Միասին վերլուծություններ ենք անում, սակայն կուզեի, որ զուգահեռաբար նաև բարձրացնենք տեղեկացվածությունը Նժդեհի գաղափարախոսության մասին: Մի հետաքրքիր վերլուծություն հայտնի նժդեհագետ, ՀՀԿ անդամ Մուշեղ Լալայանի աշխատանքներից: Այսպես.
"Հաճախ, միանգամայն անհիմն, պնդվում է, թե իբր Նժդեհի ուսմունքը ձևավորվել է Ֆ. Նիցշեի գաղափարների ազդեցությամբ: Նժդեհի ուժապաշտ մտածումները, նրա խոսքի վճռական ոճը, իրոք, որոշ նմանություններ ունեն Նիցշեի իմաստասիրության հետ, սակայն կան աշխարհընկալման և բարոյախոսության սկզբունքային տարբերություններ:
Օրինակ, Նիցշեի փիլիսոփայության առանցքը անհատ-գերմարդն է, որը հանդես է գալիս իբրև նպատակ: Նժդեհի ուսմունքի հիմքը Ցեղն է, և ցեղամարդը միջոց է Ցեղի համար: Նիցշեն հակաքրիստոնյա է, մերժում է որևէ զիջում քրիստոնությանը և չի ընդունում որևէ բարեփոխում նրանում: Նժդեհը քրիստոնեամերժ չէ և խնդիր է դնում Հայ եկեղեցու վերագնահատման: Նիցշեն նաև աստվածամերժ է, Նժդեհը` ոչ:
-Հրի'ր ընկնողին,-ասում է Նիցշեն:
-Չարժե և չի' կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը,-ասում է Նժդեհը:
Կարծում ենք, ասվածը բավական է` զերծ մնալու անհիմն եզրակացություններից:"
Էջանիշներ