ՈՐՏԵ՞Ղ ՊԱՀԵԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԵԶԵՐԸ
- Որտե՞ղ, իհարկե պահեստներում,- պիտի պատասխանեիք դուք:- Կամ էլ, ծայրահեղ դեպքում խանութում։
Եթե մեր նախնիներին դիմեինք, նրանք հենց սկզբից կասեին՝ խանութում։
Խանութ բառը առաջին հերթին նշանակել է... «մթերված բան, դեզ». «...Քանզի և լերինք արծաթոյ յայտնեցան յաշխարհիս Հայոց առ ի հանել ի նոցունց խանութս արծաթոյ զտոյ ի պէտս մարդկան յաւուր իշխանության նորա» («Նրա՝ Մահմետ Մահադի ամիրապետի իշխանության օրոք Հայոց աշխարհում հայտնաբերվեցին արծաթի լեռներ՝ նրանցից հանելու համար զուտ արծաթի դեզեր, ի պետս մարդկանց»– Ղևոնդ Մեծ Պատմիչ, 8-րդ դար)։
Հետո խանութ սկսեց նշանակել այն տեղը, ուր մթերված բաներ, դեզեր են դնում, այսինքն՝ «մթերանոց». «...Եւ բացեալ [ը]զխանութս գանձուցն արքունեաց՝ սփռէր զօրացն («Եվ բանալով արքունի գանձերի մթերանոցները՝ ցրում-բաժանում էր զորքերին»- նույն հեղինակ):
Իսկ «մթերանոց»–ից մինչև այժմյան «կրպակ»-ն ու «խանութ»-ը, ինչպես ասում են, կես քայլ է մնում։
Ահա այսպիսի իմաստային բարեշրջություն է ունեցել մեզ բոլորիս ծանոթ խանութ բառը։ Մնում է ավելացնել, որ մեր նախնիները այն փոխ առել են ասորիներից։
Ոչ միայն մեր նախնիները, այլև արաբները, որոնք մինչև օրս էլ իրենց լեզվում ունեն հաանո´ւութ բառը, որ նշանակում է «կրպակ, գինետուն», հաանուութի´յյուն «խանութպան» բայց և... «դագաղագործ»։![]()




Մեջբերել
Էջանիշներ