«ՇԱՏ ՍՊՈՌՆԻ ՀԱՐՑ Ա ԿՈՄԻՏԱՍԸ...»
«Բարի ուշ գիշեր, հայեր» ծրագրի նախօրեի եթերը խոսուն վկայությունն էր այն բանի, որ մեր երկիրը տգետների, դիլետանտների ու փինաչիների բուռն եւ ակտիվ գործունեության օջախ է դարձել: Հրանտ Թոխատյանի հյուրերն էին Սպիտակցի Հայկոն, Եղիշը եւ Պրոֆը: Վերջին երկուսին ես էլ չգիտեի, բայց ծրագրի ընթացքում հասցրի ոչ միայն ճանաչել Եղիշին ու Պրոֆին, որ, պարզվում է, կոմպոզիտոր- երգահան ու գործիքավորող են, այլեւ համոզվել տգետի, դիլետանտի ու փինաչու անսահման բթության մեջ եւ նրանում, որ համառ, անծակոտկեն ու ճնշող է բթությունը:
Եվ այս համոզվածությունը պայմանավորված չէ միայն նրանով, որ երեքն էլ խորին մոլորության մեջ են, թե ռաբիս երաժշտություն են մատուցում, այլեւ նրանում, որ նրանց անհայտ ծագման մատուցածն է հենց հայկական երաժշտությունը եւ ուրիշ ոչինչ չի կարող հայկական լինել: Ուրեմն, այս Պրոֆը համոզված է, որ անհայտ ծագման երաժշտության մեջ հնչեցրած կլկլոցները, որոնց ինքը նրբորեն մելիզմ էր կոչում, մերն են, այլ ոչ թուրքերինը եւ որ ժամանակն է տեր կանգնել սեփական կլկլոցներին. «Ո՞նց ենք ասում` դա մերը չի.... Մերն ա, բա ո՞ւմն ա.... Ո՞ւր էր թուրքը, որ մենք արդեն ունեինք երաժշտություն, շարականներ, տաղարան.... Տես ես ո՞ւր եմ գնում` միջնադար եմ հասնում.... Մենք ենք իրանց սովորացրել... Հիմա ուրիշ ժամանակաշրջան ա, տրանսֆորմացվել ա, խառնվել ա, տարիներ ա անցել... Մենք լիքը հող ենք կորցրել, սար ենք կորցրել, թողել ենք թուրքերին, բայց ոնց կարող ա մյուզիք չտայինք... ամեն ինչ էլ տվել ենք ...»... Ու վերջում Պրոֆը հանգում է մի պատմական դարակազմիկ ճշմարտության` «....Այ տենց ենք ասել, որ հողերը մնաց իրանց...».... Այստեղից` հետեւություն. շարունակենք կլկլացնել ավելի եռանդով` քրքրելով կոկորդի ամենախորքերը, քանզի միայն այս դեպքում թուրքերը կհասկանան, որ մենք այլեւս տեր ենք մեր հողերին:
... Կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ Եղիշին, Սպիտակցի Հայկոյին ու Պրոֆին, կարելի էր ուղղակի փոխել հեռուստաալիքը` բանի տեղ չդնելով, թե ինչ են ասում, ինչ եզրահանգումների են գալիս.... Բայց այս Պրոֆը, իսկապես, համը հանում էր իր` մինչեւ միջնադարի խորքերը հասնող շուրջերկրյա ճանապարհորդություններով, վերլուծություններով, եզրահանգումներով, ազգային նեղմիտ սնապարծությամբ, որ բխում է միայն ու միայն տը-գի-տու-թյունից ու մեկ էլ մի ուրիշ հանգամանքից, որի մասին ստորեւ դեռ կխոսենք:
Ուրեմն, Պրոֆը կասկածի տակ դրեց ոչ միայն Օֆելյա Համբարձումյանի, Ռուբեն Մաթեւոսյանի, Հովհաննես Բադալյանի մատուցած երաժշտությունը` «Դա ուրիշ կուլտուրա ա, ուրիշ երաժշտություն, որ ուրիշ բանի համար ա ծառայում: Դա կոմունիստական շկոլայի ներկայացուցիչ ա... Էն ժամանակ ո՞նց էր` 15 տարբեր երկրների վրա նույն ռազնարյատկան էր... Նույն ձեւով արվեստի մեջ էր... Դա կոմունիստական ժամանակաշրջանի երգեցողություն ա ընդամենը», այլեւ ոչ ավել, ոչ պակաս` Կոմիտասին: «Շատ սպոռնի հարց ա Կոմիտասը: Չեմ ուզում էս թեման բացեմ` ինձ հետաքրքիր չի.... Բայց պետք չի Կոմիտասին շատ մեծացնել, էլի... Ինքը վերսիա ա առաջարկել, որը շատ-շատ հարցերում սպոռնի ա... Լիքը ուրիշ ալտերնատիվա եղել ա, կա ու կլնեն... Պետք չի Կոմիտասով սահմանափակվել իրա ռամկեքի մեջ, շատ ա խանգարում մեզ բոլորիս...»... Այստեղ Արայիկը Լոս Անջելեսից փորձեց հակադարձել. «Ասելով, որ այդ մելիզմները մերն են, էլի եմ ասում` վիրավորում ենք Կոմիտասի հիշատակը: Իհարկե, այդ ժամանակաշրջանում էլ ռեգիոնում ամեն ինչ խառնված էր, բայց Կոմիտասը մաքրել է հայ երաժշտությունը օտար մելիզմներից եւ ներկայացրել մաքուր հայկական երաժշտությունը...»... «Բայց ինչի՞,- ոչ մի կերպ չէր հասկանում եւ ընդհատում էր Պրոֆը` որպես վերոհիշյալ որակումների դասական օրինակ, եւ մեկնաբանում- որպեսզի եվրոպացին հասկանա, որպեսզի նորվեգացին կամ շվեդը, կամ դանիացին, կամ գերմանացին, որը որ մեր երաժշտությունից ընդհանրապես բան չի էլ կարա հասկանա, իրանցը քառակուսի երաժշտություն ա, դրա համար Կոմիտասը տենց մատուցել ա, որ հայկական մելիզմները ընկալեն իրանք: Բայց իրանք էդ արյան կոդը չունեն»...
Ու քանի որ Պրոֆը խոսք բացեց արյան կոդի մասին, ակամա սկսեցի մտածել հենց Պրոֆի արյան կոդի խառնակության հավանականության շուրջ: Եվ կասկածներիս հիմնավորումը ոչ միայն Պրոֆի` Բաքվում ծնված-մեծացած լինելու փաստի եւ թուրքական կլկլոցները կույր մոլուցքով սեփականը համարելու առիթով է, քանի որ որեւէ բան միայն արյան կանչով կարող է այդքան հարազատ լինել, այլեւ թուրքի կամ ադրբեջանցու` թշնամուն ոչնչացնելու համար սրբությունները, մշակույթը պղծելու բնազդը: Ու սա բոլորովին էլ չափազանցություն չէ. Պրոֆը երեկ «Արմենիայի» եթերից անարգել պղծում էր հայկական երաժշտությունը եւ հայոց լեզուն: Իսկ Հրանտ Թոխատյանը մեծահոգաբար հանդուրժում էր, անգամ պաշտպանում Արայիկի հակադարձումներից, որ ուղղակի թեթեւակի հարվածներ էին Պրոֆի համար, քանի որ, ինչպես նշեցի, համառ, անծակոտկեն ու անսահման է բթությունը: Հրանտ Թոխատյանը վերջում փորձեց արդարացնել իր պահվածքը` պատճառաբանելով, թե ինքը տան տերն էր եւ չէր ուզում նեղացնել իր հյուրերին: Շարունակելով արյան կոդի թեման` պետք է նշել, որ այս պահվածքն էլ ժառանգականության վտանգավոր կոդերից է` միշտ ու հիմա էլ տանտիրոջ իրավունքով սրբությունները պղծողին հանդուրժելը:
Հ.Գ. Պրոֆը քիչ թե շատ «պրիզնատ» էր գալիս Սայաթ-Նովային. «Սայաթ-Նովան էպոխա ա, ինքը ապրել ա մոտավորապես 250-300 տարի առաջ, բայց էսօր էլ իրան երգում են թուրքերն էլ, ադրբեջանցիներն էլ, հայերն էլ»: Փաստորեն, երգահան-կոմպոզիտոր-գործիքավորող Պրոֆը մինչեւ հիմա չի զանազանում թուրքական երաժշտությունը հայկականից, այլեւ ժողովրդական երաժշտությունը գուսանականից, ռաբիսը` մելիզմների այլանդակ խառնակությունից: Եվ հիմա պետք է ոչ թե պայքարել ռաբիսի դեմ, այլ` հենց խառնակչության այլանդակության, որ ռեստորաններից դուրս գալով ու ամբողջ օրը պտտվելով հեռուստաընկերություններով` ներծծվել է մեր կենցաղի մեջ:
Էջանիշներ