ԷԼ ՇԱԽՄԱՏ ՉԻ՞ ՍԻՐՈՒՄ
[20:57] 25 Մարտի, 2008
Այսօր Հյուսիսային պողոտայում զբոսնողների այն կարծիքը, թե զբոսանքը կավարտվի առանց միջադեպերի` խաբկանք էր: Ժամը 20-ի սահմաններում, երբ արդեն մթնշաղ էր, ոստիկանները խմբերով սկսեցին մոտենալ պողոտայով զբոսնողներին եւ նրանց ձեռքերը ոլորած տարան դեպի ոստիականության մեքենաներ:
Այսօր ձերբակալեցին եւս 4 քաղաքացու: Նրանցից մեկը մոտ 20-23 տարեկան մի երիտասարդ էր, որը կանգնած ՚Ազատությունՙ ռադիոկայանի լուրերն էր լսում: Ձերբակալվողների հետեւից հիմնականում վազում էին կանայք, սակայն ոչնչով օգնել չէին կարողանում:
՚Աստծու անեծքը ձեր գլխին: Բա՞ դուք մայր ունեք, բա՞ ձեզ հայ կին է բերելՙ,- լացելով ասում էր մի կին, որը պատմում էր, որ իր կողքին կանգնած երիտասարդը ոչինչ չէր անում: 4 հոգու ձերբակալելուց հետո, որոնցից մեկը կին էր, Հյուսիսային պողոտան կրկին լուսավորվեց եւ մարդիկ սկսեցին հեռանալ` անիծելով իշխանություններին: Այսօր Հյուսիսային պողոտայով զբոսնողները չէին կարծում, որ իշխանությունները կցրեն հանգիստ զբողսնող մարդկանց` նկատի ունենալով, որ կհարգեն նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի, որի մահվան առաջին տարելիցի առիթով նույն ժամին Օպերայում հուշ երեկո էր:
Ի դեպ, քաղաքական զբոսանքի մասնակիցներից շատերը այսօր շախմատ էին խաղում պողոտայի նստարնների վրա: Այս փաստը առնվազն պետք է արժանանար վարչապետ, ԿԸՀ-ի կողմից ՀՀ նախագահ ճանաչված Սերժ Սարգսյանի ուշադրությանը, որ միաժամանակ նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը այլեւս շախմատ չի սիրում, կամ նրան չէին զեկուցել, որ Հյուսիսային պողոտայում հավաքվածները ընդամենը շախմատ էին խաղում:
http://www.a1plus.am1/amu/?page=issue&iid=58817
Էջանիշներ