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենթ Արընչը քվեարկությունն անվանել է «ամոթալի եւ թուրք ժողովրդի հանդեպ թշնամական որոշում»: Անկարան զգուշացրել է, որ օրենքի ընդունման դեպքում ֆրանսիական ֆիրմաները Թուրքիայում կզրկվեն շահավետ գործարքներից:

Եվրոհանձնաժողովը եւս քննադատել է ԱԺ-ի որոշումը: «Եթե այդ օրենքն ուժի մեջ մտնի, ապա կխանգարի տվյալ հարցում հաշտեցմանն ուղղված երկխոսության հաստատմանը», նշվում է հանձնաժողովի հայտարարության մեջ: Ըստ Բրյուսելի, ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման չէ:

Պ. ՔԵՇԻՇՅԱՆ
ազգ.ամ

Գործընթացը գնում է առաջ: Վերջին հանգրվանը պետք է լինի Թուրքիայի ընդունումը, զղջումը ու փոխհատուցումը