Մայիս

Պարզվում է, որ Հին Հռոմում էլ են մայիսյան տոնախմբություններ և հանդիսություններ եղել։ Դրանք կոչվել են majuma [մայումա]. և այս բառին ինչքա՜ն մոտ է հնչում ռուս. маёвка-ն, որով անվանում էին Մայիսի 1-2-ի տոնական զբոսապտույտները։
Ահա գարնանային այս զվարթ ամիսը հռոմեացիները կոչել են Majus, ավելի ամբողջական՝ Majus mensis, այսինքն` «Մայայի ամիս», անգլ. May, ֆր. mai, գերմ. Mai, ռուս. май։ Իսկ ո՞վ էր այդ Մայան։ Այս անունով հռոմեացիները կոչել են երեք դիցուհիների: Սակայն մայիս ամսանունն ավելի շուտ կապվում էր նրանցից մեկի` Ֆաունաս աստծո և Մարիկա հավերժահարսի դստեր հետ, քանզի նա աստվածուհին էր գարնան, աճման ու բարգավաճման, բեղմնավորության և առատության։
Նման անվանակոչությունը հատկանշական է նաև նրանով, որ սա առաջին դեպքն է, երբ ամսվա ճակատը պսակվամ է գեղեցիկ սեռի ներկայացուցչի` կնոջ անունով, մինչ մյուսներից շատերը նվիրված էին այրերի հիշատակին` աստվածներ լինեին, թե պատմական իրական դեմքեր:
***
Եթե Հին Հռոմում 5-րդ ամսին գարուն էր, ապա Հայաստանում` խորունկ ձմեռ. այդ ամիսը համապատասխանում է հայոց անշարժ տոմարի դեկտեմբերի 9-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածին: Այս ամսին մեր նախնիները, խոնջացած ամառային ու աշնանային ծանր գործից, փակվում էին ձյունե սավանով պատված իրենց տներում, իսկ նրանց անասունները, ձմեռային նույնպիսի «բանտարկության» մեջ, զուգավորվում էին. դրա համար էլ հայոց 5-րդ ամիսը կոչվում էր քաղոց, որ փաստորեն նշանակում է «անասունների խառնից` զուգավորության (ամիս)»։ Այս բառի արմատն է քաղ, դեռևս չստուգաբանված մի արմատ, որ նշանակում էր թե´ «անասունների զուգավորություն», թե´ «նոխազ, արու այծ» (քաղել բայի հետ կապ չունի)։