Սոցքարտերի հետեւանքները
Քարտը պարտադրվում էր միայն խեղճուկրա՞կ մարդկանց
Շիրակի մարզում մեծ թիվ են կազմում սոցիալական քարտերից հրաժարված քաղաքացիները: Թեեւ այսօր Սահմանադրական դատարանի թիվ 649 որոշմամբ մարդիկ կարող են սեփական ցանկությամբ սոցքարտեր ձեռք բերել եւ այն այլեւս չի պարտադրվում, սակայն այս տարիներին քարտերի դեմ պայքարողները մի շարք տառապանքների միջով են անցել:
Երեկ Գյումրիի «Ասպարեզ» ակումբում Վանաձորի Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը սոցքարտերի պատճառով տասնյակ տուժածների դժբախտ պատմություններ ներկայացրեց:
Ըստ կենտրոնի ներկայացուցիչների, գյումրեցիներից մեկը սոցքարտից հրաժարվելու պատճառով երկար ժամանակ աշխատավարձ չի ստացել, գործատուն չի վճարել նաեւ նրա կնոջը, ինչի պատճառով էլ նրանց մոտ թերսնուցում է սկսվել, ու պարբերաբար կրկնվող գլխապտույտներից հետո մարդը մի օր ընկել ու գլխի ծանր վնասվածք է ստացել: Նրան վիրահատել են: Ամփոփելով սոցքարտերի պատճառած վնասները՝ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ Գեւորգ Մանուկյանն ասաց, որ նաեւ մահվան դեպքեր են եղել: Նրանց տվյալներով, մայրաքաղաքում սոցքարտերի պատճառով երեք մարդ է մահացել. «Երբ այս մասին հայտնում էինք, իշխանություններն ասում էին, թե մարդիկ իրենց բնական մահով կամ հիվանդության պատճառով են մահացել»: Սոցքարտերից հրաժարվելու պատիժները կրել են հիմնականում հասարակ, թափ չունեցող մարդիկ: Մինչդեռ, ըստ կենտրոնի ներկայացուցիչների,
Վանաձորի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Վանաձորի քաղաքապետի տեղակալը եւ քաղաքապետարանի ֆինանսների բաժնի պետը բացահայտ քարտերից հրաժարվել են, բայց զրկանքների չեն ենթարկվել:
Ըստ Գ. Մանուկյանի, սոցքարտերի պարտադրանքը կրակն էր գցել նաեւ գործատուներին. նրանք չէին կողմնորոշվում՝ լավ աշխատողին ազատե՞լ, թե՞ նրա պատճառով տույժ-տուգանքներ մուծել:
Կենտրոնի փոխնախագահ Արայիկ Պապիկյանի խոսքերով, սոցիալական քարտից հրաժարվել է 450 հազար մարդ. «Նրանք 20 ամիս շարունակ պետության կողմից կենսաթոշակ ու աշխատավարձ չեն ստացել: 530 հազար կենսաթոշակառուից մինչեւ Սահմանադրական դատարանի որոշման օրը 1317-ը չի ստացել թոշակ»:
Կառավարությունը սոցքարտից հրաժարվածների պարտքուպահանջը խոստանում է վճարել ամենաուշը մեկ ամսից: Իրավապաշտպանները, խոսելով դատական համակարգի ու վերեւների պահանջը կատարող դատավորների մասին, որպես ամենահամարձակի առանձնացրին Շենգավիթի առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին: Նա բավարարել էր սոցքարտից հրաժարված կենսաթոշակառուներից մեկի հայցը, իսկ մյուսներն, առանց բացառության, մերժել էին հայցվորներին՝ դողալով իրենց աթոռների համար:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Էջանիշներ