Մենաներկայացում. նախագահ Սարգսյանն իր պաշտոնավարման առաջին օրը
Ջոն Հյուզ
«ԱրմենիաՆաուի» խմբագիր
Published: 10 Ապրիլ, 2008
Ես ուզում եմ վերադառնալ
Դեպի ներս` քեզ հետ
Լիթլ Էնթոնի «Դրսում կանգնած` ներս նայելիս»
Նա միայնակ մարդու տեսք ուներ:
Օպերայի շենքի հարթակում կանգնած` սեփական ժողովրդից ապահով հեռավորության վրա (բարձրաստիճան շքախումբն էլ, երևի, հետևում էր նրան հեռուստատեսային մոնիթորով), նախագահ Սերժ Ա. Սարգսյանը շա~տ-շա~տ միայնակ մարդու տեսք ուներ:
Նա արդեն 30 րոպե նախագահ էր, և սա նրա առաջին քայլն էր այդ պաշտոնում` ստանձնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարությունը: Զորքն էլ պետք է քայլերթով ողջուներ իր հրամանատարին:
Սակայն շքերթը վերածվեց պաշտոնակալության օրվա ֆարսի, և նույնիսկ պետական քարոզչահեռուստատեսությունը չկարողացավ մոնտաժել Հայաստանի երրորդ նախագահի առաջին րոպեների անհեթեթությունը:
Այդ օրը, երբ նախագահ Սարգսյանը պետք է ողջուներ իր ժողովրդին, նա այդ ժողովրդից վախենալու պատճառներ ուներ: Նրան ձայն տված ընտրողների 52,8 տոկոսը սահմանադրորեն պահանջում էր, որ նա դառնար նախագահ: Սակայն նույնիսկ նրանց չէին թողել մոտենալ Օպերայի շենքին, որպեսզի ցույց տային իրենց սերը:
Այն մարդը, որի կուսակցությունը մի քանի շաբաթ առաջ ավտոբուսներով հազարավոր մարդիկ էր բերել հետընտրական հանրահավաքի, այժմ կանգնած էր իր անվտանգությունն ապահովող ուժերի արգելապատնեշի հետևում: Ընդ որում, այդ պատնեշն այնքան արդյունավետ էր, որ հեռուստատեսությամբ երևում էր միայն ամայի տարածք, որից այն կողմ Սերժ Սարգսյանի ժողովուրդն էր:
Նա անվտանգ էր: Նա անձեռնմխելի էր: Նա անհասանելի էր:
There were many detours on Inauguration day
Նրա հետ էր նրա բանակը, և զինվորները հանդիսավոր քայլերթով անցան նրա առջևով` դատարկ սրճարաններով շրջապատված Օպերայի շենքի բակով` մինչև հետնամասում իրար գլխի կուտակվելը:
Նա եղել էր նրանց պաշտպանության նախարարը, իսկ այսօր ինքն ուներ նրանց պաշտպանության կարիքը: Պատերազմի հերոս Սերժ Սարգսյանը, ով քաջաբար դիմագրավել էր թշնամական Ադրբեջանի ոտնձգություններին, փակել էր Երևանի փողոցները` անհարմարություններ ստեղծելով հազարավոր քաղաքացիների համար` թույլ չտալով մայրերին իրենց զավակներին դպրոց տանել, տաքսու վարորդներին օրվա հացի փող վաստակել, քանի որ այդ օրը, որը պետք է դառնար ազգային համերաշխության օր, վախենում էր սեփական ժողովրդից:
Բաղդադից երեք հարյուր մղոն դեպի հյուսիս` Երևանը պաշտոնակալության օրով ստացել էր սեփական «կանաչ գոտին»: Դրա մեղավորներից մեկը` նորընտիր նախագահը, մեն-մենակ կանգնած էր կարմիր գորգի վրա, և նրա միակ հանդիսականը հեռուստախցիկն էր: Մյուսը` Լևոն Տեր-Պետրոսյանը, հավանաբար, հետևում էր նրան մարտի 1-ից փաստորեն տնային կալանքի սեփական «բոժոժից»:
Ոչ ոք չէր կարող մեղադրել նախագահ Սարգսյանին վախենալու համար, և հարթակում նրա կանգնելը` երկու թաղամաս անվտանգության գոտու հետևում, ինքնին քաջության նշան էր: Այն, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նրա կողքին չէր, կարող էր ցույց տալ, թե նրանից ինչ խիզախություն էր պահանջվել այստեղ կանգնելու համար:
Իսկ այդ ժամանակ քաղաքում իրենց նորընտիր նախագահից օտարված մարդիկ, որոնց նա պետք է առաջնորդի, նայում էին հեռուստացույցի էկրանին, իսկ հետո փողոցներին` իմանալու, թե երբ են իրենց կրկին թույլ տալու տեղաշարժվել ազատ մարդկանց նման:
2001-ին այցելելով Հայաստան` Հովհաննես Պողոս Երկրորդ պապն արժանացավ փողոցների երկայնքով շարված հազարավոր մարդկանց խանդավառ ընդունելությանը:
2006-ին այցելելով Հայաստան` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն արժանացավ փողոցների երկայնքով շարված հազարավոր մարդկանց խանդավառ ընդունելությանը և նույնիսկ շեղվեց արարողակարգից, որպեսզի սեղմի այդ մարդկանց ձեռքը:
Իսկ այս օրը, որը պետք է դառնար լավագույնը Սերժ Սարգսյանի կյանքում, քաղաքի կենտրոնական փողոցների մայթերին կանգնելն արգելված էր: Եվ այսպիսով, Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահն ընդունեց քայլերթն ու վերադարձավ Օպերայի շենք, որտեղ սպասում էին նրա վտահությունը վայելող բարձրաստիճան պաշտոնյաները:
Սկսվում է մերժված ժողովրդի մերժված նախագահի պաշտոնավարման ժամկետը:
Էջանիշներ