Կալանավայրում գտնվող քաղբանտարկյալների անունից երեկ ստացանք մի հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Վարչախումբը ցայտնոտի մեջ է: Նրա բոլոր հապճեպ քայլերը ուղղված են մի վերջնական թվացող հանգրվանի՝ երդման արարողության, որով հույս ունեն վերջակետ դնել ավազակապետության վավերացմանը: Այդ նպատակն ի կատար ածելու համար նրանք հղացել են 301 թվականից հաստատված քրիստոնեական ծեսի սահմանված ժամկետը խախտելու սատանայական հնարք. մարտի 1-ի զոհերի քառասունքը Սբ.Էջմիածնում նշել ապրիլի 6-ին: Սա սրբապղծություն է, անբարո քայլ, այժմ էլ՝ ուղղված հանգուցյալների հոգու հավերժական հանգստությունը խանգարելուն:

Խորը ցավ եւ մտահոգություն արտահայտելով՝ գլուխներս խոնարհում ենք նրանց շիրիմների առաջ, ովքեր զոհ գնացին մարտի 1-ի վայրագություններին:

Հայրենակիցներ, մեզ թվում է, որ զոհերի քառասունքի օրը մոմավառություն պետք է լինի նաեւ Ազատության հրապարակում: Մենք ձեզ համախմբվածության կոչ ենք անում ի ավետումն մեր միացության եւ ի նշան միաբանության: Թող հանգցվեն ձեր բնակարանների լույսերը՝ ապրիլի 9-ին, երեկոյան ժամը 21-ին` 1-8 րոպեով` համաժողովրդական հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին: