Լավն է

ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 3
(ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՍ, ԱՐԱԳ ԱՐԱ)


Դարեր շարունակ իրական պայքարներից ետ վարժված լինելով` 1988-ին մեզ թվում էր, թե ամեն բան հարթ պետք է ընթանար, Մոսկվան արագ պիտի վերցներ Ադրբեջանից Ղարաբաղն ու Նախիջեւանը, աշխարհը` Թուրքիայի կեսից ավելին, ու մեզ պիտի տային: Իսկ դրա համար բավարար էր, որ մենք Շիրազից բանաստեղծություն արտասանեինք, երգեինք հայդուկային մի քանի երգ, աշխատանքից հետո գայինք Ազատության հրապարակում «պայքարելու» մի քանի ժամ, ու եթե պետք է` նաեւ գործադուլ անեինք: Կյանքը ցույց տվեց, որ ամեն բան գին ունի: Ու թեեւ ցույց տվեց, սակայն երկար ժամանակ չէինք հաշտվում մեզ համար անբնական այդ իրողության հետ. մեզ համար միակ կատեգորիան պատմական արդարությունն էր, այն էլ` միայն մեր տեսանկյունից եւ շատ արագ: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության շրջանում, կարծես թե, ոչ մի անգամ մեզ հանգամանալի ու սրտակից չբացատրեց այդ գնի օբյեկտիվությունը: Իր թիմն էլ դա չարեց: Տեր-Պետրոսյանի` միայն բարձր մտավորականի համար նախատեսված քարոզչությունը չբավարարեց մեզ, ու մենք գրեթե ամբողջ ժողովրդով սկսեցինք աստիճանաբար երես թեքել: Նա հեռացավ 1998-ին: Չանցած մեկ տարի ես հասկացա, թե ինչ ենք կորցրել: Բայց իմ այդ հասկանալու մեջ դարձյալ ոչ մեկ կաթիլ ավանդ չունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայաստանի քաղաքացիները եւս հասկացան, բայց արդեն 2007թ. սեպտեմբերից, երբ նա հաճեց հանգամանալի ու նույն հարազատությամբ, ինչը կար 1988-1992թթ., բացատրել մեր երկրի մարտահրավերների մասին: Ու ժողովուրդը, որ նեղացած էր իր երբեմնի ամենասիրելի զավակից ու ամնաանհավանական մեղքերն էր բարդել նրա վրա, մեկ ակնթարթում հասկացավ: Հասկացավ, ու վերացավ նույնիսկ ներման խնդիրը, քանի որ ներում են մեղավորին, իսկ նա մեր եզակի մաքուրներից էր ու ամենաիմաստունը, ինչպես պարզվեց: Բայց միեւնույնն է` ես մինչեւ հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու նա, ասենք, 1992-ին կամ 1994-ին չարեց նույնը: Չէ՞ որ նա Գիտեր բաներ, որ թեկուզ ակնարկելու դեպքում` մենք չէինք խորթանալու ո՛չ իրենից, ո՛չ էլ մեր երկրից, ձեռքներս չէինք գցելու վազգենմանուկյանական կամ դաշնակցական արկածախնդրության փրփուրներին, մեր երազներն այնպես չէինք մանրացնելու, որ օրվա «հերոս» ու «փրկիչ» ընկալվեին հիրավի մանր անձինք:

Իմ անհասկացողությունը մի կողմ թողնենք: Դա ես ասացի այն պատճառով, որ հիմա էլ սկսել եմ կասկածել, թե գուցե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդպիսի բաներ Գիտեն, որ մեզ «լայաղ» չեն անում ասել: Ասելու դեպքում` մենք գուցե կհասկանայինք, գուցե չէր լինի այս աննախադեպ ատելությունն իրենց հանդեպ, ինչը թանձրացավ մարտի 1-ի արյամբ: Գուցե իրականու՞մ ասելիք կա. էլ ինչու՞ սպասենք եւս 10 տարի:

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի ասեր, թե պատերազմն ինչ արժե, թե մեր ընտրանքը պետք է լինի Ղարաբաղի ազատության ու մեր բարեկեցության միջեւ, մեր ազգային արժանապատվության ու ջերմություն ունենալու միջեւ, ապա ի՞նչ պիտի ասեն սրանք, թեկուզ 10 տարի անց:

Ու այժմ, ցանկանալով հանդերձ, չեմ հասկանում, թե ի՛նչ կարող են ասել, որ ես էլ հետո ինձ չմեղադրեմ, թե ինչու եմ ելել իրենց դեմ, ուստի փորձում եմ տարբերակներ. փորձում եմ ու ի ցավ սրտի` չեմ գտնում: Պիտի ասեն, որ հանուն հայրենիքի՞ էր խաղաղության պայմաններում Ղարաբաղը Երեւանում դատարկելը, որ հանուն պայծառ ապագայի՞ էր, որ Ազգային ժողովի պատգամավոր են Սարգսյանի կրթություն չունեցող եղբայրն ու մականունավորները, եւ խորհրդարանական «ազնիվ» մրցապայքարու՞մ են նրանք Հայաստանի քաղաքական դաշտից դուրս թողել իրական քաղաքական գործիչներին: Գուցե բացատրե՞ն, ու մենք էլ հասկանա՞նք, որ հանուն Հայաստանի Հանրապետության պետք է, որ ձերբակալվածը ոստիկանության պատուհանից դուրս նետվի, պետք է, որ մահապատժի վերացած լինելու պատճառով` փողոցներում կրակվի անցանկալիների վրա ու սպանվեն նաեւ անմեղ անցորդներ: Գուցե համոզիչ ասե՞ն, որ հանուն մեր մեծ երազի` այսօրվա համաշխարհային խաղի կանոններով պետք էր, որ բոլոր ընտրությունները մի տասը տարի կեղծվեին:

Հանուն հայրենիքի ու պայծառ ապագայի հասկանալ կարելի է համատարած, բոլորի համար հավասար ցուրտը, խավարը, քաղցը, բայց չեն տեղավորվում ամենօրյա նվաստացումը, օրենքի իսպառ բացակայությունը, կամայականությունները, լրատվական սուտը, կեղծիքը, մշակութային անկումն ու ակկոյունլիացումը:

Իսկ եթե, այնուամենայնիվ, կան այդ ասելիքները, ապա թախանձագին խնդրում եմ նրանց` թող ազնվորեն ու անկեղծ ասեն, մենք հասկացող, սիրող, ներող ժողովուրդ ենք: 10 տարի հետո նրանք ներում չեն ունենալու, քանի որ արյուն է թափված. եւ թափված է նրանց արյունը, ում զավակների արյան գնով է ձեռք բերվել մեր այսօրվա ամբողջ ունեցածը` ազատ ԼՂ-ն, հարակից տարածքները, փխրուն խաղաղությունը: Ուզում է` թող տասը հազար հեռուստաալիքով օրը 24 ժամ խաբեն, թե ես ու ինձպեսներն ենք թափել արյունը, երբ Ազատության հրապարակում քնած ենք եղել գարնան առաջին արեւածագին, միեւնույն է` այլեւս հասկացող ժողովուրդը տեսել է իրականությունը եւ չի հավատալու, թեկուզ «երկինք ու երկիր էլ անցնեն»: Թող ոստիկաններին համոզեն, որ ես հանցագործ եմ եւ ինձ մի լավ մշակել է պետք, միեւնույն է` նրանք շարունակելու են հարգել ինձ եւ խորշել նրանցից, ում հրամանն այսօր ցավոք ստիպված են կատարել:

Ասացե՛ք, քանի դեռ ուշ չէ: Ասացե՛ք, եթե ասելիք կա: Վաղը ուշ է լինելու, քանի որ ամեն օրը մի նոր անեծք է բարդում ձեր եւ ձեր հետագա սերունդների վրա. դուք, գլուխը կորցրած, նոր մեղքերի տակ եք մտնում: Դուք կալանավորում, ձերբակալում ու լլկում եք Սուրեն Սուրենյանցի նման լուսե տղայի. քրեական տականքի միջոցով, որին համազգեստ եք հագցրել, խոշտանգում եք ձեր պապերի Ղարաբաղն ազատագրած հրամանատարին ու ազատամարտիկին. դուք ծեծում եւ անճանաչելիության աստիճանի աղավաղում եք «Ղարաբաղ» (հիշե՛ք` ձեր վիրավոր հայրենիքի անունը կրող) կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին. դուք հացադուլի եք նստեցնում եւ խուզարկում եք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի տունը ու, ոչինչ չգտնելով, նրա դստրիկի ձեռքից խլում համակարգիչը. դուք զոմբիացված շանորդիների ոտքերի տակ եք գցում «Ղարաբաղ» կոմիտեի մաքրամաքուր անդամ Սամսոն Ղազարյանին. դուք ոլորում եք 1045-ից ի վեր չեղած մի բանի` մեր պապերի երազի` Պետականության հիմնադրի ձեռքերն ու տնային կալանքի ենթարկում. դուք, տղամարդկությունից խոսելով, ի թիվս այլոց, փողոցային ծեծի եք ենթարկում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու դստերը, դուք` Թումանյանին ու Քոչինյանին իրար խառնողներդ, մի ափ հողն եք զլանում նույն ղարաբաղկոմիտեական ակադեմիկոսի համար մեր մեծերի Պանթեոնում, որի մասին չէիք էլ լսել երեւի ձեր քիրվայության ժամանակներում: Նոր մեղքեր մի՛ կուտակեք. այսքանն էլ բավ է, որ ձեր յոթը պորտը հեծի երկնային նզովքի ու հայ ժողովրդի ատելության տակ:

Ասացե՛ք ձեր ասելիքը, իսկ թե ասելիք չունեք (որ ամենից հավանականն է), ապա արագ արեք այն, ինչ անելու եք: Մեր խաչելությանը սրբազան հարությունն է հետեւելու, իսկ ձեր գիշերային սատանայություններին` հավիտենական կորուստը:


ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ Մարտի 16, 2008թ.
«Նոր Հայաստան» օրաթերթ (ԱՄՆ)